Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դերասանը Սոս Սարգսյանի մասին. «Նա մի ամբողջ էպոխա է»

Հոկտեմբեր 24,2017 15:24

Հոկտեմբերի 24-ը թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Այս տարի վարպետի ծննդյան 88-ամյակն է լրանում:

Aravot.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնի դերասան, ռեժիսոր Կարեն Խաչատրյանը, որը 20 տարի է այդ թատրոնում է, հետաքրքիր հուշեր պատմեց նրա հետ կապված:

«Համազգային թատրոն եկել եմ Սոս Սարգսյանի հրավերով, դա իմ կյանքի նշանակալի պահերից մեկն է եղել: Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնը հյուրախաղերի էր, Սոֆոկլեսի «Անտիգոնեն» էինք բերել Երեւան: Սոս Սարգսյանը ներս մտավ գրիմանոց ու սկսեց ինձ հետ խոսել, ասաց, որ եթե որոշեմ տեղափոխվել, անպայման Համազգային թատրոն գամ: Շատ հուզվել էի իր այդ անսպասելի առաջարկից…»,-հիշում է դերասանը:

Նրա ձեւակերպմամբ, «Սոս Սարգսյանը մի ամբողջ էպոխա է, այնպիսի խտացումներ ու նստվածքներ ուներ մեր թատերարվեստի, գրականության հետ կապված, ընդհանրապես իր հետ խոսելը, շփվելը յուրատեսակ դպրոց էր` անկախ այն բանից, թե ինչ թեմայից էր խոսում: Գնալով ավելի ենք զգում, թե ինչ անհատականություն է հեռացել մեզանից…Այսօր ողջ թատրոնով այցելեցինք իր շիրմին, ծաղիկներ դրեցինք… Մենք պարտական ենք իրեն: Իր հիմնադրած թատրոնը կա եւ շատ կուզենամ, որ այն երկար կյանք ունենա…»:

Կարեն Խաչատրյանն ասում է, որ իր զգեստապահարանի դուռն ամեն անգամ բացելիս ժպտում է, քանի որ մի հետաքրքիր դրվագ է հիշում. «Տարիներ առաջ Գյումրիից արդեն Երեւան պետք է գայի, մի հնաոճ վերարկու գտա մեր տանը, որն ինչ-որ ժամանակ հայրս էր հագել: Ես հագա, ինձ դուր եկավ: Ասացի` պա, էս ինչ հետաքրքիր վերարկու է, հիմա էլ կարելի է հագնել: Ասաց` չէ, տղա ջան, մի հագիր, խայտառակ կլինենք…Հորս չլսեցի, հագա ու էդպես Երեւան եկա: Թատրոնի աստիճաններով բարձրանում եմ վերեւ, դիմացս աստիճաններից իջնում է Սոս Սարգսյանը…Բարեւեցի, ասում եմ` բարեւ ձեզ Սոս Արտաշեսովիչ, ասաց` բարեւ Կարեն ու սկսեց ոտքից գլուխ ինձ զննել, մեկ էլ թե` հլը կաց, էդ ի՞նչ եք փորձում..Ասացի` ոչ մի բան: Վարպետը զարմացավ` բա էս վերարկուն ինչի ես հագել…Այդ վերարկուն այլեւս չհագա…»:

Կարեն Խաչատրյանի խոսքերով, Սոս Սարգսյանն իր ապրած կյանքով, արվեստով, որպես քաղաքացի եւ մարդ, լավ օրինակ է բոլորի համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031