Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավաստագրերի միջոցով լսողական սարքի և հաշմանդամի սայլակի տրամադրման համար իրավական դաշտն ամբողջությամբ ապահովված է

Հոկտեմբեր 24,2017 15:18

Պետական հավաստագրերի միջոցով լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների տրամադրման համար իրավական դաշտն ամբողջությամբ ապահովված է: «Առավոտի» հետ զրույցում այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը:

Նրա խոսքով արդեն մեկ շաբաթ է ինչ սկսվել է կազմակերպությունների որակավորման փուլը, որի ընթացքում հավաքագրվում են այն կազմակերպությունները, որոնք իրավունք կունենան պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրել: Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ որակավորման գործընթացը սկսելու մասին հայտարարությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում, ֆեյսբուքյան էջում, www.azdarar.am հասցեում գտնվող հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում:

«Այս պահին արդեն որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մեկ կազմակերպության, ևս 2 կազմակերպություն արդեն ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը»,-նշում է գլխավոր մասնագետը:

Հարցին, թե արդյոք որակավորման գործընթացը չի երկարաձգի սայլակների և լսողական սարքերի տրամադրումը, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ կառավարության որոշումն արդեն ուժի մեջ է և գործընթացը սկսված է: Սահմանված են հնարավորինս սեղմ ժամկետներ թե կազմակերպության որակավորման գործընթացի իրականացման և թե հավաստագրերի համար դիմելու ու ստանալու: Այս ընթացակարգերի ամբողջական իրականացման համար, ըստ մեր զրուցակցի, նախատեսված է 5 աշխատանքային օր:

Անդրադառնալով որակավորում ստանալու համար անհրաժեշտ չափորոշիչներին՝ Հայկ Մկրտչյանը նշեց.

«Հաշմանդամի սայլակները հավաստագրերով տրամադրելու գործընթացը կանոնակարգելու համար նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվեցին մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերականգնողաբաններ և նախարարության համապատասխան մասնագետներ: Այս խմբի առջև դրված խնդիրներից էր նաև այդ կազմակերպությունների հետ կապված բոլոր գործընթացների հստակ ներկայացումը, որի արդյունքում էլ մշակվեցին չափորոշիչները: Չափորոշիչները մշակելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ: Նախ` այս չափորոշիչներով ընտրված կազմակերպությունները պետք է մատուցեին հասցեական և նպատակային ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրում, երկրորդը՝ պետք է ստեղծվեր հավասար և մրցակցային պայմաններ բոլոր կազմակերպությունների համար»:

Հավաստագրի ամբողջ գաղափարն, ըստ Հայկ Մկրտչյանի, այն է, որ անձը կարողանա ընտրել իր հարմար համապատասխան վերականգնողական պարագա հարմար վայրից, ինչը ենթադրում է, որ որակավորված կազմակերպությունը պետք է ունենա շենքային մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու համար և վերականգնողական պարագաներ տրամադրելու կամ գոնե դեղատնային գործունեությամբ զբաղվելու մասնագիտական փորձառություն: Բացի այդ, ըստ չափորոշիչների՝ որակավորում անցնելու համար կազմակերպություններից որևէ ֆինանսական միջոցներ ունենալու տեղեկանք չի պահանջվում, այլ պարզապես անհրաժեշտ է, որ կազմակերպությունները համաձայնություն տան առանց կանխավճարի մատուցել ծառայությունը, այնուհետև՝ կատարողականների հիման վրա կկազմակերպվի ֆինանսավորումը:

«Ընդհանուր առմամբ չափորոշիչների հիմքում դրված են կարիք ունեցող անձին հասցեական ծառայություն մատուցելը և մրցակցային դաշտի ապահովումը: Բացի այդ չպետք է մոռանալ, որ մինչև հավաստագրերի տրամադրումը լսողական սարքերը և հաշմանդամի սայլակները /շուրջ 1700 պարագա/ տրամադրվում էր մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված միայն մեկ կազմակերպության կողմից, իսկ այժմ շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ պահանջարկ՝ ֆինանսական միջոցներ, որն ինքնըստինքյան կարգավորելու է շուկան, առաջ է բերելու համապատասխան առաջարկ: Այս գործընթացի շնորհիվ մանր և միջին ձեռնարկատերերը նույնպես հնարավորություն են ստանում մասնակցել պետական բյուջեի միջոցներով ծառայություն մատուցելու գործընթացին»-նշեց մեր զրուցակիցը:

Հայկ Մկրտչյանը վստահեցնում է, որ նախարարության կողմից ապահովվում է նաև գործընթացի վերահսկողությունը, որպեսզի շահառուն չտուժի, իսկ կազմակերպություններն էլ տրամադրեն որակյալ ապրանք.

«Հաշմանդամի սայլակի և լսողական սարքի որակի ապահովման նպատակով սարքերի տեխնիկական բնութագրերում ներառված են մի քանի դրույթներ: Մասնավորապես՝ որակավորված կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից տրամադրված պարագաների համար իրականացնել երաշխիքային սպասարկում, այսինքն` կազմակերպության համար պարզապես շահավետ չէ անորակ ապրանք տրամադրել և այնուհետև միջոցներ ծախսել դրանց վերանորոգման կամ փոխարինման համար: Բացի այդ, ի տարբերություն, գնումների գործընթացով հաղթող ճանաչված կազմակերպությունների, այս կազմակերպությունները շահագրգռված են տրամադրել որակյալ ապրանք, հակառակ դեպքում անձը հաջորդ անգամ այլևս ցանկություն չի ունենա այցելել տվյալ կազմակերպություն:

Գործընթացն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով նախարարության համապատասխան մասնագետները հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մշակում են ուղեցույցեր, որոնք թույլ կտան անձանց կողմնորոշվել հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ընտրության հարցում: Ինչպես ասում են՝ իրազեկ սպառողը նաև պաշտպանված է լինելու անորակ ապրանքներ ձեռք բերելու ռիսկերից»,-ընդգծեց Հայկ Մկրտչյանը:

Հարցին, թե երբ է նախատեսվում ավարտել այդ գործընթացը և երբ կսկսվի հավաստագրերի տրամադրումը, հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը պատասխանեց, որ կազմակերպությունների որակավորման գործընթացը շարունակական է: Կազմակերպությունները կարող են յուրաքանչյուր պահ դիմել նախարարություն որակավորվելու համար և դուրս գալ այդ գործընթացից:

«Հավաստագրերի տրամադրման գործընթացը սերտորեն կապված է կազմակերպությունների որակավորման գործընթացի հետ, քանի որ անձը, բացի հավաստագիր ստանալուց, նախարարությունից ստանում է նաև կազմակերպությունների կոնտակտային տվյալները և այլ տեղեկատվություն, ինչը նրան հնարավորություն կընձեռի ճիշտ կողմնորոշվել համապատասխան պարագա ստանալու համար: Հավաստագրերի տրամադրման գործընթացի մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ առնվազն երկու կազմակերպություն որակավորվի որպես միևնույն պարագա տրամադրող կազմակերպություն, որպեսզի մեկ կազմակերպություն ժամանակային առավելություն չստանա մյուսների նկատմամբ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կարելի է փաստել հավաստագրերի տրամադրման լիարժեք մեկնարկի մասին»,-նշեց Հայկ Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031