Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխային ապտակելու համար անձը չպետք է դառնա բռնություն կատարող, իսկ երեխային չպետք է մեկուսացնել». փաստաբան

Հոկտեմբեր 24,2017 14:45

«Մեզ մոտ դեռ վաղ է նման օրենքի ներդրումը»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին, այսպիսի կարծիք հայտնեց «ՋԻ-ԷՅ-Դավթյաններ» փաստաբանական գրասենյակի նախագահ, փաստաբան Գևորգ Դավթյանը:

Փաստաբանը վստահեցրեց, եթե մենք ցանկանում ենք պաշտպանել զոհին, ապա ներկայիս օրենսդրությունը դա թույլ է տալիս:

Ըստ պարոն Դավթյանի՝ ընտանեկան բռնությունների հիմնական պատճառը սոցիալական է, ուստի պետք է ոչ թե Ընտանեկան բռնության մասին օրենքի ներդրման մասին մտածել, այլ քաղաքացիների սոցիալական պայմանները բարելավելու. «Իմ կարծիքով՝ օրենքն ավելի շատ դրսից է պարտադրված, սակայն չի տեղայնացվել մեր հանրապետությունում: Այն նախատեսում է բռնության դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցների սահմանում այն անձի նկատմամբ, որը ենթադրյալ բռնություն կատարողն է: Մինչդեռ հիմնականում սոցիալական խնդիրներից են ՀՀ-ում ընտանեկան բռնությունները ծագում: Մարդիկ տնտեսապես լավ վիճակում չեն, աշխատանքից ներվայնացած գալիս են տուն, ջղայնությունը ամուսնու կամ կնոջ վրա են թափում, և սկսում են ընտանեկան բռնությունները: Եթե օրենքն ընդունվի էլ, միևնույն է, ոչինչ չի փոխելու: Ընտանեկան բռնությունների միակ կանխարգելիչ միջոցը լինելու է ՀՀ քաղաքացու սոցիալական վիճակի բարելավումը»:

Հոգեբան Աննա Բադալյանի վստահեցմամբ՝ ընտանիքի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն խորը հոգեբանական վերլուծությունների միջոցով: Նա այս առիթով հարցրեց՝ արդյոք Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վրա աշխատե՞լ են հոգեբաններ. «Երբ երեխային օտարելու՝ ապաստան տեղափոխելու մասին ենք խոսում, մենք դրանով ոչ թե խնդիր ենք լուծում, այլ ընդհակառակը: Երեխայի համար ինչքան էլ ապաստանում լավ լինի, կարևոր է ծնող հասկացությունը: Ուստի գտնվելով ապաստանում, նման հոգեբանական վիճակում՝ շատ հնարավոր է նա հետագայում դառնա բռնարար: Այնպես որ, կնոջն ու երեխային ապաստան օտարելով՝ հարց չի լուծվում: Պետք է յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տարվի, բացահայտվի նրանց հոգեբանական տրավմաները՝ հասկանալու համար ինչու է նա դիմել բռնության կամ ինչու մյուսը դարձավ զոհ և այդ ամենի մասին լռում է»:

Հոգեբանը նաև կարևորեց այն, որ դպրոցներում սեռական դաստիարակությանը զուգահեռ սեռային դաստիարակություն ուսումնասիրվի. եթե դա լինի, կին- տղամարդ փոխհարաբերությունները չեն հասնի բռնության:

Գևորգ Դավթյանը վստահ է, եթե այս օրենքն ընդունվի, այն կմնա թղթի վրա և լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի: Ըստ փաստաբանի՝ պետության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնալու նաև ապաստան պահելը, մինչդեռ պետք է մտածել քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու մասին:

Նա նաև անդրադարձավ Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումների ընթացքում հնչող մի շարք դիտարկումների՝ մասնավորապես երեխային ապտակելու շուրջ. «Մեր հայկական ընտանիքներում շատ են դեպքերը, երբ երեխային սովորական ապտակ են հասցնում: Ճիշտ է, դա գովելի չէ, բայց դա չի նշանակում, որ երեխային ապտակելու համար անձը պետք է դառնա բռնություն կատարող և երեխային պետք է մեկուսացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031