Ռեժիսոր Արշակ Զաքարյանի դիտարկմամբ, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ճիշտ ուղի է ընտրել: Ըստ նրա՝ նախարարը կոնկրետ զբաղված է բանակը բարելավելու գործով ու իր առաջարկած փոփոխությունները ռիսկային են:
«Ռիսկային են այն առումով, որ պետք այդ դուխն ունենաս, որ նման փոփոխություններ առաջարկես, ինքն ունի այդ դուխն ու առաջարկում է»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց Արշակ Զաքարյանը:
Անդրադառնալով պարտադիր զինծառայության համար երեք տարի ժամկետ սահմանելու նախաձեռնությանը՝ բանախոսն ասաց՝ սխալ են ընկալել առաջարկությունը. «Ունենք Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ, որտեղ, եթե ասենք, որ գնում են այլ գիտություններից հզոր երեխաներ, սովորելու, խաբած կլինենք մեզ, այդպես չէ, այնտեղ գնում են մարդիկ, որոնք ուրիշ տեղ չեն էլ կարող գնալ…հիմա ինչ է առաջարկվում՝ պայմանագիր ես կնքում, տարեկետում ես վերցնում, սովորում ես, ավարտում ես, բայց հետո պետք է գնաս, որպես սպա ծառայես: Արդեն ինստիտուտն ավարտած, կրթություն ու մասնագիտություն ստացած զարգացած սպաները բարեփոխումներ կմտցնեն բանակում, նրանց հետ էլ հեշտ կլինի»:
Նա անդրադարձավ նաեւ «Ես եմ» ծրագրին ու նկատեց, որ լավ առաջարկներ են արվել նաեւ այս ծրագիրը նախընտրողների համար. «Ծառայությունդ ավարտում ես, ուզում ես եւս մեկ տարի ծառայել, որի ընթացքում երկու շաբաթ ծառայում ես, մեկ շաբաթ գնում ես տուն, ընդհանրապես, եթե ծառայությունը դարձնեն երեք տարի եւ այս մեթոդով, որ երկու շաբաթ ծառայես, մեկ շաբաթ գնաս տուն, հոյակապ կլիներ, շատերը կուզեին այս կերպ ծառայել: Հինգ միլիոն երկու հարյուր հազար դրամն էլ, որ առաջարկում են տալ, պատկերացնում եք գյուղացի տղայի համար ինչ լավ է, դա իրեն հնարավորություն է տալիս տրակտոր առնել, անասուն, տեխնիկա կամ տուն առնել, վա՞տ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ