2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Արամ Մանուկյանը ներկայացրեց մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն: Մանուկյանն այն հետեւյալ կերպ հիմնավորեց. «500 էջանոց հեքիաթ է մեղադրական եզրակացությունը: Այն պատվերով գրված է, չենք ընդունում: Գրված են զենքերի կոդեր, փամփուշտների տվյալներ, բայց այն, որ մենք պահանջել ենք իշխանափոխություն, գրված չէ»: Միջնորդությանը միացան մյուս ամբաստանյալները: Մարտիրոս Հակոբյանը դժգոհեց. «Բանից տեղյակ դատախազի բերեք: Մեղադրական եզրակացությունում նշված չէ՝ մենք ի՞նչ ենք արել ու ինչո՞ւ ենք արել»:
Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանն էլ դիմելով դատավոր Արթուր Օհանյանին՝ ասաց. «Այդ զինանշանը, որ ձեր գլխավերեւում է, մեր մոտ պետք է լիներ…Այդ զինանշանը հայ ժողովրդինն է, եւ դուք իրավունք չունեք եւ արժանի չեք ՀՀ անունից խոսել եւ արդարադատություն իրականացնել»:
Ամբաստանյալներից Հովհաննես Հարությունյանն էլ հետեւյալն ասաց. «Մենք ՀՀ ենք եկել նախորդ տարվա ապրիլին, պատրաստվում էինք գնալ հողերի հետեւից, բայց մեր հրամանատարին՝ Ժիրայր Սեֆիլյանին, ապօրինի կերպով ձերբակալեցին: Հիմա էլ են զինվորներ զոհվում, բայց կառավարությունը թքած ունի: Ո՞ր երկրում է ամեն շաբաթ զինվոր զոհվում: Մի ռուս օդաչու մեռավ՝ Ռուսաստանը Թուրքիային պատերազմ հայտարարեց, առեւտուրն արգելակեց…Ինչի՞ են մեր երեխեքն ամեն օր մատաղ լինում, իսկ մենք դատախազ-դատավոր ենք խաղում»:
Միջնորդության առնչությամբ դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ այն տեղից նստած է արված: Դատավոր Արթուր Օհանյանն էլ հիշեցրեց՝ դատավարության կարգը պահանջում է ոտքի կանգնել: Ապա Արթուր Օհանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը քննվում է երեք մասով, որոնցից մեկով նախագահող դատավորն Արթուր Օհանյանն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ