Լրահոս
Օրվա լրահոսը

Չան Հո Լայ. «Երեք օր պարապել եմ, որ արտասանեմ շնորհակալություն բառը»

Հոկտեմբեր 24,2017 13:55

«Հայաստան գալուց առաջ գիտեի դրոշի գույների, Հայոց ցեղասպանության, System of a Down-ի և, իհարկե, Քարդաշյանների մասին»,- ասում է Ամստերդամում բնակվող լուսանկարիչ Չան Հո Լայը:

Արմատները Հոնգ Կոնգից և Չինաստանից են: Հայաստան եկել էր՝ մասնակցելու Եվրամիության կողմից իրականացվող «Կառավարելով բազմազանությունը» («Managing Diversity») ծրագրին, որի նպատակն էր անդրադառնալ հասարակության խոցելի խմբերի խնդիրներին:

«Barev dzez, Bari luz, Hadjo, Im anoene Tjan, Jes kes sirum em»: Սրանք երիտասարդի սովորած հայերեն բառերն են, ձեռագրի պատճառն էլ մեկն է. այբուբենը չհասցրեց սովորել. «Երեք օր շարունակ պարապել եմ, որ կարողանամ ճիշտ արտասանել «շնորհակալություն» բառը»:

Թբիլիսիից Երևան ուղևորվելու ճանապարհին ամենատպավորիչը Չանի համար եղել են ռազմական բեռնատարները, անասնապահները և բնությունը. «Երբ առաջին անգամ ոտք դրեցի Երևան, լայն փողոցներն ինձ հիշեցրին Եվրոպական ճարտարապետությունը՝ որոշ հատվածներում զգացնել տալով սովետական միության ազդեցությունը: Տպավորություն է, թե հայերը լավ մարդկանց խառնուրդ են: Հիշում եմ նաև ռուսական համազգեստով զինվորներին: Եվ որ ամենակարևորն է, Հայաստանում ես առաջին անգամ սև կարապ տեսա»:

Լուսանկարչի խոսքով՝ մայրաքաղաքի թերություններից են օդի աղտոտվածությունը և փողոցների աղբակույտերը. «Դա էլ մեքենաների առատության հետևանքն է: Այստեղ աղբ կարելի է տեսնել նաև որոշ շենքերի մուտքերում: Բայց իմ ոգևորության վրա այդ ամենը չանդրադարձան»:

Իր Երևանյան արկածների մասին պատմելիս Չանը ժպտում է և հիշում տաքսու վարորդներին. «Ժամանակ առ ժամանակ ստիպված էի լինում գործ ունենալ անբարեհամբույր վարորդների հետ: Կուզեի ավելի երկար մնալ Հայաստանում՝ նոր բացահայտումներ անելու համար»:

Հայկական խոհանոցը շատ է հավանել: Բաստուրմա է գնել և հետը տարել Ամստերդամ. «Անկեղծ ասած՝ հոլանդական ուտեստներն այդքան էլ համեղ չեն: Հայկականները դրանցից խիստ տարբերվում են:

Ամստերդամից եկած երիտասարդը հասցրել է նաև տեղեկանալ Ղարաբաղյան հակամարտության մասին: «Ես տեղյակ եմ, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև: Ինձ այստեղ պատմեցին պարտադիր զինվորական ծառայության մասին: Քանի որ Հայաստանում հիմնականում աշխատել եմ երիտասարդների հետ, վստահաբար ասում եմ, որ նրանք առաջադեմ մտածողներ են, և ապագայի հույսը հենց նրանք են»:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031