2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների ինքնության ճշտման ժամանակ նախագահող դատավոր Արթուր Օհանյանը հետաքրքրվում էր ամբաստանյալների առողջական վիճակից:
Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը հայտնեց, որ առողջական վիճակը քանի գնում՝ վատանում է. «Թեեւ անմեղության կանխավարկած կա, բայց դատապարտվածների պայմաններում ենք գտնվում՝ մի քանի անգամ պատժված մարդկանց հետ նույն խցերում»:
Ամբաստանյալներից Գեւորգ Իրիցյանն էլ իր առողջական վիճակն այսպես բնորոշեց. «Ասա՝ ի՞նչը չի ցավում, ավելի շուտ հարցին կպատասխանեմ»:
Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանն էլ բարձրաձայնեց, որ իրեն քրեակատարողական հիմնարկից շղթայակապ են բերել. «Դա այն դեպքում, երբ մեզ հատուկ մեքենաներում են տեղափոխում, որոնցից մեկը զինված է: Դա հակասում է օրենքին: Կարծում եմ՝ դուք այնպիսին չեք, ինչպիսին նախորդ դատավորն էր: Ինձ հետ օրենքի սահմաններում վերաբերվեք»:
Ամբաստանյալ Թորոս Թորոսյանը եւս նշեց, որ վերջին ավելի քան մեկ տարում, ինչ կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի. «Դժոխքի մասնաճյուղն է «Նուբարաշենը», փաստորեն՝ ճիշտ էին ասում»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը քննվում է երեք մասով, որոնցից մեկով նախագահող դատավորն Արթուր Օհանյանն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ