Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արթուր Օհանյանն ուշադրություն չդարձրեց, որ իր ներս մտնելիս «Սասնա ծռերի» անդամները ոտքի չկանգնեցին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2017 13:23

Շենգավիթ Վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց 2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով նիստը:

Նախորդ նիստերում քրեական գործից անջատված եւ այնուհետեւ միացված մասով ամբաստանյալներն են՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան: Նրանց մասով գործը քննելու է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Օհանյանը:

Նրա՝ նիստերի դահլիճ գալուն պես ամբաստանյալները, ինչպես եւ նախկինում, ոտքի չկանգնեցին, սակայն ի տարբերություն դատավոր Արտուշ Գաբրիելյանի, որն այդ դեպքում նախազգուշացման կամ նիստերի դահլիճից հեռացման սանկցիա էր կիրառում, դատավոր Արթուր Օհանյանն ուշադրություն չդարձրեց այդ փաստին:

Նախ, ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանի համար ռուսերենի թարգմանիչ ներգրավվեց, այնուհետեւ դատավորը կողմերին հարցրեց՝ իր դեմ ինքնաբացարկի միջնորդություն կա՞: Կողմերն այդպիսի միջնորդություն չունեին, սակայն ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը հետաքրքրվեց՝ դատավորն ամբաստանյալներից որեւէ մեկի հետ ազգակցական կապ ունի՞: Արթուր Օհանյանն ասաց, որ ոչ, այլապես ինքնաբացարկ կհայտներ:

Ամբաստանյալներից Արամ Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց իր պաշտպանյալին դատաբժշկական հետազոտության ենթարկելու մասին միջնորդություն, քանի որ նրա մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Դատավորը գտավ, որ միջնորդությունը ժամանակին չէ հարուցված, եւ դրան կանդրադառնան առաջիկայում:

Հետո դատավորն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտման փուլին: Ամբաստանյալներից Արամ Մանուկյանը դատավորի կողմից իր ծննդյան տվյալների հրապարակման ժամանակ ուղղեց նրան՝ ասելով, որ ծնվել է ոչ թե Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, այլ ՀՀ մարզ Արցախի քաղաք Ստեփանակերտում: Նույնն արեց նաեւ Մարտիրոս Հակոբյանը՝ ասելով, որ ծնվել է ՀՀ Քաշաթաղի շրջանում: Նրան հետեւեց Թորոս Թորոսյանը՝ ասելով, որ ծնվել է ՀՀ քաղաք Շուշիում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031