Արամ Սարգսյան
ՄԱՀՀԻ Ժողովրդավարության I դպրոցի շրջանավարտ
«Առաջին լրատվական»-ի քաղաքական մեկնաբան
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման (բազմազանեցում կամ տարազանում) խնդիրներն ու նրա անվտանգության միջավայրի վրա արտաքին քաղաքականության ազդեցությունը հարկ է գնահատել երկու հարթություններում. առաջինը՝ հռչակագրային, ֆորմալ կամ ձևական և երկրորդը՝ իրական, բովանդակային կամ էական:
Այս տարանջատման պատճառն այն է, որ ինչպես քաղաքականության ու կյանքի այլ ոլորտներում, այնպես էլ արտաքին քաղաքականության պարագայում և Հայաստանի իրողությունների պայմաններում մասնավորապես, ծրագրերում գրվածը և արտաքին ու անվտանգային քաղաքականությամբ զբաղվող մարմինների հռչակածը միշտ չէ, որ համապատասխանում են իրական վիճակին, և սրա մասին են վկայում հանրային տարբեր, հակասական ընկալումները, որոնք հանգում են ընդհուպ մինչև այն ծայրահեղական համոզմանը, թե Հայաստանն իրականում չունի ինքնիշխան արտաքին քաղաքականություն, այլ գործում է քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում կամ հանդիսանում է այդ պետության արբանյակը:
Սույն զեկույցը, ըստ էության, տեղավորվում է հենց այս դիսկուրսի (քննարկում) շրջանակներում, որտեղ գլխավոր հարցադրումներն առնչվելու են Հայաստանի արտաքին քաղաքականության երկու հիմնական ուղղությունների միջև հավասարակշռության պահպանման, փոխլրացման և նույնիսկ հնարավոր երկընտրանքի խնդիրներին, գլխավորապես Ռուսաստան-Արևմուտք տիրույթի շրջանակներում, այսինքն մի կողմից՝ անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), մյուս կողմից՝ գործընկերություն Եվրոպական միության (ԵՄ) հետ, մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ դաշնակցային հարաբերություններ և անդամակցում ՀԱՊԿ-ին, մյուս կողմից՝ գործընկերային հարաբերություններ Արևմուտքի հետ և համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ: Այս երկու հիմնական ուղղություններին ավելանում է համագործակցությունը մի քանի այլ կարևոր գործընկերների, առաջին հերթին Իրանի և Չինաստանի հետ:
Պաշտոնական մակարդակով այս հարցերի պատասխանները, իհարկե, տրված են այն իմաստով, որ Հայաստանը վարում է բազմավեկտոր, հավասարակշիռ արտաքին քաղաքականություն բոլոր ուղղություններով և ունի լավ հարաբերություններ բոլոր կարևոր կենտրոնների հետ: Արտգործնախարար Նալբանդյանը, օրինակ, նման ձևով է ներկայացնում պատկերն իր ամենամյա ամփոփիչ ասուլիսների ժամանակ[1]: Բայց որքանո՞վ է այս գնահատականը համապատասխանում իրական վիճակին: Մյուս կարևոր հարցը՝ անվտանգության «ռուսական» համակարգը, որն արտահայտվում է Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն երկկողմ հարաբերություններով և ՀԱՊԿ-ի անդամակցությամբ, արդյո՞ք լիարժեքորեն ապահովում է Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը և օգնում է դիմագրավել անվտանգության մարտահրավերներին, թե՞ Հայաստանը կարիք ունի գործակցելու ռազմաքաղաքական այլ կառույցների և այլ պետությունների հետ անվտանգության բացերը լրացնելու համար:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հարցին պատասխանելու համար նախ փորձենք հպանցիկ անդրադառնալ ընդունված ծրագրային դրույթներին:
-Մասնավորապես 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության»[2] մեջ նշված է, որ ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներից մեկն «արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունն» է: Հենց այս ռազմավարության հիմնադրույթների համաձայն են ՀՀ կառավարությունը և նախագահն իրականացնում երկրի արտաքին քաղաքականությունը:
-ՀՀ կառավարության 2012-17թթ. հնգամյա ծրագրի[3]՝ Արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնում հստակ ամրագրված է, որ ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության նպատակը պետական շահերի պաշտպանության, միջազգային գործընթացներում ՀՀ միջազգային դերի և հեղինակության բարձրացման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը նպաստելու հետ մեկտեղ նաև «երկրի արտաքին անվտանգության ապահովումն է»:
-2013թ. ընտրություններին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի 2013թ. նախընտրական ծրագրի Արտաքին քաղաքականության բաժնում[4] առաջին հերթին նշվում է ավտանգության արտաքին բաղադրիչների ամրապնդման անհրաժեշտության մասին:
-Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն իրականացվում է ինչպես առանձին երկրների հետ երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության, այնպես էլ անվտանգության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցելու կամ համագործակցության միջոցով: Դա ոչ միայն անդամակցությունն է ՀԱՊԿ-ին, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, այլև Հայաստանի մասնակցությունը միջազգային տարբեր ծրագրերին, օրինակ՝ ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին:
Այսպիսով, ինչպես տեսանք, արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը սերտորեն առնչվող ոլորտներ են: Հետևաբար, որքանո՞վ են արտաքին քաղաքականության այս հիմնական ուղղություններն ամրապնդում Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը և ինչպե՞ս են ազդում անվտանգության հարցերի վրա:
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո Հայաստանը նկատելիորեն ակտիվացրել է, այսպես ասած, ռազմաքաղաքական կամ պաշտպանական դիվանագիտությունը: Այն ենթադրում է, որ պաշտպանության նախարարը պետք է զբաղվի արտաքին քաղաքականության՝ ռազմական, պաշտպանական և անվտանգային հարցերին վերաբերող խնդիրներով: Սա նաև արտացոլում է պաշտպանության նախարարությունում սահմանադրական փոփոխությունների համատեքստում արված հաստատութենական (ինստիտուցիոնալ) որոշ փոփոխությունները, ըստ որոնց տարանջատվում են պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնները: Առաջինն ավելի շատ զբաղվում է ռազմաքաղաքական հարցերով, իսկ երկրորդը՝ բանակի առօրյա գործունեությամբ: Նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց հետո պաշտոնական այցով մեկնեց ոչ միայն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնություն (որտեղ, ի դեպ, ստորագրվեց Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը), այլև այնուհետև Հունաստան, Վրաստան, Իրան, իսկ վերջերս՝ սեպտեմբերի սկզբին, նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս բոլոր երկրների հետ քննարկվել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Առանձնացնենք Հայաստանի անվտանգային քաղաքականության հիմնական ուղղությունները.
1.Հայաստան-ՌԴ երկկողմ դաշնակցային հարաբերություններ և անդամակցություն ՀԱՊԿ-ին
Սա Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնական ուղղությունն է, քանի որ ՀՀ-ը ՌԴ-ի հետ ունի ռազմավարական բնույթի, դաշնակցային հարաբերություններ և միևնույն ժամանակ ՌԴ-ի հետ միասին անդամակցում է միևնույն ռազմաքաղաքական կառույցին:
Երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հիմնական փաստաթուղթը 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն[5] է, որի հիման վրա զարգանում են երկկողմ հարաբերությունները միջազգային հարաբերությունների, անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և շատ այլ ոլորտներում:
-Ռուսաստանը Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է,
-Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան,
-Հայաստանը (2015թ. դեկտեմբերի 23) ՌԴ-ի հետ ստորագրել է «Համաձայնագիր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին»,
-Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրել է (2016թ. նոյեմբերի 30) «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՌԴ և ՀՀ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին»:
2.Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններ
- Համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կարելի է համարել Հայաստանի անվտանգային քաղաքականության երկրորդ մակարդակը, երբ Հայաստանը չի անդամակցում տվյալ Դաշինքին, բայց ունի կառուցողական և շահավետ գործընկերային հարաբերություններ, որոնք նպաստում են Զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արդիականացմանը, սպայական կազմի մարտական պատրաստականության և կրթական մակարդակի բարձրացմանը:
- Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի մի շարք ծրագրերի՝ Պլանավորման և վերանայման գործընթաց (PARP), Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր(IPAP), Ռազմական կրթության զարգացման ծրագիր (DEEP), Օպերատիվ կարողությունների հայեցակարգ: Բացի այդ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելությանն Աֆղանստանում, աշխատում է Գործընկերության և համագործակցության ծրագրի ներքո խորհրդատուների թիմի և հայաստանցի սպաների ու զինվորների մասնակցությամբ:
- Հայաստանը պարբերաբար մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին, ինչը, բնականաբար, նպաստում է հայ զինծառայողների մարտական պատրաստականության և մարտունակության բարձրացմանը: Այս տարվա հուլիսին Հայաստանից ուղարկված զինվորականների խումբը մասնակցել է Ռումինիայում անցկացված «Saber Guarian 2017» զորախաղերին: Օգոստոսին Հայաստանը ներկայացնող ռազմական դաշտային բուժջոկատը մասնակցեց Վրաստանում կազմակերպված «Noble Partner 2017» զորավարժություններին: Ու թեև Հայաստանը չմասնակցեց[6] կրկին Վրաստանում սեպտեմբերին անցկացված «Agile Spirit 2017» վարժանքներին (իսկ Վրաստանի ՊՆ-ը նախապես տեղեկացրել էր, որ Հայաստանը մասնակցելու է), դա, հավանաբար, լուրջ հետք չի թողնի և բացասաբար չի ազդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության այս դինամիկայի վրա:
- Հայաստան-Իրան համագործակցություն
- Վերջին շրջանում որոշ հեռանկարներ են բացվել Հայաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցության համար: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2017թ. հունվարին բարձր մակարդակի ընդունելության արժանացավ Իրանում: ՀՀ ՊՆ ղեկավարը Թեհրանում իրանցի գործընկերների հետ քննարկել է ռազմարդյունաբերական և գիտական ոլորտներում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Նշված այցի ժամանակ հայկական պատվիրակությունն այցելել է[7] «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ։ Որոշ տեղեկություններով[8]` Հայաստանը և Իրանը կարող են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրություն սկսել: Հայաստանի և Իրանի միջև կոնկրետ այս ոլորտում նման համագործակցության ձևավորմանը նպաստում է շահերի որոշ ընդհանրությունը տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի համատեքստում: Տարածաշրջանում Իրանի գլխավոր հակառակորդ Իսրայելը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում՝ մասնավորապես մատակարարելով նաև մեծ թվով ԱԹՍ-ներ, և հաշվի առնելով այս հանգամանքը՝ Իսրայելն Ադրբեջանի հետ դաշինքն ակնհայտորեն դիտում է առաջին հերթին որպես հակաիրանական գործոն, տրամաբանական է, որ Իրանը ձգտելու է ստեղծել հակակշիռ Հայաստանի հետ դաշինքի միջոցով:
- Հայաստան-Չինաստան համագործակցություն
- Հայաստանի ռազմաքաղաքական դիվանագիտության մեկ այլ հետաքրքիր ուղղություն է գործընկերությունը Չինաստանի հետ: 2017թ. սեպտեմբերին Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ՊՆ ղեկավարը և Չինաստանի պաշտպանության նախարարը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ Չինաստանը մոտ 1,5 մլն դոլարի չափով ռազմական անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանին: Հայկական պատվիրակությունն այցելել է չինական ռազմարդյունաբերության երկու առաջատար ընկերություններ՝ «Պոլի գրուպ» և «Նորինկո»: Վիգեն Սարգսյանը խոսել է նաև Չինաստանից զենք գնելու հնարավորության մասին[9]:
- Հայաստանն ունի Չինաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության որոշ փորձ: Հայկական բանակի զինանոցում արդեն իսկ կան չինական արտադրության որոշ զինատեսակներ, ինչպես օրինակ «AR1A» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԵԱՏՄ-ԻՆ
Հայաստանի կառավարությունը 2010թ. հուլիսից Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում բանակցում էր Բրյուսելի հետ Ասոցացման և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ: Բանակցություններն ավարտվեցին 2013թ. հուլիսին, և նախատեսվում էր փաստաթուղթը նախաստորագրել 2013թ. նոյեմբերին, բայց մինչ այդ տեղի ունեցած ֆորս-մաժորը փոխեց իրադարձությունների ընթացքը: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարեց[10] Մաքսային միությանը միանալու և ԵԱՏՄ ձևավորման գործընթացում ներգրավվելու «Հայաստանի ցանկության» մասին: Ու թեև մինչ այդ անվտանգության բաղադրիչը որևէ կերպ չէր շոշափվում Եվրամիության հետ բանակցությունների շրջանակներում, Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում՝ անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»:
Ըստ էության, սա ազդակ դարձավ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչների համար, որոնք սկսեցին միաբերան պնդել, որ անդամակցումը Մաքսային միությանը կամրապնդի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ավելին, խորհրդարանական մեծամասնության որոշ անդամներ, ինչպես օրինակ, ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հայտարարեցին[11], թե Հայաստանի հետ միասին Մաքսային միության կազմի մեջ կմտնի նաև Լեռնային Ղարաբաղը, ինչը, բնականաբար, ոչ միայն կավելացներ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային լեգիտիմությունը, այլև ենթադրաբար կամրապնդեր Արցախի անվտանգությունը: Անշուշտ դա կարող էր առաջացնել նաև որոշ ռիսկեր Ադրբեջանի անկանխատեսելի ռեակցիայի իմաստով: Համենայն դեպս, առաջ անցնելով նշենք, որ գոնե ֆորմալ կամ իրավական իմաստով Արցախի Հանրապետության միացումը Եվրասիական տնտեսական գոտուն որևէ կերպ չամրագրվեց:
2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց[12], որ հաջողվել է փոխհամաձայնության գալ «քննարկվող զգայուն հարցի շուրջ»: Քաղաքական ընդդիմության մեծամասնությունը, առաջին հերթին՝ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունները, եթե նույնիսկ քննադատում էին Սերժ Սարգսյանին ԵԱՏՄ-ին միանալու որոշման համար, ապա քննադատում էին նաև որոշման անսպասելիությունը, կատարված կտրուկ շրջադարձը, ոչ թե անդամակցության փաստը կամ բերված փաստարկները: Այս ուժերը փաստացի աջակցություն հայտնեցին եվրասիական ինտեգրացիոն ծրագրին միանալու Սերժ Սարգսյանի որոշմանը: Նրանց հիմնական փաստարկը կրկին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն էր: Դաշնակցությունը, օրինակ, հայտարարեց[13], որ կողմ է քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին՝ հաշվի առնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը: Հիշենք թեկուզ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը[14] (մարտի 1, 2014թ.), թե «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է»: Խորհրդարանում համաձայնագրի շուրջ քննարկումներն ընթանում էին հիմնականում անվտանգության և նաև Հայաստանի ինքնիշխանության կորստի հարցերի շուրջ[15], ընդ որում խոսքը ոչ միայն պաշտպանական կամ ռազմական անվտանգության մասին էր, այլև տնտեսական, էներգետիկ անվտանգության մասին: 2014թ. դեկտեմբերին Ազգային ժողովի մեծամասնությունը կողմ քվեարկեց[16] Հայաստանի անդամակցության պայմանագրին: Դեմ քվեարկեց ընդամենը 7 պատգամավոր:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԸ ՆՎԱԶԵՑԻ՞Ն, ԹԵ՞ ԱՎԵԼԱՑԱՆ
Այսպիսով, 2013թ.-ից Հայաստանը սկսեց ինտեգրումը եվրասիական նախագծին: 2015թ. հունվարից ուժի մեջ մտավ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրված և ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատված պայմանագիրը ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: Նվազեցի՞ն արդյոք Հայաստանի և հատկապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության ռիսկերը: Հայտնի է, որ հենց այս շրջանում են տեղի ունեցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի ամենաինտենսիվ մատակարարումները: Տարբեր տեղեկություններով[17]՝ 2010թ. ի վեր Ռուսաստանը մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության գործարքներ է կնքել Ադրբեջանի հետ զենքի մատակարարման մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է[18], որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստորագրել է 5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր զենքի մատակարարման մասին, և այս գործարքների մեծ մասն արդեն իրագործված է: Մինչ օրս Ադրբեջանի ՊՆ-ը պարբերաբար հայտարարում է[19] Ռուսաստանից զենքի խմբաքանակներ ստանալու մասին: Ի դեպ, հենց այդ վճռորոշ շրջանում՝ սեպտեմբերի 3-ի նախօրեին, երբ ավարտվում էին բանակցությունները Հայաստանի ու ԵՄ-ի միջև, կազմակերպվեց առաջին խոշոր արտահոսքը ռուսական մամուլում այն մասին, որ Ռուսաստանը սկսել է զենքի խոշոր մատակարարումներն Ադրբեջանին: Այդ տեղեկությունը 2013թ. հունիսին հրապարակեց[20] ռուսական «Վեդոմոստի» թերթը: Սա արդեն իսկ Հայաստանում ընկալվեց որպես շանտաժի տարրեր պարունակող ուղիղ ազդակ: Իսկ նմանատիպ ազդակներն ամենատարբեր մակարդակներում քիչ չէին այդ ամիսներին:
Հիմա անդրադառնանք մյուս կարևոր հանգամանքին՝ անդամակցումը ԵԱՏՄ-ին նվազեցրե՞ց ոչ միայն ընդհանուր անվտանգության, այլև թեկուզ ռազմական ուղղակի սպառնալիքներն Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ: 2013-16թթ. վիճակագրությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Հենց այս շրջանում գրանցվեց զինված հակամարտության սրումը կամ ռազմական լարվածության աճը, այլ կերպ ասած՝ էսկալացիան արցախա-ադրբեջանական շփման գծում և նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում[21], իսկ 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմը[22], որը սկսվեց ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով, դարձավ լարվածության այս փուլի կուլմինացիան կամ տրամաբանական հանգրվանը:
Այսպիսով, չնայած տրված հավաստիացումներին, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին կդառնա զսպող գործոն Ադրբեջանի համար, Լեռնային Ղարաբաղը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ենթարկվեց Ադրբեջանի ուղիղ ռազմական ագրեսիայի, իրադրությունը հակամարտության գոտում դարձավ շատ ավելի վտանգավոր, իսկ Հայաստանի անվտանգության սպառնալիքները կտրուկ աճեցին: Ի դեպ, Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ փորձում են «կերակրել» հանրությանը մեկ այլ կեղծ թեզով, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության պարագայում կնվազի նրա կողմից ռազմական գործողություններ վերսկսելու հավանականությունը[23]:
ԵԼՔ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԱՏՄ-Ի ՓԱԿՈՒՂԻՆ
2017թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը կայացած նիստում որոշում կայացրեց ներկայացնելու Ազգային ժողովի հայտարարության նախագիծ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ»[24]: ԵԼՔ-ի փաստարկները շատ հստակ էին. ԵԱՏՄ անդամակցության 3 տարիների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը ոչ թե լավացել է, այլ վատթարացել (Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014թ. կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016թ. դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի), ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ԵԱՏՄ անդամակցությունը ոչ թե նվազեցրել, այլ փաստորեն ավելացրել է Հայաստանի անվտանգության ռիսկերը: ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը, նրանցից որոշները բացահայտորեն պաշտպանում են ադրբեջանական կողմին, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին: Եվ այսպես շարունակ:
Այսպիսով, թեև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը մի քանի տարի շարունակում էր մնալ հայաստանյան քաղաքական բանավեճերի ամենասուր թեմաներից մեկը և վիճարկվում էր մի շարք կուսակցությունների և քաղաքական գործիչների կողմից, անդամակցումից միայն երկու-երեք տարի անց խորհրդարանում բարձրացվեց ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը:
Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց ԵԼՔ խմբակցության կողմից հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը պետք է ուսումնասիրեր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասները:
Անշուշտ կանխատեսելի էր այն, որ խորհրդարանական մեծամասնությունը կմերժի ԵԼՔ-ի առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն ընդգրկել ԱԺ օրակարգում: Եվ կարելի է վստահաբար ասել, որ ԵԼՔ-ի անդամների քաղաքական փորձառությունն ու հեռատեսությունը թույլ են տալիս կանխատեսել դա: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ԵԼՔ-ն իր այս քայլը նախաձեռնելիս առաջնորդվել է ավելի շատ մարտավարական, ոչ թե ռազմավարական հաշվարկներով: Այլ կերպ ասած՝ ԵԼՔ-ի նախաձեռնությունն օբյեկտիվորեն տեղավորվում է հայ-ռուսական ընթացիկ հարաբերությունների զարգացման տրամաբանության մեջ և կարող է օգնել Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողներին լուծելու մարտավարական ինչ-որ խնդիրներ՝ Ռուսաստանին այս կամ այն հարցում (օրինակ՝ ռուս-ադրբեջանական ռազմական գործակցության) դժգոհություն հայտնելու իմաստով: Այդուհանդերձ, նույնիսկ այս խորհրդանշական քայլը ոչ միայն լուրջ ազդակ է Մոսկվային Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից, այլև ճանապարհ է բացում ռազմավարական հեռանկարում այս հարցը կրկին օրակարգ բերելու համար:
Բայց մեզ այս համատեքստում ավելի շատ հետաքրքրում է տվյալ գործընթացի ազդեցությունն անվտանգության վրա: Հենց այստեղ է, որ պետք է փորձենք ի մի բերել և թարգմանել ԵԱՏՄ-ի պայմանագրին կողմ քվեարկած խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր ուժերի փաստարկները: Ի՞նչ նկատի ունեին այս ուժերը՝ ասելով, որ կողմ են կամ ստիպված են կողմ քվեարկել՝ ելնելով Հայաստանի անվտանգության նկատառումներից: Ամենայն հավանականությամբ տողատակում ոչ թե այն միտքն էր, թե ԵԱՏՄ-ին միանալու դեպքում Ռուսաստանը կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը, այլ այն, որ չմիանալու դեպքում Ռուսաստանը կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել Հայաստանի անվտանգության մի շարք ոլորտներում, առաջին հերթին՝ ռազմական, տնտեսական և էներգետիկ: Եվ սեպտեմբերի 3-ի նախօրեին Ռուսաստանից ուղարկված ազդակները (զենքի խոշոր մատակարարումներ Ադրբեջանին, գազի սակագնի բարձրացում, ռուսական փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչների ուղղակի սպառնալիքներ) հենց դրա մասին են վկայում:
Հակառակ տեսակետի կողմնակիցները, ի դեմս ԵԼՔ դաշինքի, «Ժառանգություն» կամ, օրինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, պնդում են հակառակը, որ ԵԱՏՄ-ին միանալը ստեղծեց սպառնալիքներ և ԵԱՏՄ-ում մնալն է ստեղծում սպառնալիքներ անվտանգության ոլորտում, և բերում են իրենց ծանրակշիռ փաստարկները:
Այսպիսով, գործ ունենք ԵԱՏՄ-ի հարցի շուրջ ստեղծված մի փակուղու հետ, երբ և՛ ԵԱՏՄ-ին միանալն առաջացրեց անվտանգության ռիսկեր, և՛ չմիանալը կարող էր ստեղծել ռիսկեր, միաժամանակ և՛ դուրս գալը կարող է ռիսկեր ստեղծել անվտանգության համար, և՛ ԵԱՏՄ-ում մնալը կարող է թուլացնել անվտանգությունը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ որպես Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի ազգային անվտանգության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն: Այլ խոսքերով՝ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության համակարգում, և Արցախին ուղղված ցանկացած վտանգ սպառնալիք է նաև ՀՀ-ի համար:
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդիրը կարևորագույն տեղ է զբաղեցնում նաև արտաքին քաղաքականության մեջ՝ լինելով հիմնական առաջնահերթություններից մեկը: Դա արտացոլված է թե՛ նախագահի նախընտրական ծրագրերում, թե՛ կառավարության ծրագրերում և թե՛ արտգործնախարարի ելույթներում, իսկ նախագահի, արտգործնախարարի կամ բարձր մակարդակով անցկացվող միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հարցը, որպես կանոն, լինում է բանակցությունների, քննարկումների անբաժանելի մասը:
Ուստի ինչպես ներքին կյանքի և քաղաքականության մեջ է ղարաբաղյան հարցը հանդիսանում կարևոր, իսկ երբեմն էլ վճռորոշ գործոն (դրա օրինակները շատ են), այնպես էլ ղարաբաղյան կոնֆլիկտն էական ազդեցություն է ունենում նաև արտաքին քաղաքականության վրա՝ էապես պայմանավորելով պետության արտաքին քաղաքական և դիվանագիտական ռազմավարությունը:
Սույն ճշմարտությունը փորձենք ապացուցել մի քանի պարզ օրինակների օգնությամբ: Փորձենք պատկերացնել, թե արդյո՞ք նույնը կլինեին Հայաստանի հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, եթե գոյություն չունենար ղարաբաղյան կոնֆլիկտ, կամ, օրինակ, որքանո՞վ է ազդում Վրաստանի կեցվածքը ղարաբաղյան հարցում վրաց-հայկական հարաբերությունների վրա և ղարաբաղյան հարցով պայմանավորված՝ Հայաստանի կեցվածքն Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների առնչությամբ ի՞նչ ազդեցություն է ունենում հայ-վրացական հարաբերությունների վրա:
Եվ, վերջապես, ինչպիսի՞ն կլինեին Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, եթե լուծված լիներ ղարաբաղյան հիմնահարցը: Եվ այսպես շարունակ:
Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի՝ միջազգային բոլոր հարթակները և բոլոր երկրների հետ հարաբերությունները Հայաստանի դեմ ագրեսիայի, վնասարարության նպատակով օգտագործելու քաղաքականությունը, շատ հաճախ ստիպված է լինում իր հարաբերություններն այլ պետությունների հետ ձևավորելիս առաջնորդվել Ադրբեջանի հետ հակամարտության տրամաբանությամբ:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում կա ևս մի կարևոր հանգամանք, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Կոնֆլիկտի կառավարման գործում կարևոր դեր են խաղում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող պետությունները՝ ոչ միայն Ռուսաստանը, այլև Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, և սա, բնականաբար, լուրջ ազդեցություն է ունենում Հայաստանի անվտանգության վրա՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի առանցքային նշանակությունը Հայաստանի անվտանգության ընդհանուր համակարգում: Այս իմաստով արևմտյան համանախագահների դերը Հայաստանի անվտանգության մեջ թերագնահատելը և անվտանգության բոլոր խնդիրները բացառապես Ռուսաստանի հետ կապելն ակնհայտորեն ճիշտ մոտեցումներ չեն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ կարելի է ասել որպես եզրակացություն: Նման դեպքերում, երբ խոսքը հատկապես տարածաշրջանային, արտաքին քաղաքական զարգացումների և անվտանգության մասին է, հաճախ ասում են, որ միակ եզրակացությունն այն է, որ եզրակացություն չկա: Եվ այս դրույթն իրապես կարելի է կիրառել տվյալ պարագայում այն իմաստով, որ սա դինամիկ գործընթաց է, և բացի այդ իրադարձությունների զարգացման ներկայիս տրամաբանությունն ու առկա միտումներն առայժմ թույլ չեն տալիս կանխատեսել կտրուկ փոփոխություններ, շրջադարձեր Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում: Ավելին, ներկայիս միտումները, ամենայն հավանականությամբ, կխորանան:
Ամեն դեպքում փորձենք նյութի հիման վրա գնահատել ընդհանուր իրավիճակը և անել մի քանի կարևոր հետևություններ:
- Ինչպես նշել էինք նախաբանում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարելի է բաժանել երկու պայմանական մակարդակների՝ հռչակագրային և իրական: Ֆորմալ առումով Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ունենք հավասարակշռված, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, պրակտիկայում էլ բարձր մակարդակով կատարվում են քայլեր այդ ուղղությամբ, բայց որպես արդյունք, ինչպես տեսանք վերևում, ունենք անվտանգության ավելացած ռիսկեր և սպառնալիքներ, հետևաբար գործնական քաղաքական դաշտում կա՛մ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացված չէ, չկա հավասարակշռություն և համաչափություն վեկտորների միջև, այդ պատճառով չի հաջողվում արդյունավետ արտաքին քաղաքականության միջոցով ամրապնդել անվտանգությունը, կա՛մ նույնիսկ եթե Հայաստանի արտաքին քաղաքականության որոշում կայացնողներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ նման հավասարակշռություն չէր կարող լինել, քանի որ անվտանգության և ռազմական ոլորտում Հայաստանի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է և այս հարաբերությունները համեմատելի չեն ՆԱՏՕ-ի կամ այլ գործընկերների հարաբերությունների հետ, ապա կարող ենք փաստել, որ անվտանգության «ռուսական» համակարգը չի ապահովում Հայաստանի անվտանգության սպառնալիքների լիարժեք չեզոքացումը կամ ռիսկերի նվազեցումը:
- Ղարաբաղյան հակամարտության կտրուկ սրումը Հայաստանի «եվրասիականացման» գործընթացին զուգահեռ, այնուամենայնիվ, օբյեկտիվորեն իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի արտաքին քաղաքականության այս խոտորման վրա: Մի կողմ թողնելով հայաստանյան քաղաքական ուժերի նախասիրություններն ու աշխարհաքաղաքական կողմնորոշումները՝ այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ պատերազմի վերսկսման ռիսկերի մեծացումն ազդեց Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա:
- Մյուս կողմից, եթե ԵԱՏՄ-ին միանալու գլխավոր փաստարկը Հայաստանի և Արցախի անվտանգության ռիսկերի նվազեցումն էր, փորձը ցույց տվեց, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նման ազդեցություն չունեցավ, և հայկական կողմը չկարողացավ խուսափել ոչ միայն կոնֆլիկտի սրացումից, այլև Ադրբեջանի ուղղակի ռազմական ագրեսիայից: Հետևաբար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման ռիսկերի և հնարավորությունների հաշվարկման հարցն անվտանգության առումով կպահպանի իր արդիականությունը:
- Հայաստանն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովմանն առնչվող արտաքին քաղաքական հիմնական որոշումները, այդ թվում՝ անդամակցումը ԵԱՏՄ-ին, կապել է ռուսական ուղղության հետ, բայց փաստ է, որ ոչ միայն ֆորմալ առումով, այլև գործնականում կոնֆլիկտի կառավարումը, որն Արցախի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից կողմից, որոնց շարքում Ռուսաստանից ոչ պակաս դեր են խաղում Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Հետևաբար սխալ է այն մտայնությունը, որ ռազմական ռիսկերը ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում բացառապես Ռուսաստանն է կառավարում:
- Եթե Մինսկի խումբը շարունակի կառավարել կոնֆլիկտը նույն արդյունավետությամբ, ինչ վերջին 4-5 տարիներին՝ չկարողանալով կանխել զինված բախումները հակամարտության գոտում, նվազեցնել պատերազմի վերսկսման ռիսկերը, այդ դեպքում նշված գործոնները շարունակելու են էապես ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումների և դիվերսիֆիկացման վրա:
- Վերջին հետևությունն ավելի շատ հարցադրում է, քան պատասխան: Վերևում անդրադարձանք Հայաստանի արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, բայց ընդհանրապես Հայաստանն ունի՞ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, հավասարակշռելու խնդիր, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներից դուրս գտնվող արտաքին քաղաքականության նշված ուղղություններն առանձին քաղաքականություննե՞ր են, թե՞ կրկին վերաբերում են Ռուսաստանին, Հայաստանի «ռուսական» ռազմավարությանը կամ այդ քայլերն իրականացվում են հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության մեջ: Եթե իրոք այդպես է, ապա ինչ-որ առումով մենք իրավունք չունենք դժգոհելու այն հանգամանքից, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանի հարաբերություններին այլ պետությունների հետ: Եվ որոշ փաստեր, ինչպես օրինակ ռուսական մամուլի արձագանքը հայ-չինական վերջին բանակցություններին[25], վկայում են այն մասին, որ այլ երկրների հետ հարաբերությունների սերտացումը Ռուսաստանում ընկալվում է որպես Մոսկվային «շանտաժի» ենթարկելու քայլ: Այսպիսով, ի հայտ է գալիս մի հետաքրքիր հանգամանք, որ ոչ միայն Ռուսաստանն է հաճախ շանտաժի քաղաքականություն իրականացնում Հայաստանի հանդեպ, այլև նման մեթոդներով երբեմն կարող է գործել հայկական կողմը: Ուստի օբյեկտիվ շահերի և ոչ թե շանտաժի վրա հիմնված առանձին, դիվերսիֆիկացված հարաբերությունների պարագայում Ռուսաստանի միջամտության ռիսկերը կարող են նվազել: Այս իմաստով Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է ավելի արդյունավետ աշխատեն ինչպես Հայաստանի քաղաքականությունների տարանջատման և հստակեցման, այնպես էլ հայկական շահերը գործընկեր պետություններին ներկայացնելու և բացատրելու ուղղությամբ:
Զեկույցը ներկայացվել է 2017թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած «Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» խորագրով ՄԱՀՀԻ I երիտասարդական ֆորումում:
«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը 2015թ․ ամփոփիչ մամլո ասուլիսին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք, 02.02.2016
[2] Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, Հավանության է արժանացել ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում, ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք
[3] Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագիր, Երևան, 18 հունիսի, 2012, էջ 38:
[4] «Դեպի ապահով Հայաստան», Նախընտրական ծրագիր. Սերժ Սարգսյան, Արտաքին քաղաքականությունը դեպի ապահով Հայաստան ճանապարհին, էջ 7:
[5] Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին, 29.08.1997թ.
[6] Արամ Սարգսյան, Ինչ է Agile Spirit-ը, և ինչու Հայաստանը վերջին պահին որոշեց չմասնակցել․ նոր մանրամասներ, «Առաջին լրատվական», 04.09.2017
[7] Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները, «Առաջին լրատվական», 31.01.2017
[8] Հայաստանը և Իրանը կարող են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել, «Առաջին լրատվական», 01.02.2017
[9] Արամ Սարգսյան, Հայաստանի ռազմական այլընտրանքը. ի՞նչ զենք կարող ենք գնել Չինաստանից, «Առաջին լրատվական», 11.09.2017
[10] Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք, 03.09.2013
[11] Գալուստ Սահակյան․Հայաստանի ՄՄ մտնելու դեպքում միության կազմում կլինի նաև Ղարաբաղը, «Ազատություն ռ/կ», 25.12.2013
[12] Հայաստանը ստորագրել է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, «Պանարմենիան», 10.10.2014
[13] ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ինքնիշխանության կորուստ չեն համարում անդամակցությունը ԵՏՄ-ին, «Ազատություն ռ/կ», 05.12.2014
[14] Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2014թ. մարտի 1-ի հանրահավաքում, Հայ ազգային կոնգրես, 01.03.2014
[15] ԵՏՄ պայմանագրի քննարկումը շարունակվեց. Կիզակետում ՀՀ անկախության հարցն էր, «Ազատություն ռ/կ», 03.12.2014
[16] ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրն ԱԺ-ը հաստատեց ծափահարություններով, «Թերթ», 04.12.2014
[17] Сколько оружия Россия продала Азербайджану и Армении, «RusArmInfo», 08.04.2016
[18] Բաքուն ստացել է ռուսական զենքի և տեխնիկայի հերթական խմբաքանակը, «Սիվիլնեթ», 27.04.2017
[19] Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիրներ, «Ռազմինֆո», 24.06.2017
[20] Россия вооружает Азербайджан, «Ведомости», 18.06.2013
[21] Արամ Սարգսյան, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն Արևմուտք-Ռուսաստան դիմակայության շրջափուլում, ՄԱՀՀԻ հետազոտություն, 23.02.2016
[22] Հանրային դիսկուրսը Հայաստանում քառօրյա պատերազմից հետո, «Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից» եռամսյա հանդես, Թիվ 2 (6), ապրիլ-հունիս 2016
[23] Էդուարդ Շարմազանով, հարցազրույց «Հետհաշվարկ» հաղորդաշարին, 08.09.2017
[24] «Ելք»-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ է ներկայացրել ԱԺ, «Առաջին լրատվական», 08.09.2017
[25] Արամ Սարգսյան, Ռազմական գործակցության նոր հեռանկարներ ՉԺՀ-ի և Հայաստանի միջև. Մոսկվան չի արտասվում, բայց ջղաձգվում է, «Առաջին լրատվական», 08.09.2017