Այսօր ԱԺ նիստում քննարկվեցին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, եւ բոլորն էլ մերժեցին մտցնել մեծ օրակարգ եւ քննարկում կազմակերպել:
«Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը ընտրել է դաշտը սեւ ու սպիտակ նայելու ճանապարհը: Դրա համար էլ նաեւ իր առաջարկը մերժեցին շրջանառության հարկի մասին:
Մելքումյանի ելույթից հետո իր տեղից սկսեց ռեպլիկներ անել եւ վիճել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ չհամաձայնեց, որ ընդդիմադիրների բոլոր առաջարկությունները մերժվում են. «Դինամիկան նայեք եւ կտեսնեք, որ լրիվ հակառակ պատկերն է: Այն բոլոր առաջարկությունները, որոնք տրամաբանական են, քննարկվում են մեծամասնության կողմից եւ դրանք կյանքի են բերվում: Եթե կա քննարկման անհրաժեշտություն, «ԱԺ կանոնակարգ» օրենքը ձեզ թույլ է տալիս այս նախագծերը ճանաչել հրատապ եւ քննարկել: Շոուի վերածելով այստեղ՝ որեւէ բանի չեք հասնի… Այդ 3 նախագծերը նպատակահարմար չէ, որ մտցվեն օրակարգ»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Հիմա եթե մի նախագիծ ընդունել եք, դա չի նշանակում, որ մի հատ գրավոր պիտի շնորհակալություն հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, մի հատ էլ արտահերթ նիստ հրավիրենք՝ այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար: Անհարմար է այստեղից այդպիսի բաներ ասել: Հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչերին՝ նստած տեղներից սպառնալիքներ չներկայացնել: Մեզ դժվար է մի քիչ սպառնալը: Կարծում եմ, սա պիտի որ վաղուց ձեր ականջին օղ արած լինեիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ