Գաղտնիք չէ, որ այսօր երկիրը շատերը լքում են ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից դրդված, այլ նաեւ տղա երեխաներին զինծառայության չուղարկելու համար։ Ու քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, քանի դեռ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի սահմաններին հրադադարի ռեժիմի խախտումները պարբերական բնույթ են կրում, մեծ կլինի նաեւ զինծառայությունից խուսափողների թիվը։ Սա հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ բացահայտվեց ԶՈՒ անմխիթար վիճակը /հանուն արդարության նկատենք, որ պատերազմից հետո արդեն իրավիճակը փոխվել է, եւ սահմանային զորամասերը հագեցել են նոր սպառազինություններով, համապատասխան սարքավորումներով/։
Այս փաստը ԱԺ հանձնաժողովի նիստում երեկ բարձրաձայնել է անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանը, որ տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԱԱԾ-ում՝ 2007-2013թթ. լինելով ԱԱԾ պետի տեղակալը։
Թեեւ նախարար Վիգեն Սարգսյանը փորձում էր համոզել, թե օրինագծի ընդունումով նման վտանգ չի առաջանա, քանի որ տարկետման իրավունքից օգտվում է բնակչության քիչ մասը, միեւնույն է, նախարարի արդարացումները համոզիչ չէին։ Համոզիչ չէին թեկուզ եւ այն առումով, որ այսօր պաշտոնական վիճակագրությամբ երեւում են արտագաղթի տեմպերը, հատկապես՝ աշակերտների թվի նվազումը։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2007/2008 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորել է 431.2 հազար աշակերտ, արդեն 2008/2009 ուսումնական տարում այդ թիվը կազմել է 414.8 հազար, 2009/10 ուստարում այդ թիվը հասել է 329.9 հազարի, 2010/11 ուստարում՝ 370.9 հազարի, եւ թիվն այսպես հետեւողականորեն նվազել է. արդեն 2016/2017 ուստարվա ավարտին աշակերտների թիվը կազմել է 364.8 հազար։ Այլ կերպ ասած՝ միայն աշակերտների թիվն այս տասը տարիների ընթացքում պակասել է 66.4 հազարով։
Բացի այդ՝ եթե 2007թ. Հայաստանում 15-19 տարեկան բնակիչների թիվը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 320 հազար, ապա 2016թ. այն պակասել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 179.7 հազար։ Ընդ որում, եթե 2007թ. Հայաստանում 15-19 տարեկան տղա բնակիչների թիվը կազմել է ընդհանուր բնակչության 10.1 տոկոսը, ապա արդեն 2016թ. այդ տարիքի տղաները կազմել են ընդհանուր բնակչության 6.6 տոկոսը:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում