«Նախագահի խոսքը կոնստրուկտիվ, իրողությունը ներկայացնող խոսք էր: Եթե գովեստի խոսք էր ասելու ամբողջությամբ… կասե՞ք, ոստիկանությունը երբ է, այսպես ասած, աբսալյուտ գովասանքի արժանացել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն`անդրադառնալով ոստիկանության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին: Նախագահ Սարգսյանը, հիշեցնենք, բավական քննադատաբար եւ մանրամասն, մասնագիտորեն խոսեց ոստիկանության բացթողումների մասին, անգամ մեղադրանքներ հնչեցրեց:
Նախկին ոստիկանապետն ասում է`չի հիշում, որ ոստիկանության գնահատականը երբեւէ միանշանակ գերազանց է եղել: Համենայնդեպս, ինքը նման բան չի հիշում: Բայց ասում է, որ ոստիկանության աշխատանքը շատ բարդ է եւ իր գործառույթն իրականացնելիս ոստիկանությունը, բնականաբար, պետք է ունենա «բացթողումներ»`նաեւ ոչ իրենից կախված: Ասում է`ամեն ինչ անթերի եւ հարյուր տոկոսով իրականացնել անհնար է: Համաձայն է նախագահի մատնանշած թերությունների հետ, թեեւ հետո ասաց, թե նախագահի ելույթը չի ընթերցել եւ ամբողջությամբ տեղյակ չէ նրա դիտարկումներից, բայց կարծում է, որ դա նախազգուշացում էր, որ իր հետագա գործունեության ընթացքում ոստիկանությունը հաշվի առնի դրանք:
Լրագրողների դիտարկմանն ինքը համաձայն չէ եւ, ի տարբերություն լրագրողների, նախագահի ելույթից տպավորություն չի ստացել, որ ոստիկանությունն անգործության է մատնված, ուստի պետք է ակնկալել ոստիկանապետի հրաժարականը: Ինքը բողոքում է, որ ոստիկանության լիազորություններն են սահմանափակ, ուստի որոշ թերացումներ նաեւ դրանով են պայմանավորված:
Մանրամասները` տեսանյութում
«Թողեք, թող ոստիկանությունը տեղը-տեղին իր գործառույթը կատարի»,- կոչ է անում Ալիկ Սարգսյանը: Հարցին`իսկ ո՞վ է խանգարում, պատասխանում է. «Բոլորը»: Նա հայտարարում է, որ ոստիկանության եւ կրիմինալի սերտաճման մասին չի ասում: Ավելին, ինքն այդ մասին երբեք չի ասել:
Դիտարկմանն էլ, որ ոստիկանությունն իր փոքր լիազորություններով փողոցում ժողովուրդ է ծեծում, ի՞նչ կլինի, եթե լիազորությունները մեծացնեն, հակադարձում է. «Էդ ժողովուրդ ծեծելն էլ ճիշտն ասած… գիտեք ինչ, ես երբեւէ, բռնապետի խառնվածք չունեմ, իմ գործունեության ընթացքում էլ երբեւիցե էդպիսի դրսեւորում չեմ ունեցել: Բայց մի հատ նայեք ձեր շուրջը, աշխարհի իրադարձությունները`Հունաստանը…»: Ինքը չի ասում`արդարացված է, բայց նկատում է. «Պահեր են լինում, որ մի քիչ չափ անցնելու կա: Միգուցե իրավաչափության խնդիրը մի փոքր խախտվում է, բայց չէ, որ դրա կապակցությամբ էլ մարդիկ են պատժվում, ծառայողական քննություն է գնում: Դուք ի՞նչ, ուզում եք, որ ոստիկանը մեկի թեւը բռնելուց անպայման պիտի դատվի՞: Ու էդքանից հետո ոստիկա՞ն եք ուզում ունենալ: Ես չգիտեմ ի՞նչ ծեծելու մասին է խոսքը: Ոստիկանությունը ծեծելու իրավունք չունի, իսկ քաղաքացին ունի՞ իրավունք ոստիկանին անպայման ընդդիմանալու, ոստիկանի քիթը ջարդելու: Պաշտպանվելը հաստատ բռնություն է ձեր աչքին երեւում: Էդպես չի կարելի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ