Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան անթաքույց դժգոհում է Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրից

Հոկտեմբեր 24,2017 22:00

Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վերջապես հրապարակվեց հայերեն եւ անգլերեն լեզուներով: Եվ ցանկացած դժգոհություն կամ գոհունակություն արտահայտելու հիմքերն այլեւս կարելի է ամրապնդել, վիճարկել հրապարակված տեքստի համապատասխան դրույթներով: Դե, իսկ մնացածն արդեն ճաշակի եւ բարեխղճության հարթության վրա է:

Բազմիցս ասվեց, որ այս նոր համաձայնագիրը հաշվի է առնում Հայաստանի, այսպես կոչված, «պարտավորությունները» ԵՏՄ-ի շրջանակներում, որ որեւէ հակասության մեջ չի մտնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների իրավապայմանագրային բազայի որեւէ դրույթի կամ փաստաթղթի հետ: Մամուլն էլ հայտնեց, որ ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագիրը փորձաքննություն է անցել Մոսկվայում, եւ կարծես ոչ ոք չի գտել որեւէ խոչընդոտ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհին:

Սակայն իրականությունն ավելի բարդ է, քան այն կարելի է պատկերացնել՝ հարցի զուտ իրավաբանական կողմը հաշվի առնելով: Որովհետեւ ռուսական պետական եւ պետականամերձ շրջանակներն անթաքույց դժգոհում են անգամ համաձայնագրի փաստից, եւ ռուսական պետական քարոզչության ստորաբաժանումները Հայաստանում ուղղակի գրոհ են սկսել ընդդեմ այդ համաձայնագրի:

Վստահաբար կարելի է պնդել, որ դա չի կարող լինել մի խումբ դժգոհ մարդկանց ինքնագործունեություն, ինչ-որ էմոցիոնալ դրսեւորում կամ հիմարության արդյունք: Սա քաղաքականություն է, քաղաքական դիրքորոշում, որը տրված է բարձրաձայնելու մի խումբ ենթակա մարդկանց:

Այդ գրոհի գլխավոր թիրախները նույնպես ուրվագծվեցին. «գեյեր», «ինցեստ» եւ ատոմակայան, այնուհետեւ դրան գումարվեց Արամ Գասպարիչ Սարգսյանի մտահոգությունը, որ չնայած նա չի կարդացել համաձայնագրի տեքստը, սակայն դեմ է ստորագրմանը, քանզի այն «սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը»:

Եվ այսպես, այլաբանորեն ասած՝ ինչո՞ւ է «աղմկում Մոսկվա-գետը»: «ԵՏՄ ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, որի հոդվածը հրապարակվում է «Սպուտնիկ Արմենիա»-ում՝ «հատուկ» ռուսական պետական լրատվամիջոցի համար նշումով, ուղղակի տագնապ է հնչեցնում: Նախ՝ «գեյերի խնդիրը», Երեւանում «սպասվող ինցեստ-պարադները» եւ նման բնույթի կոնսպիրոլոգիան ներդրվում են ցույց տալու համար, որ «նենգ Եվրոպան» մտադիր է «քանդել ավանդական հայկական ընտանիքը»: Մինչդեռ խոսք է գնում խտրականությունը բացառելու մասին, ինչն ուղղակի սահմանադրական նորմ է:

Այդ հատվածը համաձայնագրում անգլերենով հետեւյալն է. «equal opportunities and antidiscrimination, aiming at enhancing gender equality and ensuring equal opportunities between women and men, as well as combating discrimination based on sex, racial or ethnic origin, religion or belief, disability, age or sexual orientation;»: Այսինքն՝ խոսքը գնում է գենդերային (սեռային) հավասարության, հնարավորությունների, հակախտրական վերաբերմունքի ապահովմանը կանանց եւ տղամարդկանց միջեւ, ինչպես նաեւ խտրականության բացառմանը՝ հիմնված սեռի, ռասայական կամ էթնիկ ծագման, կրոնի կամ հավատամքի, հաշմանդամության, տարիքի կամ սեռական կողմնորոշման վրա: Կրկնենք՝ խտրականության բացառում: Այս հանրահայտ նորմերը սեւով սպիտակի վրա գրված են այն բոլոր միջազգային իրավական փաստաթղթերում եւ հռչակագրերում, որոնց տակ դրված է թե Հայաստանի, թե «մեր ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի ստորագրությունը: Բացի դրանից, խտրականությունն արգելված է օրենսդրորեն թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Հետեւաբար մենք գործ ունենք կամ պարզ ապուշության, կամ միտումնավոր շահարկումների հետ՝ ուղղված նրան, որ համաձայնագրի նկատմամբ հասարակության մոտ հարուցվի ինչ-որ կոնսպիրոլոգիական մառազմ որպես հարմար ֆոն, որպեսզի այդ ֆոնին Եվրոպան երեւա որպես «վատը» եւ «անբարոյական», իսկ «դաշնակից» Ռուսաստանը՝ հակառակը, այն է՝ «լավը» եւ «բարոյական»:

Սա նույն որակն է, ինչի ականատեսը եղանք ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի հանրային քննարկումների ընթացքում, որոնք լայնորեն լուսաբանվեցին հայկական մամուլի կողմից, եւ դրա, այսպես կոչված, «ընդդիմախոսները» հարուցեցին նույնիսկ իշխանության որոշ ներկայացուցիչների զարմանքը, տարակուսանքը եւ զայրույթը, իշխանության, որը, մեղմ ասած, իր բարքերի առաջադիմությամբ առանձնապես չի փայլել երբեք: Ի վերջո, խոսքը գնում է նրա մասին, որ չի կարելի անպատժելիորեն բռնության ենթարկել ընտանիքի անդամներին, եւ այդ բռնությունը չի կարող լինել «ավանդական»: Իսկ բարոյականության դիրքերից հանդես եկող ռուսներն ու ռուսամետներն ուղղակի թող ռուսական ցանկացած մեծ քաղաքի դպրոցների շրջակայքում օրվա վերջում հաշվեն թափված ներարկիչները եւ ապահովիչները ու այլեւս գլուխ չտանեն…

Նույնը ատոմակայանին է վերաբերում: Համաձայնագրում գրված է. «closure and safe decommissioning of Medzamor nuclear power plant and the early adoption of a road map or action plan to that effect, taking into consideration the need for its replacement with new capacity to ensure the energy security of the Republic of Armenia and conditions for sustainable development;»: Այսինքն՝ փաստաթուղթը նշում է Մեծամորի ԱԷԿ-ի փակելը եւ անվտանգ հեռացումը եւ այդ նպատակով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղ ընդունումը՝ հաշվի առնելով դրա փոխարինման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ կայուն զարգացման պայմանների ապահովման նոր հնարավորությունների ստեղծումը: Այլ բան չկա՛ փաստաթղթում, խոսք է գնում ճանապարհային քարտեզ ձեւավորելու մասին: Իսկ ահա պարոն Լեպյոխինը ՀԱԷԿ-ի փակելը համարում է «տրոյական ձի», վերջնագիր, որ եվրաչինովնիկները «հարված են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին» եւ այլն:

Ի վերջո, Մեծամորի ԱԷԿ-ը վաղ թե ուշ պետք է փակվի, եւ դա ոչ ոք ժխտել չի կարող, եւ դա պետք է արվի հնարավորինս անվտանգ, անցնցում՝ դա էլ հնարավոր չէ ժխտել: Եթե դրա փոխարեն կառուցվի նոր ԱԷԿ, ապա պարզ է, որ այն չպետք է լինի ռուսական, քանզի ոչ մի զարգացած երկիր իր տարածքում ռուսական մոդելի ԱԷԿ չի կառուցում՝ այն համարելով, մեղմ ասած, ոչ այնքան հուսալի, իսկ տեխնոլոգիական առումով՝ ոչ առաջադեմ: Իսկ եթե այն փոխարինվի այլ էներգետիկ հզորություններով, այն է՝ վերականգնվող էներգետիկայի, ապա այդտեղ ռուսները մեզ հաստատապես առաջարկելու ոչինչ չունեն: Ռուսական «Գազպրոմ»-ի կառուցած Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը նույնիսկ սակագնային «առաստաղից» է թանկ եւ անարդյունավետ, չնայած հրամցվեց որպես «առաջատար»: Իսկ այլ աղբյուրների հետ կապված նույնիսկ քննարկելն իմաստ չունի:

Պարոն Լեպյոխինն այդտեղ մասամբ իրավացի է: Ի վերջո, Հայաստանի ցանկացած քայլ զարգացման ճանապարհին՝ լինի դա տնտեսական զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, հարաբերությունների զարգացում արտաքին աշխարհի հետ, «հարվածում» եւ «հարվածելու» է հայ-ռուսական հարաբերություններին, որոնք անցնելու են քաղաքագիտության դասագրքեր որպես առանձին անոմալիա, եւ նրանց շարունակությունը ներկայիս հարթության վրա հնարավոր է միայն թույլ, հետամնաց, ստորացված, լքվող, մեկուսացված, իր գոյությունը քարշ տվող Հայաստանի գոյության պարագայում: Այդպիսի Հայաստանին է պետք «փրկիչ» Ռուսաստան, իսկ այլ Հայաստանը միանգամայն ի զորու է ինքն իրեն փրկելու եւ առաջին հերթին՝ փրկելու եւ ազատելու պարոն Լեպյոխինի վերադասի կողմից կառավարվող Ռուսաստանից:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Իսկ Արամ Գասպարիչին վատ բան չասեք: Նրա դիրքորոշումներն արդյունավետ կերպով կողմնորոշում են մարդկանց:

«Առավոտ»

24.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031