Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեսաձայնագրության մեջ կտեսնեինք, որ այդ մարդու աչքը կապտած է, կամ ծեծել են, նոր են հարցաքննել». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2017 11:24

«Այս կառավարությունը բնավ օրիգինալ չէ, շարունակում է նախորդ բոլոր կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվեյերային սիստեմով մերժել ընդդիմության ներկայացրած նախագծերը»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը,՝ ներկայացնելով նախագիծը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովում այս նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել: Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Գեւորգ Պետրոսյաննը նախագծով առաջարկում են, որ կասկածյալի եւ մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրվեն: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ դա ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է:

Ըստ նրա, կարող են գումար գտնել եւ հարցաքննությունների սենյակները ապահովել տեսաձայնագրող սարքավորումներով: Տիկին Զոհրաբյանը հորդորեց, որ գոնե մեկ անգամ այլ մոտեցում որդեգրեն եւ կոնվեյերային սիստեմով չմերժեն առաջարկը, ինչ է թե այն առաջարկել է ընդդիմությունը:

ՀՀԿ պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ նպատակը հասկանալի է, բայց ինչո՞ւ միայն մեղադրյալի եւ կասկածյալի հարցաքննությունները պետք է տեսաձայնագրվեն. «Ապացուցողական բազայի 90 տոկոսը ձեւավորում են վկաներն ու տուժողները: Եթե խոսում ենք նրա մասին, որ պատշաճ ապացուցողական բազա ձեռք բերվեն առանց խոշտանգումների, հենա թող լինեն ե՛ւ վկաները, ե՛ւ տուժողները, եւ կասկածյալները, ե՛ւ մեղադրյալները: Խնդիրն ինչումն է՝ տեսաձայնագրությունը, որպես ապացույց ներկայացնելը ինքնին կաշկանդում է ե՛ւ մեղադրյալին, ե՛ւ տուժողին: Այսինքն, այն սուբյեկտը, որը տեսաձայնագրությամբ ցուցմունք է տվել, նա դատաքննության փուլում արդեն իսկ կաշկանդված է լինելու ինքն իր կողմից տված ցուցմունքով»:

Կոստանյանն ասաց, որ շատ երկրներում սկսել են հրաժարվել տեսաձայնագրելուց. «Ես չեմ ուզում մտնել տեխնիկական չափանիշների դաշտ: Որպես կանոն, ցուցմունքների տեսաձայնագրությունը կիրառվում է դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ, դա դիտվում է՝ որպես ցուցմունք տվողին կաշկանդելու միջոց: Ցուցմունք տվող անձը շատ ժամանակ փոխում է իր ցուցմունքը՝ հակասելով մեկը մյուսին, մենք կաշկանդելու ենք ցանկացած սուբյեկտի, ով ցուցմունք է տալիս: Առաջին հայացքից մենք լավ բան ենք անում, բայց պրոբլեմ ենք ստեղծելու: Իմ կարծիքով, անիմաստ ժամանակ չարժի ծախսել այս օրենքի վրա, քննարկել այն»:

«Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ եթե բացասական եզրակացություն է ստացել նախագիծը զուտ այն բանի համար, որ տուժողների ու վկաների համար չի ներկայացվել, կարող էին առաջարկել եւ ավելացնեին նախագծում. «Ինչ վերաբերում է տեսաձայնագրության պարագայում կաշկանդվելուն, մենք տեսաձայնագրության մեջ կտեսնեինք, որ այդ մարդու աչքը կապտած է, կամ ծեծել են, նոր են հարցաքննել»: Կոստանյանն էլ ասաց, որ խոշտանգումը միայն աչք կապտացնելով չի լինում, կարող է հոգեբանական ճնշման էլ ենթարկված լինի, օրինակ, որը տեսաձայնագրությամբ չի երեւա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ ասաց, որ ցուցմունքը այսպես թե այնպես գրավոր արձանագրվում է, հետեւաբար ասել, որ տեսաձայնագրելով կաշկանդվելու են՝ տեղին չէ. «Որեւէ խոչընդոտ չկա տեսաձայնագրելու»: Կոստանյանը հակադարձեց՝ գրավոր ցուցմունքը չի կաշկանդում, որովհետեւ ասում է,որ իր ձեռագրով չի եղել, օրինակ, կամ ստիպել են, հարկադրել են այլ կերպ, դրանք համադրելի չեն:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը դժգոհեց, որ չեն թողնում անգամ ԱԺ-ում քննարկել նախագիծը, հնչեցնել կարծիքները. «Դա նշանակում է, որ որոշումները ԱԺ դահլիճում չի, որ ընդունվում են, սա նշանակում է, որ սա ընդամենը արարողակարգ է: Առաջարկում ենք հնարավորություն տալ քննարկել սա»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ արձագանքեց, որ բոլոր պառլամենտերում սա սովորական ընթացակարգ է, որ հանձնաժողովներում այն քննարկեն, արդեն քննարկվել է:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ մերժվեց 34 կողմ, 51 դեմ եւ 6 ձեռնպահ արդյունքով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031