Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք տեսնել՝ կալանավորի մատները կտրե՞լ են, թե՞ չէ, խոշտանգե՞լ են, թե՞ չէ». Փաշինյանի նախագիծը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2017 11:07

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր առաջարկը՝ փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում: Գործող օրենքը սահմանում է` ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ՝ առանց հատուկ թույլտվության, մինչդեռ գործնականում դա չի իրացվում: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել:

Փաշինյանի խոսքով՝ «Պատգամավորը ՔԿՀ տարածքում որեւէ խոչընդոտի չպետք է հանդիպի: Կիրառական պրակտիկայում հաճախ այս իրավունքը սահմանափակվում է, երբ քննիչի կողմից կալանավորված անձի տեսակցությունների սահմանափակման որոշում է կայացված: Արդյունքում՝ այն վերահսկման գործառույթը, որ դրված է օրենքի մեջ, չի իրականացվում: Օրինակ, ընտողը՝ կինը զանգում է պատգամավորին, ասում է ամուսինս ՔԿՀ-ում է եւ կոպիտ օրինակ եմ բերում՝ եղունգները քաշել են, մատները կտրել են: Պատգամավորը գնում մտնում է քրեակատարողական հիմնարկ եւ ասում է՝ այսպիսի ահազանգի վրա ենք եկել եւ ուզում եմ տեսնել՝ կալանավորված անձի եղունգները, մատները տեղում են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է: Ասում է՝ քննիչն արգելել է տեսակցությունները: Մենք ասում ենք՝ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք տեսնել՝ այդ մարդու մատները կտրե՞լ են, թե՞ չէ, խոշտանգե՞լ են, թե՞ չէ: Այդ մարդը կենդանի՞ է, թե՞ չէ, ձեռը ջարդա՞ծ է, թե՞ չէ, սովի՞ է մատնված, սննդից զրկվա՞ծ է, թե» չէ: Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում»:

Փաշինյանը մի թարմ օրինակ էլ բերեց. «Արմավիր ՔԿՀ-ը բաղկացած է 5-6 մասնաշենքից, ամեն մասնաշենքը ունի 30 խցիկ: Ես մոտենում եմ ոչ թե խցիկին, այլ մասնաշենքի դռանը, ասում եմ՝ բացեք այս դուռը, ես պետք է ներս մտնեմ, ասում է՝ չէ, որովհետեւ ներսում կալանավորներ կան, որոնց հետ քննիչը տեսակցությունն արգելել է: Սա աբսուրդ է, պատգամավորի իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սա պետք է վերացնել»:

Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ պատգամավորի՝ ՔԿՀ այցելելը պետք է նպատակ ունենա ուսումնասիրել սանիտարահիգիենիկ պայմանները, դեղորայքի առկայությունը, ճաշի որակը եւ նմանատիպ այլ խնդիրներ: ՔԿՀ-ում պատգամավորը կկարողանա հաղորդակցվել այն կալանավորների հետ, որոնք ունեն դժգոհություններ: Այս նախագծում վիճահարույց խնդիրն այն է, որ դիցուք, 1000 կալանավորներ են պահվում, որոնց մեջ կարող են լինել 20-ը, որոնց մասով քննիչի կողմից որոշում կա սահմանափակել տեսակցությունները: Փաշինյանն առաջարկում է, որ թույլ տան նրանց հետ էլ հաղորդակցվել: Մենք առաջարկում ենք իրենց տեղափոխել մեկ այլ խուց եւ հնարավորություն տալ պատգամավորին հանդիպել այն կալանավորներին, որոնց մասով որոշում չկա: Եթե ահազանգ կա, որ կալանավորի եղունգները քաշել են կամ մատները կտրել են, պատգամավորը կարող է դիմել ՄԻՊ-ին՝ օմբուդսմենին:  Ըստ Մախմուդյանի, փոքրիկ թվաքանակով կալանավորների հետ տեսակցություն կատարելու արգելքը չի կարող ստիպել, որ օրենքում փոփոխություններ կատարեն:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը նախագծի քվեարկությունից առաջ հորդորեց այն մտցնել օրակարգ, զուտ հնչեցնեն իրենց տեսակետները. «Մենք ընդամենը ուզում ենք բովանդակային քննարկում հրահրել, որի արդյունքում կարող են նաեւ կողմ քվեարկել, կարող են նաեւ դեմ քվեարկել: Մեզ զրկում եք լսված լինելու իրավունքից»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս հակասահմանադրական որոշումը Հրայր Թովմասյանից է գալիս, երբ նա նախարար էր, այս մոտեցումն է որդեգրել, հիմա էլ ԱԺ հանձնաժողովի նախագահն է, նորից շարունակում է նույնը. «Այս նորմը գործել է, պատգամավորները մուտք են գործել եւ հանդիպել քննիչի կողմից արգելված կալանավորներին: Այս հստակությունը օրենքում մտցնենք, որ այլ մեկնաբանություններ չլինեն»: Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց, որ առ այսօր այդ որոշումները որեւէ կարգով՝ անգամ վարչական կարգով չեն բողոքարկվել:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ մերժվեց՝ 51 դեմ, 6 ձեռնպահ-ով, կողմ էր քվեարկել 35 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031