Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացած իրողության պայմաններում նման քննարկումներն ավելի շուտ քարոզչության տպավորություն են թողնում. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 24,2017 10:25

Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն, ինչ խոսք, կարեւոր իրադարձություն է Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգում։ Հարկավ, իրադարձությունը կարող է նաեւ ներքաղաքական որոշ աշխուժություն հարուցել՝ տարատեսակ մեկնաբանությունների, այդ թվում՝ «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» ծեծված թեմայի շրջանակներում։

Դժվար չէ նկատել եւ այն, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարեւոր այս իրադարձությունը ժամանակային առումով նախորդում է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, որը, ինչպես հայտնի է, նախատեսված է առաջիկա նոյեմբերին։ Իրադարձությունների նման ժամանակային հերթագայությունը ինքնին որոշակի դիտարկումների ու խորհրդածությունների լավ առիթ է տալիս։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու քիչ հարցեր չունեն։ Եթե այլ բան չլինի էլ, ապա համեմատաբար նորակազմ տնտեսական միության դեպքում միանգամայն օրինաչափ է օրակարգային հարցերի առատությունը։ Մանավանդ՝ դժվար չէ նկատել, որ օրակարգային հարցերի շարքում բոլոր կամ գրեթե բոլոր խնդիրներն ուղղակիորեն առնչվում են մեր տնտեսությանը՝ սկսած ԵԱՏՄ ներքին շուկային առնչվող հարցերից, վերջացրած, օրինակ, տրանսպորտային հարցերով։

Բայց ինչն է առավել ուշադրություն գրավում այս ամենի հետ կապված՝ լայն ընդգրկմամբ։ Վերջին տարիներին հայրենի քաղաքական միտքը, եթե կարելի է այդպես ասել, ավելի շատ ու առավել հաճախ դիտարկում է երկընտրանքին վերաբերող հարցեր, մոտավորապես այս դրվածքով՝ ավելի լավ չէ՞ր լինի, եթե ԵՄ հետ համագործակցությունը կնքվեր մի քանի տարի առաջ, այլ ոչ թե ԵԱՏՄ-ին անդամակցեինք։ Կամ՝ ինչեր կշահեինք ԵՄ հետ համագործակցության դեպքում, իսկ ԵԱՏՄ-ում միայն կորուստներ ենք կրում, եւ այլն, եւ այսպես շարունակ։

Եթե ավելի կտրուկ ու շիտակ ասենք, այս հարցերում հայրենի քաղաքական, վերլուծական շրջանակները կամ դրանց ներկայացուցիչների մեծ մասը հիշեցնում են այն ուշացած ուղեւորներին, որոնք քննարկում են՝ ընդհանուր վագոնի՞ տոմս գնել, թե՞ կուպեի, այն դեպքում, երբ գնացքն արդեն վաղուց շարժվել է ու համարյա հասնում է մեկ այլ կայարան։

Ավելին՝ կայացած իրողության պայմաններում նման քննարկումներն ավելի շուտ քարոզչության տպավորություն են թողնում՝ «քշի, Նաջարյանը փոշմանել է» տարբերակով, ավելի շուտ հանրության տրամադրությունների, քան քաղաքական իրողությունների վրա ազդելու հաշվարկով, բնականաբար։

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031