Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում դժբախտ դեպք էր տեղի ունեցել Ալագյազի զորավարժարանում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զորավարժությունների ժամանակ։ Զորավարժությունների ընթացքում Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը, զենքի հետ անզգույշ վարվելով, պատահաբար կրակել էր ծառայակցի վրա, այնուհետ ինքնասպանություն գործել։
Այս տեղեկությունը ժամեր շարունակ մեզ չէր հաջողվում պաշտոնապես ճշտել, քանի որ ռազմաբազայի մամլո քարտուղար Անդրեյ Դոբրովն անջատել էր իր հեռախոսը, ռուսական կողմը ՀՀ ոստիկանությանը դեպքի մասին չէր տեղեկացրել։
Ինչևէ, Հարավային զինվորական օկրուգը մեր հրապարակումից ժամեր անց մեզ պաշտոնական հաղորդագրություն է ր ուղարկել՝ տեղեկացնելով հետևյալը․ «Հոկտեմբերի 23-ին Ալագյազի զորավարժարանում (այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում), զորավարժություններից հետո, երբ հանձնում էին զենքը, պայմանագրային զինծառայողը, կոպտորեն խախտելով անվտանգության պահանջները, ոչ ճիշտ կրակելով ինքնաձիգից, մահացու վիրավորում է հասցրել ծառայակից ընկերոջը, որը նույնպես պայմանագրային զինծառայող է։ Վախենալով կատարվածից ու ընկերոջ մահվան համար պատասխանատվություն կրելուց, զինծառայողը ինքնասպանություն է գործել»։ Հանգամանքները քննելու համար դեպքի վայրում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ