Ուսանող տղաների մի խումբ ցույցեր է անում. նոր օրենքի ընդունումից հետո մագիստրատուրան այլեւս բանակից չի ազատի, իսկ տղաները, հավանաբար, չեն ուզում մագիստրատուրայում սովորել բանակում ծառայելուց հետո: Նրանք ուզում են սովորել բանակում ծառայելու փոխարեն՝ հայոց գիտությունն են ուզում առաջ շարժել, իսկ զինծառայությունը, ըստ երեւույթին, նրանց խանգարելու է:
Նախ` ինձ թույլ տամ կասկածի տակ դնելու որոշ մասնագիտությունների դեպքում մագիստրատուրայի անհրաժեշտությունն ընդհանրապես: Եթե մարդը, ենթադրենք, լրագրող է` ի՞նչ է նա անում մագիստրատուրայում` լրագրության գիտնակա՞ն է դառնում: Ինձ թվում է՝ բակալավրիատից հետո նա պետք է գնա լրատվամիջոց եւ աշխատի: Կամ` եթե ջութակահար է, ջութակի գիտությա՞մբ է զբաղվելու: Այլ հարց է, եթե նա միջազգայնորեն ճանաչված տաղանդ է, ասենք` Սերգեյ Խաչատրյանի նման: Այդպիսի երիտասարդները հատուկենտ են, եւ նրանց ընդհանրապես պետք է ազատել բանակից, ինչպես եւ միջազգային լուրջ օլիմպիադաների հաղթողներին: Բայց այդ ամենը մագիստրատուրայի եւ տարկետման հետ կապ չունի:
Կան, իհարկե, ասպարեզներ, հիմնարար գիտություններ, որտեղ երիտասարդ կադրերի անհրաժեշտությունը կա: Բայց մի՞թե բանակն է խանգարում այս ոլորտների զարգացմանը: Եկեք հարցին պատասխանենք բացառման սկզբունքով: Հայաստանում 25 տարի տարկետման իրավունքը գործում է, ի՞նչ է՝ դրանից գիտությունը (ինչպես նաեւ կրթությունը) բուռն զարգացո՞ւմ են ապրում: Ոչ, հակառակը՝ դրանք գահավիժում են: Իսրայելում ընդհանրապես չկա ոչ մի տարկետման իրավունք, եւ այնտեղ գիտությունն ու կրթությունը ծաղկում են:
Հետևաբար` մեր գիտության տխուր վիճակի պատճառները պետք է փնտրել այլ տեղերում: Ավելին՝ գուցե դրան որոշ չափով նպաստում են մեծ մասամբ ձեւական բակալավրիատը, ավելի անիմաստ մագիստրատուրան, գիտության հետ որեւէ կապ չունեցող ասպիրանտուրան եւ անպետք թեկնածուական թեզերը: Այդ փուլերն անցնում են նաեւ աղջիկները, բայց հատկապես տղաների համար դա ճանապարհ է բանակից ազատվելու, իսկ այդպես չպետք է լինի: Կրկնեմ՝ դա ներկա իրավիճակի պատճառներից մեկն է, գուցե ոչ ամենակարեւորը:
Ինչ անել՝ ես չգիտեմ: Միայն կարող եմ հիշեցնել, որ գրեթե միակ ոլորտը, որտեղ մեր գիտությունը զարգանում է, տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Որովհետեւ զարգանում է այդ արտադրությունը, այդ բիզնեսը: Ընդ որում՝ առանց մագիստրատուրաների, ասպիրանտուրաների եւ թեկնածուական թեզերի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մկրտչյան Լյովան ու Հարությունյան Սամվելն ասում են, որ կրթությունն ու գիտությունը ծաղկում են, դուք ասում եք գահավիժում են: Բա եղա՞վ, բա կարելի՞ է:
Դպրոցից յետոյ բանակ գնալը՝ այսինքն ուսումն ընդհատելը, չի կարող ազդել գիտութեան վրայ: Այլ հարց է, որ բանակում տիրող անառողջ մթնոլորտն է, որ յետագայում նրանց հեռացնում է գիտութիւնից:
Մեր հասարակութիւնը պիտի խօսի պարզ ու յստակ. տղաների (նրանց ընտանիքների) գերակշիռ մասը չի ուզում ծառայել բանակում՝ այնտեղ տիրող յոռի բարքերի եւ պատերազմական իրադրութեան պատճառով: Մեծ մասի ուշքն ու միտքը ծառայութիւնից խուսափելն է, իսկ տարկէտումը յարմար պատրուակ էր: Ես կարծում եմ, որ տարկէտումը վերացնելու դէպքում, մարդիկ այլ միջոցների կը դիմեն՝ ընդհուպ մինչեւ արտագաղթ:
Ես եւս խուսափել եմ ծառայութիւնից եւ դա արել եմ միանգամայն գիտակցուած: Չունենալով ո՛չ փող, ո՛չ էլ ԽԾԲ, իմ միակ յոյսը ե՛ս էի, խե՛լքս ու Աստուա՛ծ:
2008-ին իմ ուժերով գնացի Իսրայէլ սովորելու, որտեղ «գիտութիւնն ու կրթութիւնը ծաղկում են» ու 6 տարով ընկայ հետախուզման մէջ՝ իր բոլոր դժուարութիւններով հանդերձ 🙂
Հայաստանում ուսման մակարդակը էական պատճառներէն մէկն է որ արեւմտեան Սփիւռքից հայրենադարձներու քանակը եղաւ չնչին ու կը մնայ աննշան: Այդ ուղղութեամբ որեւէ այլ նկատողութենէ առաջ, այս է ամենալուրջ խնդիրը: Յետոյ կու գայ բժշկական խնամքի հարցը – թէկուզ այդ մէկը կարելի է որոշ չափով լուծել՝ կամ փողով, կամ ել պարբերաբար դուրս երթալ-գալով – :
Ամենացաւալին այն է թէ Հայաստանի պատանիներն ու երիտասարդները խորապէս ծարաւ են ուսման, զարգացման, մտքի մշակման, աշխատասէր են, եւ իսկապէս բարձ աստիճանի խելացութիւն ունին: Սակայն ափսոս, ուսման խղճալի մակարդակի պատճառով, այդ ամէնը մսխւում է, եւ անոնք հարկադրուած են մնալու յարաբերաբար անգէտ:
Ձեր առարկութիւնները տրամաբանօրէն ընդունելի են-եղած դիտողութիւններն ալ տեղին են-
Այս Հարցին լրջօրէն մօտեցողը ինձ կը թուի Պաշտպանութեան նախարարն է որ նախագահին կողմէ լաւ ընտրութիւն մը եղաւ ; Բանակը և կրթութիւնը մեր զոյգ վիրաւոր թեւերն էին ,մին սկսաւ բարելաւուիլ միւսը կը սպասէ իր կարգին,զիրար ամբողջացնող ամենակարեւոր հարցերն են որոնց իմաստուն լուծումը շատ բան կրնայ փոխել; Իսրայէլի մասին շատ կը խօսինք-բոլորովին անտեղի չէ-նմանութիւններ շատ ունինք և նաեւ արմատական տարբերութիւններ ; մեր հողերը օտարներ ներխուժած են ,մինչ իրենք անցած են զինու զօրութեամբ իրենց սահմանները,հոս կը դադրի նմանութիւնը բայց ոչ գործելաոճը; Միայն յառաջացեալ գիտութիւնը մեզի ապահովութիւն կրնայ տալ պահելու և զարգացնելու մեր գոյութիւնը և տէր կանգնելու մեր իրաւունքներուն ;
Ա Բանակում պետք է լինեն ՝մտավորական՝ զորքեր՝ ռազմական ծրագրավորողներ ու նման բաներ,
Բ Մնացածները, որոնք Ա կետին չեն համապատասխանում պետք է իմանան, որ լուրջ իրադրության դեպքում միեւնույնն է նրանց զորակոչելու են, իսկ քիչ փորձ ունեցող զինվորի զոհվելու ու դրանով հրամանը չկատարելու հավանականությունը անհամեմատ մեծ է, քան բանակում ծառայածի համար: