Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ու Ալիեւը կարողացել էին անձնական հարաբերություններ հաստատել. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 23,2017 23:35
aliev

«Ամերիկայի ձայն». Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները՝ փոխանցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին:

«Պատմությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է մեկն, ով կարող է իր ամբողջ ուշադրությունը նվիրել խնդրին, լիովին կենտրոնանալ այս հարցերի վրա», – նշում է Քավանոն:

Դեսպան Քավանոյի խոսքով, նամակն իր համար անակնկալ էր.

«Ինձ դա անհանգստացնում է, քանի որ կարծում եմ, Միացյալ Նահանգների համար կարեւոր է պահպանել եռանախագահությունում ներկայությունը. Դա այն հավասարությունն է, որին կողմերն արդեն սովորել են»:

Պետք է նաեւ հիշել, որ պետքարտուղարի նամակում նշված նախաձեռնությունները կարող են հերքվել օրենսդիրների կողմից, ավելացնում է դեսպանը. «Մենք տեսանք, ինչպես բյուջեին վերաբերող առաջարկները ոչնչացվեցին Կապիտոլիումում»:

Մինսկի խմբում ԱՄՆ-ի մյուս համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը նույնպես չի շտապում մեկնաբանել Բոբ Քորքերի հրապարակած նամակը, ընդգծելով, որ իր կարծիքով, կարեւոր է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավար անձինք տեղեկացված եւ ներգրավված լինեին ղարաբաղյան կարգավորման մեջ.

«Հավատացած եմ, որ ներկա վարչակազմի համար կարեւոր է ներգրավված լինել եւ այդ ներգրավման սկզբնակետը, այսպես ասած, «սրի ծայրը» Էնդրյու Շոֆերն է: Ես գիտեմ, որ նա ներկա էր Ժնեւի գագաթաժողովին։Ակնկալում եմ, որ նա լիարժեք ներգրավված կլինի բոլոր գործընթացներում»:

Անդրադառնալով Ժնեւում տեղի ունեցած հայ-ադրբեջանական գագաթաժողովին՝ դեսպան Ուորլիքը նշեց նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ դեմ առ դեմ զրույցների կարեւորությունը.

«Կարող եմ սեփական փորձից ասել, որ նրանց միջեւ տեղի են ունենում անկեղծ զրույցներ, որը շատ կարեւոր է առաջընթաց արձանագրելու համար»:

Նախագահների միջեւ երկկողմ հանդիպումների կարեւորությունն ընդգծում է նաեւ դեսպան Քավանոն, ով հատկապես կարեւորեց ոչ պաշտոնական բանակցությունների դերը.

«Նախագահների միջեւ ոչ պաշտոնական հարաբերությունները կարգավորման բանալիներից մեկն է: Մենք հիշում ենք, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը հաստատել էին նման հարաբերություններ: Նրանք ընկերներ չեն եղել, սակայն, հասկանում էին միմյանց եւ կարողանում էին սերտորեն աշխատել միասին»:

Հենց անձնական հարաբերությունները ղեկավարների միջեւ, ըստ միջնորդների, կարող են կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման հարցում: Մյուս բաղադրամասն է՝ ձեռքբերված համաձայնությունների իրականացման հարցում քաղաքական կամքի առկայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031