Ինչպես տեղեկացնում են 102-րդ ռազմաբազային մոտ կանգնած աղբյուրներն, այսօր կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Ալագյազի զորավարժարանում։
Զորավարժությունների ընթացքում Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը, զենքի հետ անզգույշ վարվելով, պատահաբար կրակել է ծառայակցի վրա, այնուհետ ինքնասպանություն գործել։ Ռուսական ռազմաբազայի ողջ սպայական կազմը, ըստ նույն աղբյուրների, այս պահին Արագածոտնի մարզում է։
Ի դեպ, այս նույն տեղեկության մասին գրառում է կատարել նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նկարագրելով կատարվածը ու նշելով, որ, ըստ իր հավաստի տեղեկությունների, կա 2 զոհ։
Մի քանի ժամ է՝ մենք փորձում ենք պաշտոնապես ճշտել այս տեղեկությունը, ռազմաբազայի մամլո պատասխանատուի հեռախոսահամարն անհասանելի է, Շիրակի մարզի իրավապահների փոխանցմամբ էլ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում, հետևաբար և իրենք չեն կարող ոչինչ ասել դեպքի մասին։
ՀՀ ոստիկանությունից ևս չկարողացան ոչինչ փոխանցել․ վերջինիս ռուսական կողմը տեղյակ չի պահել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ