Մեր գլխավոր խնդիրները մնում են անփոփոխ ու լավ հայտնի են. դրանք են ոչ էֆեկտիվ կառավարական համակարգը, օլիգարխա-գողական բարքերն ու տնտեսությունը, արտագաղթը, պատերազմի մշտական սպառնալիքը: Մեր հույսերն էլ են լավ հայտնի. դրանք են Սփյուռքի և արտագաղթածների կապի ամրապնդումը հայրենիքի հետ, ինչպես նաև կոմպլեմենտարության (փոխլրացման) քաղաքականությունը, որի մի մասն է Ռուսաստանի հետ համագործակցելն ու դրա տվյալ, այսօրվա տեսակին չբարկացնելը, մյուսը՝ հենվելն Արևմուտքի կողմից աշխարհի համար ձևակերպված և մեզ հոգեհարազատ արժեհամակարգին. լիբերալ արժեքներ, մարդու իրավունքներ, անհատի ազատություն և նրա արժեքի գերակայություն պետության կամ իշխի համեմատ, և այլն:
Հիմա այս հիմնապաստառին ակտուալացել են մի քանի հարցեր, որոնք մասամբ արհեստական են, մասամբ՝ հիմնապաստառի հարցերի արտացոլք:
Պետական կառավարում
Առաջին հարցը կառավարման համակարգի հարցն է. այն այնքան անգամ է արդեն ցույց տվել իր անճարակությունը խորքային ռեֆորմի ու մարդու կյանքի բարելավման հասնելու, որ այժմ հույս էլ չկա, թե նոր փոփոխությունները դրան կհասցնեն: Սպասվող փոփոխությունները, սակայն, ամեն դեպքում փոփոխություն են լինելու: Եվ ով էլ հաղթանակի այդ ընթացքում, գլխավոր խորհուրդը, որ պիտի ստանա, այն է, որ մինչև որ պետական պաշտոնյաները չվարձատրվեն նորմալ չափով, նրանցից լավ աշխատանք սպասելը ռացիոնալ չէ: Կա՛մ նախատեսվում է, որ նրանք պիտի կոռումպացված լինեն, կա՛մ՝ որ գլուխ պահեն: Նրանց վարձատրության չափը պիտի կարգավորվի, դա անելը դժվար է, սակայն հնարավոր. նրանց քանակը պիտի կրճատվի, եղած դիրքերի համար որոշակի տեսակի բարդ և ոչ ֆորմալ քննություն սահմանվի, և այդ քննությունն անցածները պիտի վարձատրվեն այսօրվա համեմատ շատ բարձր: Թե ինչպես՝ այլ հարց է, սակայն այս ռեֆորմն արվել է մի շարք երկրներում, վերջերս մասամբ՝ Վրաստանում, և այլ ելք չկա: Հայաստանում էլ մասնակի փորձեր եղել են:
Այս մեթոդի դեմ շատ բան է ասված, քանի որ խնդիրը նոր չէ և առկա է Հայաստանի անկախության օրից. և՛ այն, որ շատ փող ստանալը կոռուպցիան չի քչացնում: Սակայն դա ճիշտ չէ. լավ վարձատրվելը կոռումպացվելու մոտիվացիան նվազեցնում է, թեև իհարկե բավական չէ այն վերացնելու համար: Գլխավորը՝ նորմալ վարձատրվելը հնար է ստեղծում նորմալ աշխատելու ու նորմալ աշխատանք պահանջելու: Ոչ մի ռեֆորմ հաջողությամբ չի պսակվելու, եթե այս հարցը լուծված չէ:
Ասում են և այն, որ այս ուղով գնալը կստեղծի հավելյալ սոցիալապես անապահով շերտ, ինչպես նաև մարտահրավեր՝ ընդդեմ իշխի, ի դեմս կրճատվածների, նրանց ընտանիքների և կլանների, նրանց բարիքներից զրկվածների: Իսկ մենք, իբր, նաև «սոցիալական պետություն ենք»: Սակայն պետք է ընտրել. կա՛մ ետընթացը շարունակվելու է, կա՛մ այս ռեֆորմը պիտի կատարվի վաղ թե ուշ:
Կան շատ այլ ընդդեմ փաստարկներ: Սակայն էականը դա չէ:
Էականն այն է, որ սա էլ հերիք չէ:
Այս գաղափարը ելնում է այն պատկերացումից, թե իբր պետության աշխատակիցներն ուզում են փոփոխություն դեպի լավը, այսինքն իրենք նախապես, ի սկզբանե, խորքայնորեն, մտայնորեն, արժեքայնորեն կոռումպացված չեն, կրթված են, կիրթ, կարող: Իբր նրանք բավականաչափ կրթված են, որ զատեն «լավը» «վատից», ու եթե հնար ունենային՝ կգնային դեպ «լավը»: Կկրճատեին մոնոպոլիաները, ավելի բաց կլինեին, լավ օրենքներ կընդունեին ու դրանց կհետևեին, կմաքսիմիզացնեին այն փոքրիկ հնարավորությունները, որ Հայաստանն ունի միջազգային ասպարեզում, և այլն:
Եթե դա այդքան հեշտ լիներ, ապա նման ռեֆորմից հետո լավ «էֆեկտիվ մենեջերներ» կգային պաշտոնների, կիրագործեին «լավ» գործեր, և եթե մի քանի ասպարեզներում էֆեկտիվությունը գոնե մի 5-10 տոկոսով աճեր, շուտով դա իրար կգումարվեր ու այդ էֆեկտիվությունների աճի տոկոսների հանրագումարն ավելին կլիներ, քան պարզ գումարը. որակական աճ կսկսվեր:
Բայց պետք է հաշվի առնել, որ իշխանության տվյալ համակարգը զարգացել է ներքին և արտաքին իրադրությունների ազդեցությամբ այնպես, որ ա) գործի նախ և առաջ ինքզինքը պահպանելու և, իշխն օգտագործելով, սեփական անձերի ու կլանների բարեկեցությունը զարգացնելու համար՝ ի հաշիվ հանրային շահի, և բ) ստեղծի այնպիսի իրադրություն, որը նախ և առաջ հեշտացնում է ա) խնդրի լուծումը: Իսկ այդպիսի իրադրությունն իրականում նշանակում է թիրախավորել թերզարգացումը, ետզարգացումը հասարակության համար, և ոչ թե առաջզարգացումը:
Այդ ետզարգացումը շատ ձևերով է արտահայտվում, ասենք՝ ընտրությունների ստեղծված կեղծիքի համակարգի միջոցով ողջ բնակչությունը «քցելու», ապաբարոյականացնելու ձևով:
Բյուրոկրատիզացիայի ձևով:
Եվ դրա ամենակարկառուն ձևերից մեկը կրթական համակարգի ետզարգացումն է:
Իշխի այդ կողմնորոշումը դեպ ա) և բ) փոխկապված նպատակներ շատ բարդ կերպով է միահյուսված «ոչ էգոիստական» արժեքներին, որոնց հաճախ է վկայակոչում նույն իշխը, և գուցեև ինչ-որ իմաստով անկեղծորեն հավատում, որ հանուն դրանց էլ է գործեր անում:
Այդպիսին են հայրենասիրությունը, Արցախի պաշտպանությունը, «Հայաստանն աշխարհի քարտեզի վրա դնելու» ճիգերը և այլն: Անհայտ է, արդյոք իշխն իրոք չի տեսնում Արցախի խնդրի լուծման հեռանկար, բացի անվերջ պատերազմի պատրաստ լինելուց, թե չի տեսնում այն, քանի որ դա շահավետ է իրեն՝ առանց թափանցիկության քայլեր կատարելու համար: Քանի որ պատերազմական վիճակ է՝ եկեք չունենանք լրիվ բաց հասարակություն, չխորհրդակցենք ամեն հարցի շուրջ, ուրեմն և՝ չստանանք այն ազատ գաղափարները, որոնք կարող էին սնուցել աքցանից ի վերջո դուրս գալու ծրագիրը: «Ջուր չլցնենք թշնամու ջրաղացին», պահանջելով հակակոռուպցիոն հստակ արարքներ, քանի որ դրանք, իբր, կարող են «վտանգել անվտանգությունը»: Քանի որ գլխավոր առաջնայնությունը պաշտպանությունն է՝ մնացած հարցերում (մշակույթ, առողջապահություն, կրթություն, նույնիսկ բիզնես և այլն) մենք ստիպված ետ ենք մնալու: Քանի որ գլխավորը պաշտպանությունն է՝ եկեք կրթենք զինվորիկ տղա ու աղջիկներ, իսկ դա նշանակում է՝ եղած գաղափարներից թխել արխայիկ աշխարհայացքի մի երևութական միասնություն. ազգայնականություն, ՀԱԵ, ավանդույթ, առերևույթ ռուսամետություն ստրկամտության աստիճան (որ հանկարծ Պուտինը չհիասթափվի մեզնից), իսկ իրականում թաքուն՝ «հայի ետին խելք»:
Նման մտայնությունները և հռետորաբանությունը, անկեղծ թե կեղծավոր, շատ են: Դրանք ամրապնդվել են այն հանգամանքով, որ իշխող իշխը, սովորած լինելով գռփել, ամեն ինչ անում է, որպեսզի գռփելը շարունակի, և իշխի լծակներին իր տիրապետելը համարում ու պնդում է մաս՝ իրադրությունը «հավասարակշռված» պահելու: Ինչպես որ Ռուսաստանում պատմականորեն պարբերաբար տարածվում է այն մտայնությունը, որ ցարից զատ իշխ հնարավոր չէ (մինչև ցարին բան չի պատահում հանկարծ), նույնպես էլ Հայաստանում տարփողվում է այն մտայնությունը, թե իբր իշխող իշխից զատ իշխ հնարավոր չէ: Նույնիսկ տեսլականը չկա, թե դա ինչպիսին կարող էր լինել, ինչպես որ տեսլականը չկա՝ թե Արցախի կոնֆլիկտի լուծումն ինչպիսին կարող էր լինել (բացի այն տարբերակից, որը փակուղային վիճակում է արդեն քսան տարուց ավելի), քանի որ այլ ձև դրանով զբաղվելու, քան գլխավոր իշխի մակարդակով հանդիպումները՝ չի պատկերացվում: Մտքներովը չի անցնում:
Մինչդեռ մենք պիտի, ի վերջո, այդ թակարդից դուրս գանք: Սակայն դրա փոխարեն ստեղծվել է մի «ետզարգացման» երևույթ, որի էությունը հետևյալն է. քանի որ այդ նույն մտայնությունն էր քսան տարի առաջ և տասնհինգ տարի առաջ, հենց այն ժամանակվանից զարգացման մեր հիմնական զենքը ՝ կրթական համակարգը, սկսել է հարմարեցվել այդ մտայնության գերակայությանը: Մենք ունեինք թյուր զարգացած շրջանավարտներ սովետի ժամանակ, հետո՝ արդեն մեր սեփական իշխի կարիքից ելնելով՝ քսան տարի և տասնհինգ տարի առաջ: Մտնելով իշխի կամ կրթական համակարգի մեջ՝ նրանք զարգացնում և դաստիարակում են է՛լ ավելի թյուր զարգացած հաջորդ սերունդներ: Արդյունքում մենք վկա ենք դեպ ներքև ընթացող զարգացման գալարի, երբ ամեն հաջորդ սերունդ ավելի թերզարգացած է, քան նախորդը: Չհաշված, իհարկե, բացառությունները և աքցանից անձամբ (ինքնուս) կամ ընտանիքի օգնությամբ փրկվածները, սակայն որպես սոցիալական երևույթ սա ակնհայտ է, և տեղի է ունենում նաև Ռուսաստանում, թեև ոչ նույն մասշտաբի՝ շնորհիվ Ռուսաստանի մեծության, բայց այդ հանգամանքը, եթե հաշվի չառնենք՝ նույն կատաստրոֆիկ կերպով:
Այսինքն` թերզարգացած իշխն ամեն ինչ անում է, որ դաստիարակի է՛լ ավելի թերզարգացած հաջորդ սերունդ, որն էլ իր հերթին դաստիարակում է իրենից էլ թերի զարգացած հաջորդ սերունդ, և այդպես անընդհատ:
Սա, իհարկե, տեղի է ունենում համաշխարհային զարգացումների հիմնապաստառի վրա: Որն էլ, իր հերթին, իր ազդեցություններով մի կողմից թույլ չի տալիս (ասենք, մարդու անձնական աչքաբացության կամ միջազգային թրեյնինգների միջոցով), որ այս տենդենցը հանգեցնի վերջնական կատաստրոֆի, մյուս կողմից, սակայն, պարադոքսալ բայց հասկանալի կերպով է՛լ ավելի է այն խորացնում: Այդ պարադոքսը հեշտ է հասկանալ, մենք այժմ դրա վրա կանգ չենք առնի, նշենք միայն, որ ինֆորմացիայի առատությունն ու դրանում կողմնորոշվելու միջոցների բացակայությունը, օրինակ, բերում են նրան, որ մարդու պաշտպանական մեխանիզմը մղում է նրան ընդունելու հեշտ, մերձավոր և քննադատության չենթարկված աշխարհայացքային տարբերակը, այսինքն` պարարտ հող դառնում արխայիկ աշխարհայացքի ընդունման համար, մինչդեռ մեր սին սպասումն էր՝ որ ինֆորմացիայի ազատությունն ու առատությունը հնար կդառնան աներևակայելի արագ զարգացման:
Լավագույն դեպքում ունենում ենք նոր սերնդի առաջադեմ ներկայացուցիչներ, որոնք հիմնականում վատնել են իրենց ժամանակը մեր կրթական հաստատություններում, լիքը ժամանակ նվիրելով նրան, որ դրանց տրամադրած ապատեղեկատվությանն ու թյուր արժեքներին դիմակայեն ու հակառակը, ճիշտը, լավը գտնեն ու սովորեն:
Կամ՝ ներփակված, արխայիկացած աշխարհայացքի տեր անձեր, որ ինքնապաշտպանության համար ընտրել են արխայիզմը որպես աշխարհայացք:
Եվ վերջապես՝ թերզարգացած մի ստվար հատված:
Եթե ուսուցիչ ու դասախոսները սրան դեմ խոսեն՝ կասեմ, որ ճիշտ ինչպես պետական համակարգում (իսկ կրթականն էլ պետականացած է խորապես) հնարավոր չէ լավ մասնագետ ու լավ, որակյալ փորձված աշխատող, որ ստանում է ամիսը 80000 կամ նույնիսկ 160000 դրամ ութժամյա աշխատանքային օրվա ու հնգօրյա շաբաթվա համար՝ նույն կերպ էլ կրթական հաստատությունում: Եվ ոչ մի առանձին պրոյեկտ կամ ժամանակավոր դրամաշնորհ այդ հարցը չի լուծում: Մարդ կարող է որոշ ժամանակ լավ աշխատել էնտուզիազմի վրա հենվելով, բայց շուտով դա անհնար է դառնում: Կամ եթե փող ունի այլ տեղից, ասենք՝ ամուսինն է իրեն պահում՝ կարող է լավ աշխատել, բայց այդպիսի դեպքերը քիչ են ու խղճուկ արդարացում: Հետո՝ կրթական հաստատությունների բուն ինստիտուցիոնալ իրականությունն է հնոտի, ու ամեն օր ավելի է հնոտիանում, քանի որ աշխարհն ահռելի արագությամբ է առաջ գնում:
Կրթություն
Եվ այսպես, հիմնական խնդիրը դառնում են կրթական համակարգերը: Պետականորեն հովանավորվող համակարգը, արդեն հասկանալի է թե ինչու, խոր ճգնաժամի մեջ է: Սակայն ճգնաժամի մեջ է նաև համաշխարհային մասսայական կամ կոլեկտիվ կրթական ինստիտուցիան իր ամբողջության մեջ: Ինչն էլ բերում է այն հանգամանքին, որ նույնիսկ հայոց քչաքանակ էքսպերիմենտալ ոչ պետական կրթական հաստատությունները հաճախ որակյալ կրթություն ապահովելու փոխարեն կարող են լրացնել և ուժգնացնել կրթական ճգնաժամը, և սպառնալիք կա, որ կդառնան կրթական մեթոդների «աղանդ» այլ ոչ թե «փարոս»:
Իհարկե, շատ դժվար է հայրենասեր, երիտասարդ, ոչ շատ ապահով, այսօրվա տիպական հայաստանյան ընտանիքին, որը կուզեր չարտագաղթել, ասել, որ, գիտեք ինչ, ավելի լավ է ձեր երեխային մի ուղարկեք տիպական պետական կրթական հաստատություն Հայաստանում: Իսկ ի՞նչ անեն: Սակայն տվյալ իրադրության մեջ պարզ է, որ երեխան, լինի դա նախնական թե բարձրագույն կրթության մակարդակի հաստատությունում, ստանալու է թյուր արժեքներ մեծ մասամբ, սխալ գիտելիքներ, հնոտի մեթոդներ, ու դուրս է գալու ոչ թե որպես գիտելիքով ու հմտություններով զինված հասարակության անդամ, այլ բավական անճարակ, խճճված ու «շուկայական» շատ անհստակ արժեք ունեցող մեկը շատ ու շատ ասպարեզների դեպքում:
Եվ նույնիսկ այն ասպարեզները, որոնք տալիս են ոչ վատ կրթություն և «շուկայական» են նույնիսկ Հայաստանի սահմաններում, ինչպես նաև հաճախ դրանցից դուրս, – ասենք, բժշկական կամ «այ-թի» ասպարեզը, – հիմնականում չեն օգնում ձևավորել լիարժեք մարդ: Եվ նույնիսկ եթե այդ մարդը ոչ վատ բժիշկ կամ «այթիշնիկ» է որոշ ժամանակ, այն, որ նրա այլ արժեքները խեղաթյուրված են ձևավորված՝ վաղ թե ուշ ազդելու է ի վերջո նաև նրա մասնագիտական կարողության վրա կամ պարզապես, չնայած մասնագիտությանը, նրան ավելի շարքային է պահելու, քան հակառակը կլիներ:
Ուրեմն պետք է հիմնովին վերափոխել կրթական համակարգը: Իսկ մինչ այդ երիտասարդ կիրթ ընտանիքը, որ հասկանում է տվյալ ճգնաժամի բնույթը, պիտի ա) դաստիարակի և կրթի իր երեխային հիմնականում մասսայական կրթական համակարգերից դուրս, բ) երեխային զինի կարողությամբ՝ մասսայական կրթական համակարգերի՝ դեպ իր հոգին ու մարմինը բիրտ ագրեսիայի բոլոր տեսակները կասեցնելու, և գ) դաստիարակի և կրթի այն կրթական հաստատությունը, որտեղ երեխան հայտնվել է, ուղեցույց տալով ուսուցիչներին, թե ինչպես վարվել և ինչպես չվարվել: Բավական ծանր պարտականություններ, իհարկե, սակայն ինտերնետի գոյությունն ինչ-որ չափով կարող է օգնության գալ, եթե ճիշտ օգտագործվի:
Սակայն կրթական համակարգը պետք է վերափոխել, ճիշտ հասկանալով համաշխարհային տենդենցները: Մինչդեռ մեզ մոտ մտայնություն կա դրանք թերագնահատել և թյուրըմբռնել: Այն ժամանակ, երբ առաջադեմ աշխարհն արդեն հասկանում է, որ, օրինակ, մոդեռնիզացիան հնացած կոնցեպտ է, և կամ որ նյութական արտադրությունը չէ, որ որոշում է տվյալ երկրի էկոնոմիկայի հաջողությունը՝ մերոնց ամենախիզախ պլանները հենց դրանց են ուղղված: Այն ժամանակ, երբ առաջադեմ աշխարհը գիտակցում է, որ էկոնոմիկայի մի հսկա, եթե ոչ գերակշիռ մասն «անհաշվարկելի» ու «ձրի», հասարակական արժեք-«ինստիտուցիաներից» բխող արարքների վրա է հիմնված՝ վստահության, սիրո, անձնվիրության, հեռատես, ռազմավար «վաղը չէ մյուս օր»-ության – մենք փորձում ենք կառուցել արդեն նախապես հնացած «փողի շուկա»: Եվ այլն: Մենք նախապես արդեն պատրաստվում ենք լինել հետամնաց՝ ձգտելով հասնել աշխարհի երեկ չէ առաջին օրվա մակարդակով ձևակերպված առաջադիմությանը, որ զարգացած աշխարհն արդեն կամ խոտանել է կամ տառապում է դրա ճիրաններից դուրս պրծնելու ուղիներ փնտրելով:
Այստեղ հարկ է նշել, որ «սերը» և նման կոցեպտները տպավորություն են ստեղծում քարոզի և արտաքնապես այս ասելիքը նմանեցնում ՀԱԵ-ի և այլ կրոնների ասածներին: Պետք է տարբերել սին ու հնոտի կրոնական քարոզն այն իրադրությունից, երբ մարդկության գլխավոր արժեքներն «օպերացիոնալիզացվում են» ժամանակակից գիտության և աշխարհի տենդենցների հստակ վերլուծության վրա հիմնված մեթոդներով: Այն դեպքերում, երբ կրոնի մոտեցումը սին ու հնոտիապաշտ չէ, ոչ մի տարբերություն չկա, արդյոք մարդը, ասենք, ուսանում է տվյալ մեթոդներով կրոնական թե ոչ կրոնական կոնտեքստում:
Բայց, ասենք թե, մենք այդ ամենն էլ հաղթահարեցինք: Իսկ ինչպե՞ս վերափոխել կրթական համակարգը ներկայիս ռեալ պայմաններում:
Այս հարցի պատասխանը հեշտ ու արագ չի ստացվի: Այն այստեղ թողնում եմ բաց: Շտապել այս հարցում անիմաստ է ու հակացուցված: Անդրադառնանք հասարակական քննարկման թեմա դարձած որոշ հարցերի, որոնք կամաց-կամաց գուցեև այդ հիմնահարցի պատասխանի ուրվագծի տարրերը տան, եթե շարունակենք մտածել: Դրա ուղղության, մեթոդի ուրվագիծը քիչ թե շատ հայտնի է ինձ, իսկ դրան հասնելու համահասարակական ձևերը, իհարկե, քննարկման կարիք ունեն:
Սփյուռք
Արդեն ասվեց, և նորություն չէ, որ, թերևս, ամենահզոր դրական հանգամանքներից մեկը, որ օգնում է Հայաստանը պահել դեռևս անխորտակ, Սփյուռքն է: Ափյուռք ասելով ես հասկանում եմ հայ լինել ինքնորոշված, ինքնորոշվող կամ իրենց այդպիսին համարող այն բոլոր անձանց, որոնք ապրում են աշխարհով մեկ: Սփյուռքը, իհարկե, բարդ հանրույթ է. կա այսպես կոչված «ավանդական Սփյուռքը»: Կա Արևմուտքում ապրող Սփյուռքը, Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, մնացյալ աշխարհում: Դրանք էլ իրենց հերթին կարևոր ներքին տարբերություններ ունեն: Վերջապես, կան օջախներ, որոնք իրենց բնօրրանում են, և ուրեմն համայնք են, գաղթօջախ չեն, ինչպես ասենք պոլսահայությունը, Իրանի հայությունը կամ վրացահայությունը:
Համարվում է, որ ամենակարող ուժն արևմտա- և ռուսահայությունն է, թեև մնացյալ աշխարհի հայությունն էլ հսկայական ուժ կարող է լինել, ինչպես օրինակ Լատինական Ամերիկայինը կամ Հեռավոր Ասիայինը:
Սփյուոքի հետ կապված խնդիրներից են. ա) Սփյուռքի կազմակերպման մարտահրավերը, բ) Սփյուռք-Հայաստան կամ Սփյուռք-«ոչ սփյուռք» երկխոսության բացակայությունը կամ մեթոդապես սխալ հիմքի վրա դրված լինելը, գ) ապագայի հստակ տեսլական(ներ)ի մարտահրավերը: Ինչպես, օրինակ, այն հարցը, թե որքան իրավունք պիտի ունենա Սփյուռքը՝ միջամտել Հայաստանի քաղաքականությանը:
Սփյուքի գիտակից մասը դեռ նոր է առնչվում Հայաստանի խնդիրներին իրենց ողջ խորությամբ: Չնայած անցյալ տարիների փորձին: Այդ փորձը հաճախ եղել է դառը. Սփյուռքի շատ ներդրումներ սին են եղել և շատերը ի չիք դարձել: Նկատելի է, որ կարծես թե նվիրատվություններն ավելի երևացող են հաճախ, քան շահույթ հետապնդող ներդրումները:
Մյուս կողմից, Սփյուռքն էլ ոչ ռեալիստական մոտեցումներով է հաճախ առնչվել Հայաստանին: Ինձ թվում է, գլխավոր կորիզը, որի վրա պիտի հենվի Հայաստան-Սփյուռք երկխոսությունը, պիտի ունենա հետևյալ առաջնայնությունները.
– ընտրության իրավունքի անհապաղ վերականգնում Հայաստանի բոլոր այն քաղաքացիների, որոնք գտնվում են «Սփյուռքի» կարգավիճակում. կամ երկքաղաքացի են ու ապրում են դրսում, կամ արտագաղթել են, ժամանակավորապես թե մշտական բնակեցման:
– Սփյուռքի գիտակից շրջանների և Հայաստանի կրթված շրջանների համատեղ ուսումնասիրում Հայաստանի քսաներորդ դարի պատմության. առանց հասկանալու, գնահատելու և վերարժեքավորելու մեր անմիջական անցյալը, մենք անկարող ենք հասկանալ, թե ուր գնալ ու ինչպես: Ես այդ նպատակով զրույցների մի սերիա հրապարակեցի անգլերեն, սակայն դա քիչ է, այն գրեթե չի օգտագործվում. պետք է խորքային երկարատև քննարկում:
Այս առումով Տիգրան Պասկևիչյանի, Գայանի Շագոյանի, Լուսինե Խառատյանի, Հրանուշ Խառատյանի և այլոց գործունեությունը՝ քսաներորդ դարի տոտալիտարիզմի տարբեր մասերը բացահայտող, հույժ կարևոր է ու նշան՝ թե ուր է պետք շարժվել:
– Սփյուռքի 20-21-րդ դարերի մշակութային արտադրանքի ներկայացում Հայաստանում, նախ և առաջ՝ գրականության, և համատեղ խորքային քննարկում, ներառյալ քննադատական վերլուծություն: Կոնկրետ՝ Սփյուռքի ստեղծագործության հրատարակում արևելահայերենով:
– Հայաստանի 20-րդ և 21-րդ դարերի մշակութային արտադրանքի ներկայացում Սփյուռքում, համատեղ խորքային քննարկում, ներառյալ անաչառ քննադատություն: Դա վերաբերում է գրականությանը, կինոյին, նկարչությանը, քաղաքաշինությանը և այլն: 20-րդ դարի հայ գրականության թարգմանություն և հրատարակում արևմտահայերենով:
– Հայաստանի պետական կառավարման պատմության խորքային համատեղ ուսումնասիրում. խոսքս առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների օրենսդրական, վարչական և այլ գործունեությունների մասին է:
Լեզուն
Բնականաբար, և՛ Հայաստանի ու հայության ինքնության, և՛ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, և՛ Հայաստանի ու հայության առաջադիմության տեսլականի համար հսկայական նշանակություն ունի լեզվի հարցերի լուծումը և լեզվի զարգացումը:
Այս առումով հատկանշական է, որ լեզվի հարցը ոչ էլ նույնիսկ ակտուալանում է պարբերաբար, այլ մշտապես ակտուալացած է, թեև հատուկ ակտուալություն է ձեռք բերում որոշակի քաղաքական պրոցեսներին զուգընթաց:
Քսաներորդ դարում հայոց լեզուն բնութագրվում էր հետևյալ հատկանիշներով. այն վերջնականապես բաժանվեց արևմտահայերենի և արևելահայերենի: Արևելահայերենը խորհրդային Հայաստանի փսևդոպետականության իրադրության մեջ ձեռք բերեց գերակշիռ դիրք: Խորհրդային Հայաստանում, շնորհիվ մի շարք մշակութային և գիտական գործունեությունների, լեզուն զարգացավ և կանոնակարգվեց, սակայն հիմնականում գտնվելով մեկուսացման մեջ և՛ իր եղբորից՝ արևմտահայերենից, և՛ համաշխարհային լեզվամտածողություններից, ու հիմնականում օգտվելով միայն ռուսերենի հետ հարաբերություններից:
Շնորհիվ իր և մեր ժողովրդի հինավուրց դրվատելի հատկանիշների, լեզուն, մի կողմից, դիմակայեց ռուսիֆիկացիայի գործոններին, մյուս կողմից՝ շարունակեց գտնվել անընդհատ մարտահրավերի պատասխանողի վիճակում, քանի որ այլ լեզուների ու լեզվամտածողությունների ազդեցությունն անընդհատ է իր վրա, մինչդեռ չկա կոնսենսուս՝ թե ինչ անել այդ ազդեցությունների հետ:
Մտայնություն կա, թե քանի որ ազգը, մշակույթն ու լեզուն իբր «փոքր» են, լեզուն պիտի լինի պահպանողական: Միևնույն ժամանակ, այդ մտայնությունն անընդհատ քանդվում է իրականության կողմից. լեզուն ողողվում է այլ ազդեցություններով, և պահպանողականության քարոզը միայն օգնում է, որ նրանից օտարվեն նրանք, ովքեր այս կամ այն պատճառով գտնվում են ավելի լայն, քան ազգայինն է, աշխարհում, եթե, իհարկե, վերջիններս հատուկ ճիգ չեն գործադրում օտար լեզվամտածողությունների այդ «ջրհեղեղին» դիմակայելու համար:
Դա հատկապես հստակ երևակվեց անկախությունից ի վեր, երբ պահպանողական տենդենցը թուլացավ: Այն թուլացավ, միգուցե, տարբեր պատճառներով. ա) կար զգացողություն, որ լեզուն այժմ ավելի ապահով է, քանի որ Հայաստանն անկախ պետություն է, բ) չկար այլևս «վերևից» եկող փողը՝ պահպանողականներին սնելու համար, գ) լեզվի («ձևի») պահպանողականությունը սերտորեն առնչված է բովանդակության ցենզուրային. Սովետի վերացման հետ վերջինս թուլացավ՝ թուլացնելով նաև «ձևի» «ոստիկանությանը»:
Այդպիսով մի կողմից լեզուն ստացավ հսկայական զարգացման ազդակ՝ շնորհիվ ազատ մեդիայի, հանրային խոսքի, որը դուրս պրծավ սովետական ցենզուրայի ճիրաններից, և պետականաշինության, որը զարգացրեց օֆիցիալ լեզուն ու հասարակական-քաղաքական տերմինաբանությունը: Դրան գումարած՝ արևմտահայերենի ազատ ու քաոտիկ հարաբերումն արևելահայերենին նույնպես թույլ տվեց վերջինս հարստացնել կամ փոփոխել, օգտվելով առաջինի կուտակած և պահպանած միջոցներից: Իհարկե, գրաքննությունից զուրկ գրական արվեստը՝ արձակը, պոեզիան, թատրոնը, նույնիսկ հեռուստաշոուները նույնպես հսկայական նշանակություն ունեցան լեզվի զարգացման համար:
Մյուս կողմից, պետական վերահսկողությունը դեպ լեզուն թուլացավ: Օրենքների կիրառումը մնաց հաճախ կիրառողների հայեցողությանը: Դա գուցեև վատ չէր այն իմաստով, որ լեզուն ցույց տվեց ազատ զարգացման իր հնարավորությունները: Սակայն լեզվաբանների ու բանասերների դասի ապադասակարգայնացումը հանգեցրեց ոչ միայն լեզվի ազատ տարերքի հաղթարշավին ու ավելորդ հսկողության վերացմանը, այլև նրան, որ նաև դրական փոփոխությունները նկատելը, ֆիքսելը, դրանց վերջնական ձև տալն ու դրանք ուժգնացնելը սկսեցին տեղի չունենալ:
Մյուս կողմից, արևմտահայերենը չստացավ իր զարգացման խնդրի հստակ լուծում:
Համացանցի զարգացումն օգնում է և՛ Սփյուռք-Հայաստան շփման ուժգնացմանը, և՛ լեզվի հարցերի քննարկմանն ու դրանց լուծմանը: Տարերայնորեն հայ գրականությունը, լեզուն, տեքստը, բառարանները հայտնվում են ինտերնետում: Սակայն շատ հարցեր մնում են չլուծված:
Այդ իրադրության մեջ ռուսաց լեզվի հետ հարաբերությունները, և՛ քաղաքական, և՛ տնտեսական ու սոցիալական առումներով, ամենախնդրահարույցն են:
Մի կողմից, Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է դարավոր կապով, և այն հպատակի ու տիրոջ միանշանակ կապ չէ, այլ նաև՝ եղբայրական-քույրական, ինչպես նաև՝ մշակութային ու քաղաքակրթական: Հենց Ռուսաստանն է եղել արևելահայության համար ելքը դեպ Եվրոպա ու համաշխարհային քաղաքակրթության առաջատարներ: Այսօր այդ կապն աղավաղված է, քանի որ Ռուսաստանի իշխը մասնավոր քաղաքական նպատակներով փորձում է իրեն և մեզ հակադրել Արևմուտքին: Սակայն կապի բնույթը նույնն է. Հայաստանն էլ, Ռուսաստանն էլ համաշխարհային քաղաքակրթության մասնիկներ են, որոնք սերտորեն կապված են Արևմուտքում ամենահստակորեն ձևավորված քաղաքակրթական արժեհամակարգի հետ, ինչպիսի մասնավոր և ժամանակավոր աղավաղումներ էլ տեղ չգտնեն Ռուսաստանի թե Հայաստանի արժեհամակարգերում:
Եվ այսօր արդեն որերորդ անգամ հարց է բարձրացվում քաղաքական մակարդակով, որ ռուսերենը պիտի լինի Հայաստանի կրթական համակարգի գլխավոր երկրորդ լեզուն:
Իհարկե, դա տեղի չի ունենա նախատեսվածի պես, քանի որ կրթական և կառավարական համակարգերը ճգնաժամի մեջ են: Սակայն, հաշվի առնելով նաև ռուսերենի սոցիալական ազդեցությունը (այն, որ արտագաղթողների խոշորագույն մասը ծվարում է Ռուսաստանում և ռուսերենը դարձնում իրենց հիմնական լեզուն, և ետ գալով էլ այն բերում որպես շփման գլխավոր միջոց, այս կամ այն չափով խառնված հայերենին), ինչպես նաև տնտեսականը (ռուսաստանյան բիզնեսներն իրենց հետ բերում են իրենց լեզուն և լեզվամտածողությունը), վտանգ է ստեղծվում, որ հայերենի գործածությունը կթուլանա:
Գուցեև ոչ այդքան քաղաքական պատճառներով, ու ոչ այդ մասշտաբով, սակայն նույն վտանգը կա և այլ լեզուների, ասենք անգլերենի դեպքում. բնականաբար, ազգային ինքնության ուծացման գլխավոր միջոցը լեզվի կորուստն է կամ ապաակտուալացումը: Եվ երբ ռուսախոս կամ թեկուզ անգլիախոս կրթված անձերը սկսում են արդարանալ հայերենի աղքատիկությամբ, զոհաբերելով լեզվի իրենց տիրապետումն առօրյա գործը հեշտացնելուն, – կամ երբ նորաթուխ մասնագետները չեն կարողանում մաքուր հայերենով մասնագիտորեն կոմունիկացվել, քանի որ իրենց յուրացրածն այլ լեզուներով էր, տերմինների մեծ մասի հետ, ու հայերենը որոշ «դանդաղություն» կարող է մտցնել շփման մեջ, – այդ փաստերը, գումարած նրան, որ մշակույթի ապահովանավորման պայմաններում հայերենով ստեղծվող ազատ տեքստերը՝ արձակն ու բանաստեղծությունը, չեն խրախուսվում ու գնահատվում գրեթե բացարձակապես, այսինքն լեզվի յուրացման ու ստեղծագործ զարգացման գլխավոր միջոցներից մեկը բարձիթողի է արված ու տրված է տարերայնության ու անհատի ազատության քմահաճույքին լոկ, – բերում են, եթե ոչ լեզվի սրընթաց զարգացման կասեցման, ապա, իհարկե, դրա դանդաղեցման: Փառք աստծո, կա ֆեյսբուքը, որը լեզվաստեղծագործության դաշտի գրեթե ողջ դերն իր վրա է վերցրել, լրիվ յուրահատուկ դեր ստանձնելով հայության պայմաններում: Սակայն դա բավական չէ:
Մյուս կողմից, պարոն Բագրատյանի ելույթը, որքան էլ կոնկրետ սխալներով լեցուն, նաև դրական ազդեցություն ունեցավ անսպասելիորեն. շատ մարդիկ, որոնք, լինելով մասնագետ կամ ոչ, իրենց պարտքն էին համարում մինչ այդ լինել լեզվի կոնսերվացման ու արխայիկացման ջատագով (ըստ երևույթին, իշխի թելադրած՝ վերը նկարագրածս աշխարհայացքային փսևդոմիասնությունից ելնելով), ստիպված ու առատորեն սկսեցին նշել, պաշտպանելով հայերենի կենսունակությունը, որ հայոց լեզուն նաև շատ ճկուն է ու բաց՝ նորամուծությունների համար: Դա, իհարկե, իրոք այդպես է:
Իրականում հայոց լեզուն, իհարկե, չունի ոչ մի ներքին կառուցվածքային խոչընդոտ՝ զարգանալու. բառաստեղծության, բառօգտագործման, իմաստաստեղծության, նորամուծության և այլն: Խոչընդոտները զուտ արտաքին են. կրթության վատթարացող որակը, դրա հետ կապված՝ արխայիկության վերադարձը, մարդկանց գիտելիքի որակի անկումը, միջազգային զարգացման՝ սխալ հասկացած տենդենցները, հստակ պետական-ազգային զարգացման հեռանկարի չկառուցումը, մշակույթի, գրականության և լեզվի չթիմարումն ու նրանց անտեր թողնելը, և այլն:
Այսպիսով, ձևավորվում է հայոց ծրագրի ուրվագիծը. Սփյուռքի հետ երկխոսության մեջ լեզվի, գրականության, գիտության, մշակույթի զարգացմանը զարկ տալու միջոցով, քսաներորդ դարն ու անմիջական պատմությունը խորքայնորեն ու անաչառորեն, քննադատորեն ուսումնասիրելու ու հասկանալու միջոցով ամրապնդել ինքնությունը, ինչը կօգնի ձևավորել նոր կրթական համակարգեր (դառնալով դրանց առանցք), և պիտի տեղի ունենա պետության կառավարման ռեֆորմին զուգահեռ. վերջինիս էությունը պիտի լինի ռեսուրսի ելքն ու մուտքը դարձնել բնական, ռացիոնալ և կենսունակ, և դա պիտի ուղեկցվի աշխարհի զարգացման իրական միտումների դիտարկմամբ, ֆիքսմամբ ու օգտագործմամբ:
Մնացած հարցերը, ինչպես օրինակ կոնֆլիկտի լուծումը, նույնպես տեղավորելի են այս ուրվագծում և դրական ազդակ կստանան այս գործողությունների արդյունքում: Սակայն թողնենք դրանց, ինչպես նաև մի շարք այլ հարցերի (Արևմուտքի ու Ռուսաստանի հետ, աշխարհի հետ ընդհանրապես դրական համագործակցության ուղիները և այլն) քննարկումն էլ այլ առիթների:
Սեպտեմբեր-հոկտեմբեր 2017
Գեւորգ Տեր-Գաբրիելյան