Սահմանամերձ Խաչիկ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանել է իր կանոնները, թե ինչպես պետք է մտնել այդ եկեղեցի, ինչ տեսք ունենալ եւ ինչպես հեռանալ եկեղեցուց:
Ըստ այդմ, նախ հորդորում են երկյուղածությամբ մտնել, պատշաճ հագուստով՝ որպես Աստծո նկատմամբ հարգանքի նշան:
Իսկ եկեղեցի մտնելու կանոնները հետեւյալն են՝ եկեղեցի այցելողը պետք է լինի մարմնապես եւ արտաքնապես մաքուր: Հագուստը պետք է լինի պատշաճ եւ վայելուչ:
Հոգեւորականի հանդիպելիս անհրաժեշտ է ողջունել ըստ իր հոգեւոր կարգի, ամուսնացյալ քահանային՝ «օրհնեցեք, Տեր Հայր», կուսակրոնին՝ «Աստված օգնական»:
Արգելվում է հարբած վիճակում, ինչպես նաեւ զենքով կամ ծխախոտով եկեղեցի մտնել:
Կանոններում բացատրվում է, թե տղամարդիկ ինչպես պետք է մտնեն, կանայք ինչ տեսքով պետք է մտնեն, պետք է եկեղեցու աղոթանվեր մթնոլորտը չխանգարեն, սուրբ Խորանի առաջ մեջքով չկանգնեն եւ այլն: Ընդ որում, կանոնակարգվում է նաեւ եկեղեցի մտնողի հայացքը. «Հավատացյալի հայացքը պետք է ուղղված լինի դեպի սուրբ Խորանը: Չի կարելի եկեղեցում ձեռքերը մեջքին դնել, ոտքը ոտքին գցել, ծամոն ծամել, ուտել, հակառակ դեպքում կկարծվի հարգանքի պակաս Աստծո տան նկատմամբ»:
Կանոնների մեջ է մտնում նաեւ այն, որ եկեղեցական արարողություններին, մանավանդ՝ սբ. պատարագին եկեղեցի մտնեն ժամանակին, իսկ եթե հարգելի պատճառով ուշացած են գալիս, պետք է մտնել շատ անաղմուկ:
Կանոններ կան նաեւ եկեղեցուց դուրս գալու. «Եկեղեցուց դուրս գալուց առաջ՝ դռան մոտ չհասած մի քանի քայլ ետ-ետ գնալ դեպի դուռը, խաչակնքվել եւ նոր հեռանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ