Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը:
Միջոցառումն իրականացվում է հոկտեմբերի 23-25-ը ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Արժևորելով Մխիթարյան Միաբանության դերն ու նշանակությունը հայապահպանության, հայոց լեզվի, գրականության և հայ մշակույթի զարգացման գործում՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ Մատենադարանը առանձնահատուկ սիրով է մասնակցում Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումներին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ Մխիթար Սեբաստացու կողմից 3 դար առաջ ստեղծված Միաբանությունը աշխարհի ամենահայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոններից մեկն է: Նախարարն ընդգծեց, որ Միաբանությունը գտնվելով Եվրոպայի սրտում, հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արևմուտքին, իսկ արևմտյան մշակույթը` հայ հասարակությանը: «Բացառիկ է Միաբանության դերը հայապահպանության գործում: Գիտական ընդհանուր և ճյուղային բառարանները, թարգմանական, կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական աշխատությունները համաշխարհային հումանիտար գիտության բացառիկ նմուշներ են: Ուրախ եմ, որ այսօր Մատենադարանի ցուցասրահում հայ հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այդ նմուշներից մի քանիսին»,-հավելեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով Միաբանության կրթական գործունեությանը՝ նախարարը կարևորեց աշխարհի բազում երկրներում Մխիթարյան վարժարանների գործունեությունը:
«Ուրախ եմ, որ նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից բազում ծրագրեր իրականացրինք Մխիթարյան Միաբանության հետ: Իսկ վերջերս Հանրապետության Նախագահի օժանդակությամբ սկսվեցին Միաբանության ժառանգության թվայնացման աշխատանքները»,- նշեց նախարարը:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայրենիքին և Սփյուռքին մատուցած ծառայությունների, Սփյուռքի համայնքների միջև և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումները Հայրենիքում բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Այնուհետև տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը, որն իրականացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
300-ամյակի միջոցառումների պաշտոնական բացմանը հաջորդեց համերգային ծրագիրը, որից հետո ներկաները Մատենադարանի ցուցասրահում հնարավորություն ունեցան դիտելու «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցահանդեսը, ուր ներկայացված են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 17-18-րդ դարերում տպագրված գրքեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն