Panorama.am. Շվեդական հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project)-ի փորձագետները նոր կոռուպցիոն մեխանիզմ են գաղտնազերծել: Սկանդալային նոր բացահայտումների կիզակետում կրկին Ադրբեջանն է:
2017 թվականի մարտի 10-ին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվեց «Բոմբարդիեր» կանադական ընկերության շվեդական մասնաճյուղի աշխատակիցը։ Ստոկհոլմի շրջանային դատարանի որոշման համաձայն ՌԴ քաղաքացի, 37-ամյա Եվգենի Պավլովը կալանավորվել էր Ադրբեջանում պայմանագրեր կնքելու համար կաշառք տալու կասկածանքով։ Պավլովի ձերբակալության լուրը հաստատել էր նաև Շվեդիայում ՌԴ դեսպանությունը։ Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ կաշառք տալու մեջ կասկածվում են կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Դատախազությունը մանրամասներ չէր ներկայացրել, սակայն շվեդական և ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ գործը վերաբերում էր Ադրբեջանի երկաթուղային իշխանություններին կաշառք տալու միջոցով տենդեր շահելուն։ 2013թվականին կազմակերպությունը հաղթել էր գնացքների ազդանշանային համակարգերի վաճառքի համար Ադրբեջանի հայտարարած տենդերում։
«Չնայած նրան, որ «Բոմբարդիեր»-ն իր գնային քաղաքականությամբ գտնվում էր հինգերորդ տեղում, կազմակերպությունը հաղթել է տենդերը, իսկ վերջինիս մրցակիցները, որոնք ավելի լավ գներ էին առաջարկում, որակազրկվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշված էր դատախազության հայտարարության մեջ։
Որպես ապացույց հիշատակվել էր 2016 թվականի հոկտեմբերին առգրավված կազմակերպության էլեկտրոնային հաղորդակցությունը։ Ազդանշանային համակարգերը անմիջապես առաքվել էին Ադրբեջան, սակայն ձևակերպումը կատարվել էր այնպես, որ իբրև «Բոմբարդիեր»-ն իր արտադրանքը նախ վաճառել էր Լոնդոնում ընդամենը փոստային արկղ ունեցող «Մուլտիսերվ օվերսիս» (Multiserv Overseas) կազմակերպությանը, որն էլ իր հերթին այն վերավաճառել էր «Բոմբարդիեր»-ին Ադրբեջանում։ Վերջինն էլ սարքավորումները վաճառել էր Ադրբեջանի իշխանություններին։ Այս գործընթացում «Մուլտիսերվ օվերսիս»-ըբարձրացրել էր արտադրանքի գինը ավելի քան 550 տոկոսով (մոտ 570 միլիոն շվեդական կրոն)։ Գումարը, ըստ շվեդական ԶԼՄ-երի, ուղարկվել է «ռուս գործարարների, որոնք նախկինում ներքաշված էին հետխորհրդային երկրներում կոռուպցիոն սկանդալների մեջ»: Մամուլի հրապարակումների համաձայն, կաշառքի ընդհանուր չափը կազմել է մոտ 700 միլիոն շվեդական կրոն։ Գործը քննող դատախազ Թոմաս Ֆորսբերգը հայտարարել էր, որ իրենք համարում են այս գործը կեղծ հաշիվներ ներկայացնելու միջոցով սև փողեր ստանալու գործարք։
Գործարքին անդրադառնալով Շվեդիայի Ոստիկանության տնտեսական հանցագործությունների բաժնի նախկին պետ Ստեն Լինդստրոմը հայտնել էր, որ իր կարծիքով «Բոմբարդիեր»-ը օգտագործել է «Մուլտիսերվ» կազմակերպությունը կաշառք տալու նպատակով.
«Կարծում եմ սա այն կազմակերպությունն է, որը Ադրբեջանի իշխանությունները պահանջել են օգտագործել», – նշել է Լինդստրոմը։
«Բոմբարդիեր»-ի ներկայացուցիչ Բարբարա Գրիմը շվեդական ռադիոյի հետ զրույցում հաստատել էր, որ ոստիկանությունը հարցաքննել է ընկերության մեկ աշխատակցի և հավելել, որ «Բոմբարդիեր»-ը հետաքննության շրջանակներում կհամագործակցի ոստիկանության հետ:
2017 թվականի հոկտեմբերին «Bombardier» կազմակերպության՝ Ադրբեջանի իշխանությունների հետ խոշորամասշտաբ կոռուպցիայի մեջ ներգրավումը և դրա մասին նոր երևան եկած տեղեկությունները կրկին հայտնվել են շվեդական մամուլի ուշադրության կենտրոնում։ Գործարքի վերաբերյալ Շվեդիայի հանրային հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել: Ֆիլմում բացահայտվում և բացատրվում են կոռուպցիոն ցանցի գործունության մեխանիզմները, Ալիևյան ռեժիմի հետ պայմանավորվածություններն ու միջնորդ կազմակերպությունների միջոցով տարվող գործընթացները։
Թեև կազմակերպության ազգությամբ ռուս պաշտոնյան հոկտեմբերին վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել, դեպքի կապակցությամբ տարվող ինտենսիվ նախաքննությունը շարունակվում է։ Ավելին, Շվեդիայի հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը՝ «Uppdrag granskring»-ը բացահայտել է տեղեկություններ՝ այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաների երկխոսություններից հատվածներ, որոնց համաձայն, այս դեպքը շատ ավելի մեծ շղթայի օղակներից պարզապես մեկն է։ Լրագրողները պնդում են, որ ստեղծված է գործարարության հատուկ մոդել հետխորհրդային այլ երկրների հետ ևս կոռուպցիոն գործընթացներ ծավալելու համար։ Որպես ցանցում ներգրավված երկրներ հիշատակվում են Ղազախստանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը։ Լոնդոնյան «Multiserv overseas»-ին համարժեք գործունեություն են ծավալում նաև այլ միջնորդ կազմակերպություններ, ինչպիսին է «Woltra Plus»-ը Ռուսաստանում կամ «Ross Raven Overseas»-ը Ղազախստանում ։
«Uppdrag granskring»-ը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project) փորձագետները նշում են, որ «Multiserv»-ի ետևում կանգնած են ազգությամբ ռուս գործարարներ, ովքեր բավականին ազդեցիկ են երկաթուղիների հետ աշխատանքի ոլորտում։ Նրանք ռուսական երկաթգծերի նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինի մտերիմներին են, և, ըստ ներքին տվյալների, ուղղակի կապ ունեն հետսովետական տարածաշրջանի երկաթգծերի ղեկավարների մեծամասնության հետ։ «Uppdrag granskring»-ի լրագրողները մինչև իսկ հաջողացրել են հանդիպել Լոնդոնում 2012 թվականի մարտի 12-ին մահափորձից մազապուրծ եղած ազգությամբ ռուս մի բանկիրի հետ, ով քաջատեղյակ է գործող մեխանիզմների տրամաբանությունից։
Ալիևյան ռեժիմի հետ ստեղծված այս կոռուպցիոն լաբիրինթոսը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Շվեդիայում տարվում է ակտիվ իրավաբանական և լրագրողական հետաքննություն։ Հետաքննությունը վարող դատախազները հրաժարվել են մամուլին տրամադրել հավելյալ տեղեկություններ՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը։