Այսօր «Մեդիա կենտրոնում» տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական բաղադրիչի մասին քննարկման ժամանակ ասաց, որ եթե այս համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա այն կարող է օգտակար լինի Հայաստանի համար եւ սա, միանգամայն հնարավոր է «եւ-եւ»-ի տարբերակը լինի:
Քննարկմանը ներկա Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական բաղադրիչի շուրջ:
Տնտեսագետի կարծիքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ազդեցությունը մեծ չի լինելու հետեւյալ պատճառներով՝ 1) ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ԵՄ հետ, տրանսպորտային/լոգիստիկ ծախսերը մեծ են: 2) ՀՀ-ն արդեն իսկ օգտվում է արտոնություններից՝ (GSP+):
3) ՀՀ առեւտրային քաղաքականությունը բավական ազատական է, օրինակ՝ ծառայությունների առեւտրում, նույնիսկ շատ ավելի ազատականացված է, քան ամրագրված է ԱՀԿ՝ առեւտրի համաշխարհային կազմակերպության պարտավորություններով։
4) ԱՀԿ-ի անդամակցությամբ ֆիքսված պարտավորություններ, կոնվենցիաներին կամ լավագույն փորձի կիրառություն՝ ԱՀԿ պետական գնումների համաձայնագիր:
Այս պատճառների մասին տնտեսագետի ներկայացրած մանրամասները՝ տեսանյութում
Մանուկյանի ներկայացմամբ՝ համաձայնագրից ԵՄ-ի տնտեսական ակնկալիքները կարող են լինել՝ ԵՄ-ն առավելապես հետաքրքրված է Իրանին մոտենալով, ԵՄ-ն ցանկանում է նվազեցնել ՌԴ ազդեցությունը ՀՀ-ում, ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները՝ փոքր շուկա, ցածր գնողունակ պահանջարկ: Ըստ Մանուկյանի՝ ԵՄ համաձայնագրի տնտեսական արդյունավետությունը, օրինակ՝ ներդրումները առավելապես պայմանավորված կլինեն Իրանի հետ ՀՀ հեռանկարներով՝ մեծ շուկա է, 80 մլն բնակիչ, ահռելի ռեսուրսներ. «Այս առումով, Հայաստանը կարող է լինել Իրանի հետ «տրամպլին» ԵՄ-ի համար, եւ մերձեցնի հարաբերությունները»:
Մանուկյանի կարծիքով՝ համաձայնագիրը, բոլոր դեպքերում փոխշահավետ գործարք է, թեեւ սկզբնական շրջանում հնարավոր է որոշ դեպքերում վնասներ լինեն, բայց աստիճանաբար դեպի զարգացում է գնալու եւ հետո օգուտներն ավելին կլինեն, քան կորուստները:
Մանրամասները՝ տեսանյութում
Մանուկյանն ասաց, որ համաձայնագրի տեքստն ու բովանդակությունը նույնն է, ինչ Մոլդովայինն ու Վրաստանինն է:
Aravot.am-ի այն հարցին, Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ համաձայնագրում ի՞նչ որոշակի կետեր կան, եւ ինչպես են դրանք իրականացվելու, Մանուկյանը պատասխանեց. «Համաձայնագիրը չէ այն փաստաթուղթը, որով ամրագրված լինի Ռուսաստանի ազդեցության նվազեցումը: Եթե դու ուզում ես կոռուպցիոն հնարավորությունը նվազեցնել, ուրեմն կարող ենք ասել, որ ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանում նվազում է»:
Վահագն Խաչատրյանն էլ ասաց, որ պետք չէ սեւ ու սպիտակի բաժանել, պարզապես Հայաստանը պետք է իր հարաբերությունները կարգավորի եւ բարելավի հարեւանների հետ, եւ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելով, պետք չէ մտածել, որ մենք սրում ենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, այսինքն՝ դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ