Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն այսօր ազդարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով: Նախարար Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ Հայաստանում առաջիկայում կարձանագրվի բեկումնային իրավիճակ` հատկապես բարձրագույն կրթության որակի, կրթություն-գիտություն կապի ամրապնդման ուղղություններով: «Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր հասել ենք մի աստիճանի, երբ հնարավորություն կա Հայաստանում ստեղծել շատ բարձր գիտակրթական որակ: Օրերս տեղի ունեցած FAST-ի աշխատաժողովում, որն աննախադեպ էր իր մասնակիցների կազմով, որակով և հետապնդած խնդիրների թեմատիկայով, արծարծվել են այսօր աշխարհում քննարկվող գիտակրթական մտքի ամենաառաջավոր գաղափարներ: Վստահ եմ, որ աշխարհի լավագույն համալսարաններում և գիտական կենտրոններում աշխատող մեր հազարավոր հայրենակիցները կկարողանան հիմնադրամի միջոցով իրենց լուրջ ներդրումը բերել մեր երկրին: Համաձայնագրի շրջանակում մեկնարկում է մեր առաջին քայլը` շատ իրական ծրագիր, որով փորձելու ենք գիտությամբ զբաղվող մեր ուսանողներին ապահովել անհրաժեշտ հենքով` կրթաթոշակների տրամադրման, նրանց համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, որակավորումների բարձրացման տեսանկյունից»,-նշել է նախարարը` կարևորելով հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի առաքելությունը, ով ըստ Լևոն Մկրտչյանի` հայտնի է աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններում իր աշխատանքի մեծ փորձով և բարձր վստահություն է վայելում ոչ միայն հայկական, այլև միջազգային շրջանակներում: «Մեր նպատակն է ձևավորել մոտիվացիա երիտասարդների մոտ` զբաղվել լուրջ գիտությամբ, քանի որ Հայաստանն այլընտրանք չունի. մենք պարտավոր ենք պաշտպանել և պահպանել գիտական տարածք լինելու մեր երկրի կարգավիճակը: Կարևոր մեկ փաստ ևս` FAST-ը օգնելու է մեր գործող ուսհաստատություններին՝ համալսարաններին, գիտական ինստիտուտներին, առհասարակ ցանկացած նախաձեռնության, որն ունի բարձր կրթագիտական արժեք: Այս առումով այն այլընտրանք չի լինելու, այլ` մեր գիտակրթական համակարգի մեջ շատ հզոր, գեներացնող և առաջ մղող ուժ: Մենք պետք է բոլոր ծրագրերում նաև մեր Սփյուռքի հզոր գիտական ներուժն օգտագործենք: Մյուս կողմից, պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծենք, արմատապես փոխենք բարձրագույն կրթության ոլորտը, որպեսզի մեր երկիրը պատրաստ լինի նման գիտական ներուժն ընդունելու: Գիտական հաստատությունը, համալսարանը և աշխատաշուկան պետք է կապվեն մեկ ամբողջական ցանցով, որպեսզի ուսանողը, ասպիրանտը, գիտնականը կարողանան ազատ շրջագայել այդ ցանցի մեջ: Հայաստանում գիտակրթական էկոհամակարգի ստեղծման խնդիր ունենք»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս համատեքստում բացի որակից, կարևոր է ապահովել նաև ընտրված երիտասարդների հետագա աշխատանքի և կենսամակարդակի ապահովման խնդիրը Հայաստանում:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանն էլ իր հերթին նշել է. «Մենք ուզում ենք սրանով մի միտք հաղորդել գիտությամբ զբաղվողներին՝ մենք կարևորում ենք գիտությունը և ցանկանում, որ նրանք միայն գիտական բացահայտումներով զբաղվեն և ստիպված չլինեն գնալ այլ աշխատանք փնտրել՝ ինչ-որ ծախսեր հոգալու համար: Խորապես հավատացած ենք, որ Հայաստանը՝ որպես պետություն, մենք՝ որպես ազգ, կկարողանանք հաջողության հասնել ու մրցել համաշխարհային մասշտաբով միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիների 100 տոկոսին կընձեռնվի գիտությամբ զբաղվելու հնարավորություն»,-նշել է բանախոսը` ընդգծելով, որ մինչև ծրագրի կյանքի կոչելը ուսումնասիրվել է Հայաստանի «էկոհամակարգը» և իրենց քայլերն արվելու են՝ մեր միջավայրի առանձնահատկությունները հաշվի առնելով, այսինքն՝ խնդիրներին ստանդարտ լուծումներ չեն տրվելու.«Մենք զգում ենք, որ հիմա է ժամանակը` ինչ-որ բան սկսելու, փոխելու, և Հայաստանն ունի այդ ներուժը: Ես վստահ եմ՝ Հայաստանը կարող է մրցունակ լինել ոչ միայն տարածաշրջանում, այլ՝ աշխարհում»,- ասել է Արմեն Օրուջյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարար Լ. Մկրտչյանն անդրադարձել է նաև վերջերս Բրյուսել կատարած իր այցելության ընթացքում ձեռքբերած պայմանավորվածությանը` Հորիզոն 2020-ի վերաբերյալ: «Լուրջ հաջողություն ենք արձանագրել` կապված Հորիզոն 2020-ի հետ: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ամեն տարի տրվող խոշոր դրամաշնորհից առանձնացվելու է մոտ 98 մլն եվրո` Արևելյան գործընկերության վեց երկրների համար, որից չորսը, այդ թվում Հայաստանը, որպես Հորիզոն 2020-ի լիիրավ անդամ` կարող է հանդես գալ գիտական ծրագրեր համակարգող երկիր: Տվյալ գումարի շրջանակում լինելու է առանձին մրցույթ: Սա նշանակում է, որ մեր գիտնականներն արդեն ստանում են հավասար պայմաններով մրցակցելու լուրջ հարթակ»,- նշել է նախարար Լ. Մկրտչյանը:
Նշենք, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 19-ին: Այն աջակցում է ազգությամբ հայ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ասպիրանտներին և հայցորդներին, որոնք ցանկություն ունեն բնական գիտությունների (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա) ոլորտում կամ ճարտարագիտության բնագավառում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերում կատարել հետազոտական աշխատանք: Ասպիրանտների և հայցորդների համար նախատեսվում են տարատեսակ ամենամյա կրթաթոշակներ: 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակի կրթաթոշակ՝ 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կին ասպիրանտների և հայցորդների համար՝ 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով: Կին գիտնականների համար նախատեսված կրթաթոշակը նպատակ ունի խթանելու ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության բնագավառներում կանանց ներգրավումը. վիճակագրության ազգային ծառայության 2015թ. տվյալներով այս ոլորտներում կին և տղամարդ գիտնականների համամասնությունը եղել է մոտավորապես 30-ը 70-ի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն