Հոկտեմբերի 19-21-ը Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակները տարատեսակ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, ԵԺԿ-ի և ԵՄ այլ ինստիտուտների ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունեցել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։ Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միությանը լիիրավ անդամակցությանը։
Լիլիթ Բեգլարյանն ընդգծում է կազմակերպության դերը միջազգային հարթակում․«IYDU-ն միավորում է երիտասարդական կառույցներ ամբողջ աշխարհից։ Այս անդամակցությունը մեզ հնարավորություն կտա հայ երիտասարդների շահերն ավելի լայն հարթակում ներկայացնել՝ միաժամանակ զարգացնելով երկկողմ կապերը անդամ-կազմակերպությունների հետ։ IYDU-ի միավորումից հետո այն կդառնա ավելի ազդեցիկ ու գործուն միավոր»-նշել է Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակներն ընտրել են նաև կազմակերպության նոր ղեկավար կազմը։ Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության նախագահ է ընտրվել լիբանանցի Բաշիր Վարդինին։
Մամուլի հաղորդագրություն