Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կառավարությունը օրենք է խախտել». Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 23,2017 15:43

«Այս կառավարությունը մեր երկրի, հասարակության համար չարիք է պատրաստում, լուրջ չարիք, և մենք լուռ նստած հետևում ենք»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով կրթությանը հատկացվող ֆինանսավորման նվազման մասին, ահազանգեց կրթության փորձագետ, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Նա կրթության ֆինանսավորման ոլորտում՝ կառավարության վարած քաղաքականությունը համարեց անկումային ու վստահեցրեց, որ եթե հինգ-տասը տարի հետո այս կառավարությանը քշենք, դրանից կրթությունը չի շահելու:

Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը, կրթության ֆինանսավորման ծավալները նվազեցնելով` խախտում է 1999-ին ընդունված Կրթության մասին ՀՀ օրենքը:

Այնուհետև պարզաբանեց. «Կրթության մասին օրենքի համաձայն՝ կրթության համար նախատեսված ֆինանսավորման ցուցանիշը չպետք է ցածր լինի նախորդ տարվա ցուցանիշից: Մինչդեռ կառավարությունը, նվազեցնելով կրթության ֆինանսավորումը, օրենք է խախտում: Հարց եմ տալիս կառավարությանը, իշխանությանը, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, ո՞վ է ձեզ թույլ տվել խախտել օրենքը»:

Անահիտ Բախշյանը հորդորեց հետևել ՀՀ ոստիկանությանը հատկացվող ֆինանսավորմանը, որն աճում է ու վրդովվեց. «Նվազում են առողջապահությանը, կրթությանը հատկացվող ֆինանսները. այնտեղ, որտեղ մեր երկրի ապագան է, կառավարությունը, վարչապետը բիզնես ծրագիր են անում: Արդյունքում ուզում են ունենալ անգրագետ հասարակություն, որ ոնց ուզեն, այդ հասարակությանը խաբեն, իրավունքները ոտնահարեն»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ տնտեսագիտության տրամաբանությունը հուշում է՝ եթե երեխաների թիվը նվազում է, մեկ երեխային հատկացվող ֆինանսավորումը պետք է աճի, ոչ թե գումարներն էլ պիտի կրճատվեն:

Դառնալով գիտության վիճակին՝ փորձագետը հայտնեց. «Գիտությունն էլ է անկում ապրում: Գիտության կառավարման վիճակը խայտառակ վատ է: Մենք պիտի ֆինանսավորումը պահենք ու պահանջենք, որ գիտությունը լավ կառավարվի: Բայց գիտնականների լոբբին՝ հատկապես ծեր, այնքան ուժեղ է, որ ասում են՝ սուս մնացեք, թողեք այսօրվա պես վայելենք: Կառավարությունն էլ վերցրեց ֆինանսավորումը կրճատեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031