Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունեցած փայլուն մրցելույթներից հետո Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձան Երեւան:
Մեր հավաքականներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 32 մեդալ:
«Զվարթնոց» օդանավակայանում մեր ծանրորդներին դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ծանրորդների հարազատներ ու ընկերներ, մարզասերներ:
«Մեր ծանրորդների տարած հաղթանակները միայն հպարտություն ու երջանկություն են առաջացնում: Դրանք մեկնաբանելու կարիք չկա: Կատարվող ամենօրյա աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է, մանավանդ, ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրների հետ պայքարի պարագայում:
Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր 20 եւ 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ լավագույնն են եւ մրցակից չունեն: Նրանք դեռ պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին եւ այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել»,- օդանավակայանում Aravot.am-ին ասաց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ