Այս տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբեր Հայաստանում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 2 դեպք՝ նախորդ եռամսյակի 5 դեպքի փոխարեն: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց՝ թեեւ ֆիզիկական բռնությունների թիվը նվազել է, փոխարենն աճել է տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերի թիվը՝ 39 (նախորդ եռամսյակի 10 դեպքի փոխարեն). «Սա մտահոգիչ է, որովհետեւ տեղեկություն հայթայթելը լուրջ բարդությունների հետ է կապված: Իսկ ֆիզիկական բռնությունների թվի նվազումը չի նշանակում, թե երեւույթի առկայությունն անհանգստություն չի պատճառում: Իրավապահ մարմինների գործողությունները, դատարանների որոշումները հաճախ ոչ համարժեք են տեղի ունեցած միջադեպերին»:
Աշոտ Մելիքյանն այնուհետեւ նշեց՝ իրավապահ մարմինների կողմից ոչ արդյունավետ եւ ձեւական մոտեցում է ցուցաբերվում լրագրողների հանդեպ բռնություններին վերաբերող երկու քրեական գործերի՝ 2015թ. ElectricYerevan-ի եւ 2016թ. հուլիսի 29-ին Խորենացի փողոցի եւ Սարի թաղի դեպքերի հանդեպ, երբ 21 լրագրող-օպերատոր տուժեց: «Հուլիսից մինչեւ սեպտեմբեր այդ գործերով նոր մեղադրյալներ կամ կասկածյալներ ի հայտ չեն եկել: ElectricYerevan-ի դեպքում մեղադրանք է առաջադրված 4, իսկ Սարի թաղի եւ Խորենացի փողոցի իրադարձությունների դեպքում՝ 9 անձի: Բայց առկա տեսանյութերից պարզ է, որ տասնյակ ոստիկաններ, այդ թվում՝ բարձրաստիճան, անմիջական մասնակցություն են ունեցել այդ վայրագություններին: Այլ բառով դժվար է կատարվածը գնահատել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Նա անդրադարձավ նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծին՝ նկատելով, որ այն լուրջ բացեր ունի. «Այն չի տարածվում այն պետական մարմինների վրա, որտեղ հիսունից պակաս աշխատակից կա: Սա անընդունելի է: Բացի այդ, պարտադիր չէ, որ տեղեկատվությունը հանրային նշանակություն ունենա, ինչպես օրինագծում է ամրագրված: Ամեն քաղաքացի պետք է կարողանա անձնական նշանակության տեղեկատվության հարցում անել: Նա պարտավոր չէ հիմնավորել, թե ինչու է ուզում այդ տեղեկատվությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ