Հայաստանյան հանքերի աճին զուգահեռ շարունակվում են անկատար մնալ օրենսդրական կարգավորումները: Կառավարության համապատասխան որոշման բացակայության հետևանքով` տարիներ շարունակ հարյուրավոր հանքարդյունաբերողների կողմից նույնիսկ օրենքով սահմանված պարտականությունների կատարումը պետության կողմից չի վերահսկվել:
Civil Voice ՀԿ-ն դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն` ընդերքօգտագործող ընկերությունների կողմից 2013, 2014 և 2015 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ծրագրերի ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացվելու վերաբերյալ:
Պատասխան նամակում նախարարությունը տեղեկացրել էր, որ ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, իսկ ՀՀ կառավարության հաստատած որոշման մեջ նշված հարցի կապակցությամբ հարցադրումներ ամրագրված չեն, ուստի ստուգում իրականացնելու իրավասություն չունեն:
Նշված խնդրի վերաբերյալ այս անգամ Civil Voice ՀԿ-ն դիմեց նորաստեղծ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Պատասխան նամակում նույնպես հղում էր արվել Կառավարության որոշման մեջ ստուգաթերթերի բացակայությանը:
Ստացվում է` մի կողմից հանքարդյունաբերողներն ու կառավարությունը թմբկահարում են ազդակիր համայնքներում հանքարդյունաբերողների իրականացրած սոցիալական ծրագրերի մասին, սակայն մյուս կողմից պետությունը երբևէ չի իրականացրել գոնե 1 ստուգում՝ հասկանալու, թե արդյոք հանքարդյունաբերողները իրականացնում են իրենց պարտավորությունները:
Նշված խնդրի կարգավորման դեպքում հարյուրավոր համայնքներ, որոնք օրենքով սահմանված կարգով համարվում են ազդակիր համայնքներ, կստանան նշանակալի սոցիալական օգուտներ:
Civil Voice ՀԿ-ն դիմում է կառավարությանը` ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1680-Ն և 2013 թվականի մարտի 7-ի թիվ 519-Ն որոշումներում համապատասխան ստուգաթերթ սահմանելու համար:
Civil Voice ՀԿ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին