«Եթե Հայաստանի իշխանության ցանկությունը չկա, ապա որեւէ համաձայնագիր չի կարող օգտակար լինել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական բաղադրիչի մասին քննարկման ժամանակ:
Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ դրսի որոշ մասնագետների գնահատականով մեծ տարբերություն չկա 2013 թվականի եւ ներկայիս համաձայնագրի սկզբունքների մեջ, եւ չէր էլ կարող լինել. «Մի հարց կա՝ ՀՀ -ԵԱՏՄ եւ ՀՀ- ԵՄ համատեղելիությունն ինչպե՞ս է լինելու իրական կյանքում: Օրինակ՝ համաձայնագրում կետ կա՝ կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծման արտադրանքի եւ նմանատիպ տեղական արտադրանքի միջեւ: Նույնը վերաբերում է 3-րդ երկրներից ներմուծմանը: Ճիշտ է, մի կետ էլ կա՝ ՀՀ-ն շարունակում է իր մաքսային քաղաքականությունը 3-րդ երկրների նկատմամբ, բայց այստեղ ինչ ուզում եք անեք՝ իրական կյանքում հակասություն է լինելու»:
Ըստ պարոն Խաչատրյանի, համաձայնագրում այդ հարցի լուծման հղումը կա առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՀԿ-ին, այսինքն՝ արտաքին առեւտրային հարաբերությունների հետ կապված բանակցությունները պետք է վարի ԵԱՏՄ-ն. «Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը՝ պարզ չէ: Երեւի ԵՄ-ն էլ հաշվի առել է, որ չլուծված հարցեր կան ԱՀԿ-ի հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Պարոն Խաչատրյանն ասաց, որ արտաքին առեւտրի մասով կարեւորը ԱՀԿ-ի հետ կնքած փաստաթուղթն է, եւ ըստ էության, հանրությունը տեղյակ էլ չէ, թե ինչ ընթացք ունեն ԱՀԿ-ի հետ Հայաստանի բանակցությունները. «Որովհետեւ կարող է մենք մեզ համար հանգիստ նստած լինենք, բայց պատժամիջոցների տակ ընկնենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ