Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017թ. երրորդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) զեկույցի մասին
2017 թ. երրորդ եռամսյակը հետընտրական ժամանակահատված էր եւ գրեթե զերծ էր հասարակական-քաղաքական լարվածությունից, սակայն նույնիսկ այս պայմաններում արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնությունների 2, տարատեսակ ճնշումների 16, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 39 դեպքեր։ Թեեւ այդ խախտումների ընդհանուր քանակը նախորդ եռամսյակի համեմատությամբ նկատելիորեն նվազել է (72-ից՝ 57), այդուհանդերձ, որոշ միտումներ մտահոգության տեղիք են տալիս։ Մասնավորապես՝ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների պակասելուն զուգահեռ զգալիորեն աճել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը։
Խիստ մտահոգիչ է մնում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների առկայությունը։ Ընդ որում, հաճախ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում՝ իրավապահ մարմինների եւ դատարանների ոչ համարժեք գործողությունների, որոշումների ու վճիռների հետեւանքով։ Այսպես, ս.թ. ապրիլի 2-ի խորհրդարանական եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակաշրջաններում ԽԱՊԿ-ն արձանագրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ու խոչընդոտումների 21 փաստ, սակայն իրավապահները քրեական գործեր են հարուցել ընդամենը 6 դեպքերի առնչությամբ, եւ դրանցից 4 գործ կարճվել է՝ «հանցակազմի բացակայության» ձեւական հիմնավորմամբ։ Այս միտումը շարունակվեց, երբ տուժած լրագրողները բողոքարկում էին քննիչների որոշումները։ Այսկերպ իրավապահ մարմինները շարունակում են «կանաչ լույս» վառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ իրականացնողների առջեւ։
Անարդյունավետ եւ ձեւական մոտեցում է նկատվում նաեւ լրագրողների դեմ լայնածավալ բռնություններին վերաբերող երկու քրեական գործերի՝ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ը մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննությունում։
Հետեւելով հանրային կարեւոր նշանակություն ունեցող այս երկու գործերի ընթացքին՝ ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ դիտարկվող եռամսյակում դրանցում նոր մեղադրյալ կամ կասկածյալ ի հայտ չի եկել։ Ընդհանուր առմամբ, առաջին գործի՝ «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերի ավելի քան երկու տարվա նախաքննությամբ մեղադրանք է առաջադրվել 4, իսկ մայրաքաղաքի Խորենացի փողոցի եւ Սարի թաղի իրադարձությունների մեկ տարուց ավելի ընթացող նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել 9 անձի։ Մինչդեռ, այդ իրադարձությունների տեսագրություններում պարզ երեւում է, որ ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնություններ ու հետապնդումներ են իրականացրել մի քանի տասնյակ ոստիկաններ եւ նրանց աջակցությամբ գործող քաղաքացիական հագուստով անձինք։
Երրորդ եռամսյակում լրագրողական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների բուռն քննարկումների առարկա դարձավ ՀՀ արդարադատության նախարարությունում մշակվող «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը։ Փաստաթղթի թե պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող տարբերակը, որը տեղադրված է e-draft.am կայքում, թե հանրությանը հասու դարձած նոր՝ սևագիր տարբերակը լուրջ առարկություններ է առաջացրել։ Սակայն քանի որ նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են առանց քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության, առաջարկությունները չի հաջողվում հասցնել փաստաթղթի հեղինակներին։
Օգոստոսի 2-ին ավարտվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը, և այն չկայացած հայտարարվեց հայտատուի բացակայության պատճառով։ Արդյունքում չլուծված է մնում ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով եւ հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում։
Սեպտեմբերի 26-ին ավարտվեցին հունիսի 30-ին ՀՌԱՀ-ի հայտարարած՝ թվային ցանցի միջոցով ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները։ Դրանք թվով 18 էին եւ բոլորն անցել են առանց այլընտրանքի, այսինքն՝ 18 տեղի համար նույնքան հայտ է ներկայացվել եւ հաղթող ճանաչվել։ Մրցույթներում մրցակցության բացակայությունը վկայում է հեռարձակման ոլորտի անառողջ վիճակի մասին։
Մամուլի հաղորդագրություն