«Իգլայի» գործով նախագահող դատավորը այսօր գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ավելի հեշտ չէր լինի՞ գումարով օգնել բանակին, քան թե ռազմամթերքով: Նախագահող դատավորը նշեց, որ տարբեր հիմնադրամներ կան բանակին ֆինանսապես օգնելու համար, ի պատասխան պարոն Գաբրիելյանն ասաց՝ «գիտենք այդ գումարներն ուր են գնում, ցավդ տանեմ»:
Սանասար Գաբրիելյանի խոսքով. «Գնում, հասնում եմ Թալիշ, տեսնում եմ՝ ինչ է կատարվում, ուզում եմ օգնել, ես հրամանատար եմ, գիտեմ՝ ինչի պակաս կա, վա՞տ բան եմ անում»:
Նախագահող դատավորը Գաբրիելյանից հարցրեց նաեւ նրա հեռախոսահամարը, վերջինս ասաց. «Չեմ հիշում, հետո կասեմ, հիմա ճնշումս բարձր է, էդքան վաժնի ա՞ հիմա էդ հեռախոսահամարս, ես ինն ամիս ա Սոչի սանատորիայից չեմ գալիս, ճնշումս բարձր ա, չեմ հիշում»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ