«Լռելն այլևս աններելի է, հապաղելը՝ կործանարար, համակերպվելը՝ դավաճանություն ». «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը կոչով է հանդես գալիս և ահազանգում՝ վիճակն օրհասական է, եթե շարունակենք մնալ ամեն ինչում այսպես անկազմակերպ, մեր երկրի վաղն անկանխատեսելի կլինի:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամները վստահեցրին, որ զանգակատան դեր են կատարելու և պարբերաբար հանրությանը զանգեր հնչեցնելու: Կոչը ստորագրել են մոտ 20 մտավորականներ Հայաստանից և արտերկրից: Հայտարարությունը բաց է և այն կարող է ստորագրել ցանկացած անձ:
«Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը մտահոգություն հայտնեց, թե «ՀՀ իշխանությունները զբաղված են քիթ քչփորելով և փող հաշվելով՝ ուրիշ ոչինչ. «Աններելի է իշխանությունների այս գործունեությունը, կարևոր է, որ համահայկական դաշտում միավորենք մեր ներուժը: Այսօր ամեն ինչի մեղքը գցում են ժողովրդի վրա՝ սկսած ընտրություններին կաշառվելուց: Բայց ժողովրդին տեր կանգնել է պետք: Դա պիտի անի համահայկական վերնախավը, որն ունի մտահոգություն և պատասխանատվություն»:
Նախաձեռնության անդամները, սակայն, հայտարարեցին, որ իրենք չեն հավակնում ժողովրդին տեր կանգնելու պարտականությունը վերցնել իրենց վրա: Նախաձեռնության անդամներից երաժիշտ Եղիշե Պետրոսյանն այս առիթով ասաց. «Մենք չենք հավակնում որևէ դերի բացի կազմակերպչական և զանգակատուն լինելուց: Մենք նախաձեռնել ենք նոր շրջան և ամիսը երկու անգամ մեր ամերիկյան գործընկերների հետ կկազմակերպենք քննարկումներ, որ անընդհատ ձեռքներս վերքի վրա պահենք: Մեր կոչին միանում են նորանոր մտավորականներ: Մենք հնչեցնում ենք զանգերը, որ պարտավորություն և պատասխանատվություն ունենք մեր ժողովրդի, ազգի և պետության առաջ, որ ոտքի տակ չգնանք, մանավանդ, որ շուրջբոլորը կաթսան եռում է: Մեր թիրախը մտավորականությունն է, որոնց փորձում ենք արթնացնել, որ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա»:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կոչին, որտեղ իր անունն էլ կար, պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքը նախաձեռնող խմբի անդամ է, արդեն վերջացրել են հռչակագիրը և մոտ ժամանակներս կհրապարակեն այն ու կներկայացնեն ճանապարհային քարտեզ:
Նախաձեռնության անդամ, նկարիչ Արթուր Օշականցին էլ վստահեցրեց, թե ամեն ինչ կորած չէ, քանի որ մեր պատանիներն ու երիտասարդներն են այն լույսն ու հույսը, որոնց լույսը վարակիչ է:
Դառնալով «Սասնա ծռերի» դատավարության ընթացին՝ պարոն Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե մեր իրավական համակարգն աշխատում է քաղաքական պատվերով ու նշեց. «Չի կարելի կտրել «Սասնա ծռերի» դատավարությունը մնացած ապօրինություններից կամ խեղաթյուրված իրականությունից: «Սասնա ծռերը» մի կողմ, բա Գևո՞րգը՝ այդ լուսավոր տղա՞ն ինչու է այսքան ժամանակ նստած՝ ինչ է որոշել էր տոնածառ դնել: Մենք գիտենք, որ սա պետական պատվեր է, որ ոչինչ հանկարծ չծաղկի, չխանգարի իշխանությունների անդորրը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ