Նախկինում հայտնել ենք` սեպտեմբերի 13-ին Իջեւանի տարածաշրջանի ռեստորաններից մեկի 29-ամյա մատուցող աղջիկը ոստիկանություն է դիմել, որ Իջեւան քաղաքի ծայրամասում գտնվող ռեստորանում տղամարդն իրեն բռնաբարել է: Այդ առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով»): Մատուցողուհու կողմից բռնաբարության համար մեղադրվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 34-ամյա բնակչին քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է տրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գործի քննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում:
Մատուցողուհին ոստիկաններին հայտնել է, որ տղամարդն իրեն աշխատանք առաջարկելու համար հանդիպման է հրավիրել այլ ռեստորան, ուր բռնաբարել է:
Ւրավապահներից ստացված տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում աղջկա նկատմամբ կատարված բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Առաջիկայում, հավանաբար, քրեական գործի վարույթը կկարճվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ