Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխան 14 տարեկան ա, արդեն Ռուսաստանի քաղաքացի ա» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 14:15

«Երեխան 14 տարեկան ա, արդեն Ռուսաստանի քաղաքացի ա: Տղա երեխա ունեցողները սկսել են երեխաներին դուրս հանել: Նման խնդիր կա, սա պետք ա ուսումնասիրել եւ հասկանալ»,- այս մտահոգությունն այսօր ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում բարձրացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Հանձնաժողովում քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը, որը ներկայացում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս նախագծով այլեւս սահմանափակվելու է տարկետման իրավունքը, ինչը բացասական ընկալվեց հասարակությունում, բողոքի ակցիաներ եղան: Տարկետման իրավունք ունեցողների ցանկը կհաստատվի կառավարության կողմից: Սպորտսմենների համար, օրինակ, չափանիշներ են սահմանվում`տարկետման իրավունքից կօգտվեն օլիմպիական, Եվրոպայի, աշխարհի, պատանեկան մրցույթների 1-4 տեղ զբաղեցրած այն սպորտսմենները, որոնք կկրկնեն իրենց արդյունքը կամ կգերազանցեն այն: Վիգեն Սարգսյանը նաեւ հումոր արեց. «Դա կօգնի նաեւ մեր մարզիկներին`ավելի լավ ցատկել եւ վազել»: Վերացվում են ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու եւ հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շառավղում ծառայություն անցնելու պահանջները:

Մանրամասները` տեսանյութում

Նախարարի ներկայացմամբ, օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ եւ պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսեւորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:

Ի դեպ, այս հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի 11 անդամներից միայն 4-ն էին դահլիճում ներկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031