Հոկտեմբերի 23-ին Best of British Education կրթական ցուցահանդեսի մեկնարկին նվիրված ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում են ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Տիկին Սարիբեկյանը նշեց, որ Best of British Education կրթական ցուցահանդեսը, որ կազմակերպվում է ՀՀ եւ ՄԹ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումների համատեքստում, հիանալի հնարավորություն է ինչպես տարբեր ոլորտների մասնագետների, այնպես էլ ուսանողների և դպրոցականների համար ծանոթանալու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և այլուր բրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերին, անգլերենի ուսուցման և թեստավորման ծրագրերին:
Նա նաեւ հավելեց, որ կրթական ցուցահանդեսի շնորհիվ հայ ուսանողները կկարողանան ծանոթանալ այն հնարավորություններին, որոնք ընձեռում է Միացյալ Թագավորությունը:
Դեսպան Ֆարնուորթը առանձնացրեց հատկապես Չիվնինգ եւ Ջոն Սմիթի հիշատակի կրթական ծրագրով կրթաթոշակները: «Երկու տարի է՝ աշխատում եմ Հայաստանում, եւ նկատել եմ, թե հայ ընտանիքներն ինչքան բարձր են գնահատում կրթությունը: Նաեւ շատ ուրախ եմ, որ հետզհետե աճում է բրիտանական համալսարանների հետաքրքրությունը` ՀՀ բուհերի հետ կապերը խթանելու ուղղությամբ: Ուրախ եմ, որ ՀՀ ԿԳ նախարարությունը հետաքրքրված է կիրառելու բրիտանական փորձը`դպրոցներում անգլերենի դասավանդումը բարելավելու նպատակով»,-ասաց դեսպանը:
Հավելենք, որ Best of British Education կրթական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Կներկայացվեն հանրահայտ բրիտանական հրատարակչությունների գրքեր, կկայանան տարբեր ծրագրերի շնորհանդեսներ, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան շահել մրցանակներ` մասնակցելով «Գանձերի որոնում» մրցույթին:
Մանրամասները` տեսանյութերում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ