Այսօր խորհրդարանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ զինված ուժերը գնումներ են կատարում գերազանցապես տեղական արտադրողից, բացի` սպառազինությունից: Նախարարը հակադարձում էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին: «Ելք»-ը առաջարկում էր «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ ռազմական բյուջեից գնումների առնվազն 2%-ի չափով իրականացվեն ՀՀ-ում գործող արտադրողներից: «Հայկական բանակը նույն ազգ-բանակ կոնցեպտի շրջանակներում պետք է գնումներ կատարի հայկական արտադրողներից եւ լինի տնտեսության զարգացնողը: Սա առաջարկում ենք հստակ պարտավորություն ստանձնել օրենքով, որպեսզի ԱԺ-ն էլ կարողանա հետեւել դրան»,- հիմնավորեց Էդմոն Մարուքյանը:
Վիգեն Սարգսյանը կարծում է, որ դա օրենքով ամրագրելու անհրաժեշտություն չկա. «Մենք հայ արտադրողների հետ աշխատում ենք որպես գործընկերներ»:
Նախարարն ասաց նաեւ, որ ՊՆ-ի գնումների գերակշիռ մասը սպառազինությունն է: Այստեղ առաջնորդվում են գին-որակ սկզբունքով: Սակայն դա չի նշանակում, որ հետաքրքրված չեն տեղական ռազմական արդյունաբերության զարգացմամբ: Նախարարը նաեւ նկատեց`խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները թույլ են տալիս ՊՆ-ին պարբերաբար հարցում անել, թե ինչ զարգացում կա տեղական արտադրողից ձեռք բերելու դինամիկայում: Նա վստահեցրեց, որ այդ դինամիկան շատ լավն է:
Մանրամասները`տեսանյութում
Էդմոն Մարուքյանին չգոհացրեց նախարարի հիմնավորումը. «Ներկա դինամիկան չի խանգարում, որ նման դրույթ լինի: Մենք շատ ցածր տոկոս էինք ամրագրել եւ ուզում էինք, որ չլինի որեւէ մեկի բարի կամքը: Առավել եւս, եթե դա արվում է, կարելի էր ամրագրել օրենքով»,- արձագանքեց նա:
«Ելք«-ի առաջարկին կողմ քվեարկեցին միայն Էդմոն Մարուքյանը եւ Սասուն Միքայելյանը: Քվեարկությունից հետո «Ելք»-ի անդամները հեռացան դահլիճից:
Քննարկումների ժամանակ անդրադարձ եղավ նաեւ կամավորականության կարգավորման սկզբունքին: «Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, եւ այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է իրացական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա մանրամասնեց` նախագծում իրենք թողել են հստակեցում`նախատեսելով, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել մեր այն քաղաքացիները, որոնք ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում եւ ուսուցանվեն որպես պահեստազոր: «Նպատակը`կամավորականությունը չպետք է խանգարի Սահմանադրական պարտավորության կատարմանը, եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր Զինկոմիսարիատի կողմից իրենց տրված առաջադրանքով ներկայանա նշված վայր, նշված օր, նշված պահի: Սակայն մենք ունենք տարածքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները»,- ասաց նախարարը`հավելելով, որ իրենց մոտեցումը մեկն է` կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ, այն պահին , երբ քաղաքացին ներկայացել է. «Բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ, և տալ իրավական կարգավորում, որպեսզի քաղաքացին լիարժեք գոհ լինի կարգավիճակից, և դրանից բխող բոլոր հետևանքներից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ