Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Ուր էր Զարուհի Փոստանջյանը, երբ Կանազի մշակույթի պալատը փլվում էր»

Հոկտեմբեր 23,2017 12:47

Aravot.am-ը ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանից հետաքրքրվեց, ինչպես կմեկնաբանի Զարուհի Փոստանջյանի աղմուկ հանած եւ սոցցանցերում քննարկված այն հայտարարությունը, որ Կանազի մշակույթի պալատը 99 տարով իրեն են տվել` լռելու, իշխանություններին ծառայելու համար:

«Ի՞նչ է նշանակում տվել են, ինձ ոչինչ չեն տվել, ես այն վարձակալել եմ…Կանազի մշակույթի պալատը 2007 կամ 2008թ. օդից կախված է եղել, այն գտել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, եւ իմանալով, որ ինձ պետք է բեմ, քանի որ վարձով ապրելը շատ ծանր էր, ինքն էլ բավականին գնահատում էր իմ արած աշխատանքը, ներկայացումները, ասում էր` այս ինչ շենք է գտնվել… Մանկական թատրոնի եւ թատրոնի շենք ունենալու մասին մենք սկսել ենք խոսել, երբ մշակույթի նախարար էր Արմեն Սմբատյանը: Օդից կախված պատմամշակութային արժեք ունեցող այդ շենքի մասին, չգիտես ինչու, երեկ հիշեց Զարուհին: Իսկ ո՞ւր էր ինքը մեկ ամիս առաջ, երբ շենքը զրկված լինելով գազից, չունենալով ջեռուցման կամ հովացման աղբյուր, փլվում էր…Այն 90-ականներից բոլորի աչքից դուրս էր մնացել, ընկել էր պատահական մարդկանց ձեռքը: Ընդ որում, այդ շենքում կար շինմոնտաժ, այսինքն` վուլկանիզիացիա, ավտոսերվիս, կարի արտադրամաս, գիշերային ակումբ, աղանդներ: Եվ նախկին ոմն տնօրենը, որն իր ընտանիքով ապրում է այդտեղ, ասում է իբր ներդրումներ է արել: Այնպես կուզենամ, որ գաք տեսնեք այդ «ներդրումները»: Դա ինչո՞ւ չի հետաքրքրում Զարուհի Փոստանջյանին»,-ասաց Հրանտ Թոխատյանը:

Նա նաեւ հավաստիացրեց. «Կանազի մշակույթի պալատում գործելու է թատրոն, մանկական թատերական դպրոց-ստուդիա, պրոֆտեխուսումնարան` թատրոնի միջին մասնագիտությունների, որոնք իսպառ բացակայում են…Բացի այդ, ոչ մի 90 տարվա մասին խոսք չկա, իմ ներկայացված վարկային ծրագրով լինելու է 10 տարի..Եվ այնպես չի, որ ինձ տվել են, ես վարձակալել եմ` ներկայացնելով համապատասխան ծրագիր»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Խմբ. Հրանտ Թոխատյանի պնդումից հետո, թե ոչ մի 90 տարվա մասին խոսք չկա՝ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց պրն Թոխատյանի դիմումը, որը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան 2017 թվականի հունվարի 25-ին. «Համաձայն այդ դիմումի` նա առաջարկել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել Կանազի մշակույթի պալատը»:

Այս առնչությամբ Հրանտ Թոխատյանը «Առավոտին» պարզաբանեց. «Դիմումը այդպես էի գրել, ճիշտ է, բայց բացատրեցին, որ օրենքի համաձայն՝ այդքան ներդրման դեպքում ընդամենը 10 տարի է հասնում: Իսկ եթե հանկարծ 199 կամ 299 տարով տան՝ հաշվի առնելով այն ծրագիրը, որ ուզում եմ անել՝ միայն ուրախ կլինեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031