Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հարցազրույցը վերջին իրադարձությունների շուրջ
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` սահմաններում լարվածությունը թուլացնելու մասին ժնեւյան ջենթլմենական պայմանավորվածությունից հետո նախօրեին կրկին զոհ ունեցանք: Փաստորեն, երիցս ճշմարիտ էին այն մեկնաբանները, ովքեր ժնեւյան հանդիպումը որակեցին անարդյունք կամ Հայաստանի համար հետքայլ:
– Ամեն անգամ, երբ սահմանին մահվան ելքով միջադեպ է գրանցվում, ապա այո, յուրաքանչյուր անգամ մենք մեկ քայլով հեռանում ենք խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը հասնելու հնարավորությունից: Երկարաժամկետ կտրվածքով բանակցությունները որեւէ էական արդյունքի չեն բերել, դրանք ուղղակի երկարաձգել են ռազմական գործողությունների վերսկսումը: Դա հստակ ցույց տվեց 2016 թվականի ապրիլը, երբ դիպուկահարների, դիվերսիոն գործողությունների, հրետանու ակտիվացումը վերածվեց ռազմական գործողությունների:
Ի՞նչ անել՝ դո՞ւրս գալ բանակցություններից, հրաժարվե՞լ նախագահների կամ մեկ այլ ձեւաչափով հանդիպումներից: Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ: Լավ, ի՞նչ կշահենք նման պրոցեսների մեջ մտնելիս: Զոհեր այլեւս չե՞ն լինի, իրավիճակը կլիցքաթափվի՞, բանակցությունները կվերսկսվե՞ն, թե՞ խնդիրը խաղաղ կարգավորում կստանա:
Հակառակ գործընթաց սկսելու համար պետք է առնվազն ունենալ այս հարցադրումների պատասխանները, որոնք բնավ հռետորական չեն:
– Այս իրողությանն ինչպե՞ս պետք է արձագանքեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Չե՞ք կարծում, որ եթե չարձագանքեն, դա կլինի անուղղակի աջակցություն Ադրբեջանին:
– 1994 թվականից հետո մենք միշտ նույն հարցադրումներն ենք բարձրացնում՝ լավագույնս գիտակցելով, թե ինչ կարող ենք ակնկալել միջնորդ երկրներից: Մի քիչ՝ կտրուկ, մի քիչ՝ կոշտ, հավատացեք՝ դա բեկում չի մտցնելու գործընթացում: Կարճաժամկետ կտրվածքով միգուցե համարենք, որ «մինի մենամարտում» հաղթանակ ենք կորզել, բայց գլոբալ գործընթացում դա մեզ էական բան չի տալու:
Ավելի լավ է ներքին խողովակներով միջնորդներն անընդհատ լարվածության մեջ պահեն Ադրբեջանի ղեկավարությանը՝ փորձելով անընդհատ հրել ճիշտ հուն, քան բառախաղով հայտարարություններ հնչեցնեն, որ մենք էլ փորձենք փնտրել մեզ համար առանցքային կամ իրավիճակի փոփոխության միտում հաղորդող գաղտնաբառերը:
– Իսկ հայկական կողմն ի՞նչ պետք է անի: Տարօրինակ չէ՞, որ ժնեւյան հանդիպումից հետո ՀՀ նախագահը չխոսեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Այդ մասին չկար նաեւ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Միայն Արցախի ԱԳՆ-ն փաստեց նախկին պայմանավորվածությունները` տանելով դրանք 1994-ի հրադադարի համաձայնագիր: Սա ինչի՞ մասին է խոսում:
– Նախագահների մակարդակով հանդիպումից հետո Հայաստանի նախագահի հնչեցրած այն հայտարարությունը, թե պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր, ինքնին հղումն էր Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներին:
Շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման, դիպուկահարներին առաջին գծից դուրսբերման, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման նպատակը հենց լարվածության թուլացմանը հասնելն է, ինչը տրամաբանորեն կբերի առաջնագծում մահվան դեպքով միջադեպերի էական նվազմանը:
– Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս հայտարարեց, թե պատերազմի լարված իրավիճակ կա հիմա, եւ կողմերի մոտ էլ չկա համաձայնության ու փոխզիջումների ձգտում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը, եթե հարցի հիմնական շահառուն լիարժեքորեն չի մասնակցում գործընթացին:
Ապրիլյան մարտական գործողություններից հետո պրոցեսում շարժեր չկան, կողմերի միջեւ առկա է վստահության ճգնաժամ, բայց առկա իրավիճակը դժվար է որակել որպես «պատերազմի լարված իրավիճակ»: Քանի խնդիրը կարգավորված չէ կամ գոնե բանակցային ակտիվ ու կառուցողական փուլում չէ, նման ռիսկեր, կանխատեսումներ միշտ էլ կլինեն, սակայն առկա փխրուն իրավիճակում իրավիճակի գնահատականները պետք է լինեն առավելագույնս հիմնավորված: Հակառակ դեպքում նույնիսկ նման հայտարարությունները կարող են իրադրությունը որոշակի սրացման տանել:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
21.10.2017
ժամանակ շահելու համար կա ամենալավ լուծումը, բերդը պետք է գրավել ներսից .իսկ դրա համար ամենից առաջ պետք է ջարդել օձի գլուխը. եթէ արագ չշարժվենք կպարտվենք եվ պատմությունը մեզ չի ների.