Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն Բաքվից չի ղեկավարվում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 14:30

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը:

Նելլի Գրիգորյան.- Նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսված է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը: Այն, ի դեպ, նախաստորագրված է: Օրերս էլ տեքստը հրապարակվեց: Բայց վերջին օրերին Հայաստանում մտահոգություններ հնչեցին, որ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել: Դավիթ Շահնազարյանը դա պայմանավորեց տեխնիկական խնդրով` գործընկերության 28 անդամ երկրներից ոչ բոլորն են հասցրել իրենց լեզուներով թարգմանել: Դրան հետեւեց Եվրահանձնաժողովից պարզաբանում` միայն մեկ լեզվով չի թարգմանվել: ԵՄԱ ղեկավար Բորիս Նավասարդյանն էլ երկրորդ փաստարկը բերեց` ապրիլին Հայաստանում կառավարման համակարգ է փոխվում, նոր իշխանություններ պիտի ձեւավորվեն, եւ Եվրոպայի համար կարեւոր է, թե ինչպիսի՞ Հայաստանի հետ են գործ ունենալու: Որքանո՞վ են հավանական այս փաստարկները:

Գեւորգ Մելիքյան.– Հայաստանում մի հետաքրքիր միտում է նկատվում` յուրաքանչյուր իրադարձության մեջ միշտ մութ անկյունում սեւ կատուներ փնտրել եւ փորձել երեւակայությամբ շատ հարցերի պատասխաններ տալ: Ոչ թե խնդիրն այն է, որ ես փորձում եմ հակադարձել ձեր մեջբերած երկու բանախոսներին, փորձում եմ հասկանալ ԵՄ աշխատանքի տրամաբանությունը: ԵՄ-ի աշխատանքը չի սահմանափակվում մեկ կամ երկու իշխանության հետ աշխատելով կամ չաշխատելով: Անկախ այն բանից, թե ովքե՞ր կլինեն ի վերջո 2018-ին իշխանության եկած մարդիկ, գլոբալ առումով հեղափոխություն չի կատարվելու: Այսինքն՝ այնպես չէ, որ մի ամբողջ քաղաքական կարգ է փոխվելու, եւ դեռ իրենք սպասում են, թե ով կլինի: Այս գործընթացները սկսվել են 1990-ականների սկզբից, երբ Հայաստանը դեռեւս շատ ավելի քաոտիկ վիճակում էր, եւ դա շարունակվելու է միշտ:

Ինչ վերաբերում է տեխնիկական կողմին, Բրյուսելում բոլոր կողմերը ներկա են, երբ որեւէ համաձայնագիր դրվում է քննարկման, բոլոր կողմերը համաձայնությունը տալիս են, եւ դրանից հետո նոր տեքստը դրվում է շրջանառության մեջ: Այսինքն՝ տեխնիկական առումով խոչընդոտ չկա, բացի այն հարցերից, որոնք կարող են հետաձգել բուն ստորագրման պահը, բայց ոչ քաղաքական պատճառներով:

Մենք կարող ենք կարծիքներ ունենալ, բայց պետք է նաեւ հիմնավորումներ լինեն:

Ն. Գ.– Ի՞նչ նպատակով են նման «հիմնազուրկ» տեղեկությունները քաղաքական դաշտ նետվում:

Ստեփան Գրիգորյան.- Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, թող հայտնեն: Բայց պատասխանատվության խնդիր կա: Մինչեւ ստորագրումը, կարծում եմ, ռուսական լրատվամիջոցների միջոցով շատ ու շատ սադրանքներ կլինեն: Ես առաջարկում եմ ուղղակի ուշադիր լինել եւ տարբերել փորձագետի կարծիքն արհեստական ներմուծվող տեղեկությունից: Խոսք գնաց այն մասին, որ մի քանի լեզուներով թարգմանված չէ. լրատվամիջոցի համար որեւէ խնդիր չէ դա ճշտել Եվրահանձնաժողովից` նոր հրապարակել տեղեկությունը: Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ միայն իռլանդական լեզվով թարգմանված չէ, բայց իրենք հանդուրժեցին դա, քանի որ Իռլանդիայում երկու պետական լեզու կա` անգլերեն եւ իռլանդերեն: Դա համաձայնեցված է Իռլանդիայի կառավարության հետ, հետեւաբար խնդիր չկա:
Եվրահանձնաժողովը լուրջ բյուրոկրատական համակարգ է: Եթե համաձայնագիրը նախաստորագրվեց, բացառված է, որ պետությունները համաձայնություն չտան տեքստի վերաբերյալ: Ի դեպ, հրապարակված տեքստը վերջնական է, եւ ձեւակերպումներն այլեւ չեն փոխվի:

Ն. Գ.– Որքանո՞վ կարելի է կապել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը Արցախի հարցի կարգավորման եւ Սարգսյան-Ալիեւ Ժնեւում կայացած հանդիպման հետ, քանի որ մտահոգություն նաեւ հնչեց, որ Ադրբեջանը գագաթնաժողովի բանաձեւում ցանկանում է դրույթ ամրագրել, որը նախապատվություն կտա տարածքային ամբողջականության սկզբունքին:

Գ. Մ.- Դիտարկումը, որ այս գործընթացի դանդաղումը կապված է ինչ-որ չափով Ադրբեջանի հետ, ես համարում եմ անհիմն: Պետք չի գերագնահատել Ադրբեջանի հնարավորությունները եւ առավել եւս՝ պետք չի թերագնահատել ԵՄ-ի հնարավորությունները: ԵՄ-ն Բաքվից չի ղեկավարվում:

Խնդիրը տեխնիկական է, սրա մասին մոտավորապես երեք շաբաթ առաջ մեզ արդեն զգուշացրել էին մեր եվրոպացի գործընկերները: ԵՄ-ի բյուրոկրատական մեքենան, որ սկսում է աշխատել, բավականին ժամանակ է պահանջում, եւ միշտ չէ, որ նախանշված ժամկետներում կարողանում են տեղավորվել: Բայց հուսանք, որ նոյեմբերի 24-ին պատրաստ կլինի այդ փաստաթուղթը, կստորագրվի, եւ մենք զերծ կմնանք բոլոր անիմաստ շահարկումներից, կկենտրոնանանք բուն փաստաթղթի բովանդակության վրա, քննարկումներ կլինեն, թե ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները պատրաստվում իրականացնել այն կետերը, որոնք իրենք վերցրել են որպես պարտավորություններ: Արդյո՞ք կկարողանան մինչեւ վերջ թղթի վրա չթողնել, կունենա՞ քաղաքացիական հասարակությունը համապատասխան լծակներ իշխանության վրա, որպեսզի պարտադրի իրականացնել այդ կետերը:

Ն. Գ.– Ռուսական խանդն այս անգամ կարո՞ղ է դրսեւորվել, այդ դրսեւորումները կարո՞ղ են խոչընդոտել, մանավանդ ռուսական քաղաքագիտական շրջանակներում արդեն հայտարարում են, որ ինտեգրացիոն գործընթացները լավ են, բայց դրանք չպետք է ռուսական շահի հաշվին լինեն:

Ս. Գ.- Ռուսաստանի դիրքորոշումը այսպիսին է` իրենք խանդում են, որ Հայաստանը որեւէ լուրջ փաստաթուղթ ստորագրի, նույնիսկ եթե այնտեղ ոչ մի հակասություն չկա ոչ ԵԱՏՄ-ի, ոչ էլ ՌԴ-ի հետ համագործակցության հետ: ՌԴ-ի ընդհանուր գաղափարախոսությունը սա է` Հայաստանին հնարավորինս զերծ պահել այլընտրանքային համագործակցություններից: Կարեւոր է չափել, հասկանալ այդ խանդի աստիճանը` կգնա՞ն նրան, որ փորձեն ճնշել: Բայց մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունը ՄԱԿ-ի եւ այլ ամբիոններից հայտարարեց, եւ հետ գնալու տարբերակ չունեն:

Ես չեմ բացառում, որ տարբեր մեխանիզմներով կեղծ լուրեր կտարածվեն` փորձելով խափանել գործընթացը եւ դա բարդելով Եվրոպայի, Ադրբեջանի վրա:

Զրույցն ամբողջությամբ

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

21.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031