Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման էդ ի՞նչ խոստումներ էիր տալիս, որ այդ հանդիպումից դեռ 3 օր չանցած, սահմանին հերթական հայ զինվորը զոհվեց

Հոկտեմբեր 23,2017 11:19

Զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, ովքեր հերթական անգամ հույսեր էին կապում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպման վրա, այն առումով, որ գոնե այս անգամ վերջապես տեղի կունենա հրաշքը ու հանդիպման արդյունքում իրականություն կդառնա հրադադարի վերաբերյալ երկկողմանի համաձայնության իրողությունը, որից հետո երկու երկրներն էլ վերջապես կփորձեն ոչ միայն փաստաթղթային ձևակերպմամբ, այլև իրականում՝ քայլ առ քայլ կյանքի կոչել Ղարաբաղա-ադրբեջանական չարչրկվող հակամարտության խաղաղ կարգավորման բարդագույն գործընթացը, որը մինչ այսօր Ադրբեջանի կողմից՝ ի դեմս Ալիևի, անցել է միմիայն ինտրիգների բանեցման՝ նենգ խաբեություններով, անամոթ ստերով, գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունների լիովին խախտումներով ու ցինիկ պահելաձևով, տպավորություն ստեղծելով՝ կարծես որևէ հանդիպում չի էլ եղել ու իրենք ոչ մի պարտավորություն չեն էլ ունեցել:

Փաստորեն, Ալիևի նման պահելաձևը լիովին տեղավորվում է նրա և Էրդողանի կողմից մշակված սցենարի տրամաբանության մեջ ու հերթական անգամ վկայում է, որ նախագահների մակարդակով ցանկացած հանդիպումից (պարտադրված, թե կամովին) առաջ, Ալիևն ընդամենը խաղ է խաղում՝ ի լուր աշխարհի, ցույց տալով, որ իբր Ադրբեջանն իրոք ագրեսոր չէ, պատրաստ է խաղաղ ճանապարհով հակամարտության լուծմանը, իր ներսում քաջ գիտակցելով, որ ամեն բանակցության ավարտից անմիջապես հետո, իրենք նույն տեմպով կամ ավելի կատաղի ձևով են շարունակելու ռազմական գործողությունները, համոզված լինելով, որ միևնույն է, աշխարհի որևէ երկիր նույնիսկ չի բարձրաձայնելու, էլ չեմ ասում, Ադրբեջանի առջև կոնկրետ հարցադրում չի անելու. այ պարոն Ալիև, բա օրեր առաջ Ժնևում կամ Վիեննայում՝ ի լուր աշխարհի, Ձեր թիմով՝ լուրջ կեցվածքով, ի լուր աշխարհի, օրը ցերեկով, հերթական անգամ՝ խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման էդ ի՞նչ խոստումներ էիր տալիս, որ այդ հանդիպումից դեռ 3 օր չանցած, սահմանին հերթական հայ զինվորը զոհվեց: Ի՞նչ է, Ձեր ենթակաները չե՞ն կատարում Ձեր հրամանները, թե՞ առանց Ձեր իմացությամբ է տեղի ունենում այդ ամենը…: Այ, եթե երբևէ աշխարհը նման ձևակերպմամբ գոնե մեկ հարցադրում արած լիներ Ալիևին, ապա նա հերթական անգամ կամ չէր գնա նման հանդիպման, կամ իրեն հաշիվ կտար, թե նման հանդիպումների ընթացքում ինքը որքան պետք է զգոն լիներ, ինչի տակ պետք է ստորագրեր, որից հետո էլ լուրջ պատասխանատվությամբ կհարգեր համայն աշխարհի աչքի առջև դրված իր ստորագրությունը, այլ ոչ թե հերթական անգամ ցինիկաբար կխախտեր նույն աշխարհի աչքի առջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ասվածը՝ երկու նախագահների վերջին բոլոր հանդիպումներից հետո ստեղծված իրական վիճակի ընդհանրական պատկերն է: Իսկ նրանց կողմից այս ամենը չի կատարվում, քանի որ Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին, նրանք իրենց շահերն ունեն և առաջնորդվում են միայն դրանցով, որոնք շատ հաճախ ցավալիորեն համընկնում են Ադրբեջանի շահերի հետ ու արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք: Մի՞թե հասկանալի չէ, որ դեռևս ոչինչ չի նշանակում, որ աշխարհի խոշորների կողմից Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման վերաբերյալ մշտապես հնչել ու հնչում են միմիայն խաղաղ ճանապարհով այն լուծելու հայտարարություններ, քանզի շատ բնական է, որ հակառակ, կամ լռության պարագայում անգամ, նրանց կեցվածքն ի լուր աշխարհի կբնութագրվեր որպես պատերազմի հրահրման, կամ որ նույնն է, պատերազմական վիճակի շարունակության պաշտպանության կոչ, որն էլ ոչ այլ ինչ է, քան բացահայտ կոչ ի պաշտպանություն ագրեսիայի:

Չափազանց շատ է խոսվել այն մասին, որ Ռուսաստանը պատեհ-անպատեհ մշտապես հայտարարում է, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերն է և բացի այդ էլ հստակ իրողություն է այն, որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ լիիրավ անդամ է, որոնցից առաջինի կազմավորման հիմնական նպատակը կայանում է հենց նրանում, որ այդ կառույցի ցանկացած անդամ երկրի վրա հարձակման պարագայում, նույն կառույցի բոլոր անդամ երկրները պարտավոր են բացահայտորեն պաշտպանել տվյալ երկրին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում: ՀԱՊԿ անդամ երկրները ոչ միայն չեն գործում ի պաշտպանություն Հայաստանի, այլև բացահայտորեն հանդես են գալիս ի պաշտպանություն տարածքային ամբողջականության, այսինքն` ի պաշտպանություն Ադրբեջանի և նույնիսկ ավելին՝ մեր ռազմավարական և կրոնական գործընկեր Ռուսաստանը շարունակում է չափազանց մեծ ծավալի ռազմական տեխնիկա վաճառել Ադրբեջանին: Մի՞թե սրանից ավելի բացահայտ ապացույց կա, որ այս ամենը պարզապես բլեֆ է և մենք միշտ էլ լիովին միայնակ ենք եղել, մեր կողքին ոչ ոք չի կանգնել ու չի կանգնելու, այնպես որ մեր հույսը պետք է դնենք միմիայն մեզ վրա և չպետք է առաջնորդվենք սին երազներով:

Իհարկե, հասկանալի է նաև, որ նախագահների մակարդակով նման հանդիպումները քաղաքականության մեջ ընդունված բաղադրատարրեր են և մեր երկիրը ևս չպետք է զերծ մնա այդ գործընթացներից: Սակայն, մի բան պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ սա պատերազմական լուրջ իրավիճակ է ու նման պայմաններում քաղաքականությանը պետք է ապավինել ընդամենը՝ որպես հարաբերությունների կարգավորման լոկ ծածկութային շերտի և ոչ ավելին, իսկ հարցի վերջնական լուծման կարգավորումը պարտադրված ենք լինելու լուծելու միմիայն զենքի ուժով: Ցավոք, մեզ համար մնացած ճանապարհներն ուղղակի փակ են:

Էլ ի՞նչ լինի, որ վերջապես հասկանանք, որ հնարավոր չէ հաշվի չնստել արդեն կայացած իրողությունների հետ, այն է՝ վճռորոշ պահերին մենք միշտ եղել ենք միայնակ, այլ երկրների կողմից արված հայտարարությունները պարզապես դիվանագիտական մանիպուլացիաներ են՝ դատարկ խոսակցություններ, հույսի կեղծ աղբյուրներ: Այս ամենը դառը իրականություն է և մեր միակ փրկությունը՝ համայն հայության համախմբման մեջ է և մեջք-մեջքի տված՝ ոգու ուժով ու զենքով թշնամուն ծնկի բերելն ու Արցախի վերջնական ազատագրումն է: Սա է մեր առաջնային և գլխավոր անելիքը, որը նաև մեր փրկության միակ ճանապարհն է…

Երիցս ճիշտ է այն մոտեցումը. որ միայն զենքով կա հային փրկություն…, որը հանրահայտ երգի բառերից է, սակայն այն եզակիներից, որը ճայթում է ամեն հայի սրտից…

Առանց չափազանցության կարելի ասել, որ այս հարցի լուծումից է կախված ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչու չէ նաև ողջ հայության ճակատագիրը, այնպես որ պետք է ազգովին կողքի դնենք մեր բոլոր խնդիրներն ու հոգսերը, համախմբվենք ու այնպես պատրաստվենք անխուսափելի և ճակատագրական՝ վերջին ու վճռորոշ կռվին, որից հետո թշնամին այլևս ունակ չլինի մեջքն ուղղելու…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vartan says:

    Երբ քսան տարուց ավելի սպասում ես որ թշնամին նավտ ծախի եվ ուժեղանա, երբ ինքդ քո ձեռքով Արցախի մասնակցությունը բանակցություններին հապավում ես, երբ ժողովրդագրական տվյալների կարեվորությունը չես ըմբռնում , երբ թշնամու թոյլ ժամանակ իրեն ոչինչ չես պարտադրում,երբ տեղի ու անտեղի բանակցությունների ես մասնակցում, երբ օտարի շահի համար Ղրիմ ես ճանաչում եվ դիմացը ոչինչ չես ստանում , երբ հարմար պահին հակահարվածը կանգ ես տալիս, երբ ամբողջ քսանը քանի տարվա ընթացքում անգամ մեկ բարեկամ չունես որ կողքիդ կանգնի , եվ վերջապես երբ թուրքին իսկականից չես ճանաչում ու տնտեսությունից էլ շատ բան չգիտես, մտածում ես որտեղ ես հասնելու հայկական կողմի հաղթանակից հետո թշնամին երբեք մեր կողմից ճնշման տակ չի եղել ահա մեր ամենամեծ սխալը. երբեկ Արցախը վերաբնակեցնելու համար լուրջ ծրագիր գոյություն չի ունեցել. երկիրը դարձել է սպառողական եվ հետեվաբար կախյալ. քաղաքական եվ տնտեսական վորոշումները չափազանց դանդաղ եվ առանց հստակ ռազմավարությամբ. պետական նեխվածության մասին էլ ասելիք չկա եվ այսպես շարունակ…….

  2. Մարինա says:

    Ինչպիսի բոցաշունչ կոչ՝ ի զեն։ Իսկ ես անձամբ դեմ եմ պատերազմին, որովհետև ես եմ ապրում Արցախում և իմ գլխին պիտի արկեր թափվեն։ Իսկ իրավունք չեմ տվել որևէ մեկին դրսից կոչեր անել՝ ինձ վրա կրակել կամ իմ տան վրա ռումբեր նետելու։ Հաստատված բան է, որ կռվի կոչեր անում են միշտ նրանք ովքեր կամ անցել են զինապարտության տարիքը, կամ կռվում կորցնելու ոչինչ չունեն։ Նորից եմ կրկնում, ես և իմ ընտանիքը, ընկերները, բարեկամները, չենք լիազորել որևէ մեկին կռվի կոչեր հնչեցնել։ Ամեն մեկդ զբաղվեք ձեր գործերով։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031