Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Բրազիլիայի դեսպանը հիացած է հայ երաժիշտների՝ համերկրացի կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությամբ

Հոկտեմբեր 23,2017 13:00

Քառորդ դար է, ինչ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մի շարք երկրների հետ, ինչի առիթով ընթացիկ տարում հոբելյանական միջոցառումներ են տեղի ունենում: Դրանք, որպես կանոն, մշակութային բնույթ են կրում: Օրերս հերթական նման միջոցառումն էր Ազգային օպերային թատրոնում, այս անգամ՝ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան կազմակերպած:

«Առավոտի» հետ զրույցում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն (լուսանկարում) նախ նշեց, թե լրանում է Հայաստանում իր դիվանագիտական աշխատանքի ժամկետը, հետո, քանի որ հոբելյանական երեկոյի ընթացքում բրազիլացի դիրիժոր Ռիկարդո Ավերբախի ղեկավարությամբ Ազգային օպերային թատրոնի նվագախմբի լարայինների կազմը ներկայացրեց բրազիլացի, այդ թվում՝ բրազիլահայ ստեղծագործողի ստեղծագործություններ, դեսպանը ներկայացրեց իր երկրի երաժշտարվեստը, նշելով. «Բրազիլիայի երաժշտության մեջ յուրօրինակ կերպով միաձուլված են եվրոպական, աֆրիկյան եւ հնդկացիների երաժշտարվեստի տարրերը: Ժողովրդական երաժշտությունն ունի իմպրովիզացիոն լայն հնարավորություններ, որի ապացույցը ժողովրդական կենցաղի անքակտելի մաս կազմող ամենամյա դիմակահանդեսներն են: 18-րդ դ. առաջին կեսին իմ երկրում զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը, որի առաջին խոշոր կոմպոզիտորը աշխարհին եւ, բնականաբար, ձեզ հայտնի Գարսիան է: Ընդ որում, 1831թ. նրա աշակերտը՝ դա Սիլվան, հեղինակն է Բրազիլիայի ազգային հիմնի»: Պարոն դեսպանը հավելեց նաեւ, թե այսօր Բրազիլիայի երաժշտական հիմնական կենտրոններն են Ռիո դե Ժանեյրոն եւ Սան Պաուլոն: Նշեց, որ 1857թ. Ռիո դե Ժանեյրոյում գործում է օպերային թատրոնը, իսկ 1841-ից՝ կոնսերվատորիան: «Այսօր առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ մաեստրո Ռիկարդո Ավերբախը՝ հնչեցնելով բրազիլացի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ընտրանի՝ ներառելով բրազիլահայ կոմպոզիտորի ստեղծագործություն: Ի դեպ, Ռիկարդո Թակուչյանի սիմֆոնետան առաջին անգամ հնչեց Հայաստանում եւ երբ նրան այդ մասին տեղեկացրի, աննկարագրելի էր կոմպոզիտորի հուզմունքը»,- ասաց պարոն դեսպանը: Հավելեց նաեւ, թե օրերս օպերային թատրոնում ներկա է գտնվել Խաչատրյանի «Գայանե» բալետի փորձին եւ նրա խոսքերով՝ «Իհարկե, առաջին անգամը չէ, որ լսում էի խաչատրյանական երաժշտություն, բայց տպավորությունս աննկարագրելի է»:

Ռիկարդո Ավերբախը՝ Գայանե Աբրահամյանի եւ Գառնիկ Ենգիբարյանի հետ:

Դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ներկայացրեց նաեւ դիրիժոր Ռիկարդո Ավերբախին. «Մաեստրոն Մայամիի համալսարանի նվագախմբի բաժնի տնօրենն է: Իր դիրիժորական գործունեության համար նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ 2010-ին «Ամերիկյան Մրցանակի»: Նրա ձայնասկավառակները ներառում են մի շարք համաշխարհային պրեմիերաներ, որոնք վաճառվել են ավելի քան կես միլիոն օրինակով: Մաեստրոյի ղեկավարությամբ համերգներն էլ հեռարձակվել են աշխարհի շուրջ 50 երկրների ռադիո եւ հեռուստաընկերություններով: Համերկրացիս պարբերաբար հանդես է գալիս՝ ղեկավարելով տարբեր երկրների հեղինակավոր նվագախմբեր: Նա Օպերայի ազգային ասոցիացիայի կողմից արժանացել է «Ազգային օպերային թատրոն» մրցանակի»:

Դիրիժոր Ռիկարդո Ավերբախից խնդրեցինք պարզաբանել՝ ինչ ասել է «Ազգային օպերային թատրոն» մրցանակ: Մեր զրուցակիցը ժպտալով, բայց շատ հակիրճ հայտնեց հետեւյալը. «Ինչ խոսք, պատվավոր եւ պատվաբեր մրցանակ է, որին արժանացել եմ երկու անգամ՝ Մենոտիի «Կոնսուլ» եւ Մասնեի «Մոխրոտը» օպերաների համար, իբրեւ բեմադրող դիրիժոր»: Մեր զրուցակիցը սահուն անցում կատարեց՝ գովեստի խոսքեր շռայլելով օպերային թատրոնի նվագախմբի լարային կազմի արտիստների հասցեին. «Ինձ շնորհավորելիս հայ մասնագետներն առանց թաքցնելու նշեցին հայ երաժիշտների, իրենց խոսքերով՝ բրազիլական դասական կոմպոզիտորների, հատկապես Կրիգերի, Ագիարի երկերի բարձրարվեստ մեկնաբանությունը: Ինչպես եւ սպասում էի՝ առանձնացրին բրազիլահայ Ռիկարդո Թակուչյանի սիմֆոնետայի կատարումը: Ես էլ իմ անունից առանձնացնեմ աշխարհահռչակ «Tico-Tico no fuba» երկի կատարումը, որտեղ, ես կասեի, բրազիլական մատուցմամբ փայլեցին օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանն ու թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր Գառնիկ Ենգիբարյանը»: Հետաքրքրությանը՝ մտադրություն չունի՞ Երեւանի օպերային թատրոնում ղեկավարել որեւէ ներկայացում, Ռիկարդո Ավերբախը նշեց, թե Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ վաղեմի բարեկամներ են, ապա մանրամասնեց. «Ժամանակին Օրբելյանն ինձ հրավիրեց Մոսկվա, հանդես եկա իր ղեկավարած կամերային նվագախմբի հետ, որին հաջորդեց նրա այցը Բրազիլիա: Ինչ վերաբերում է Երեւանում օպերային ներկայացում ղեկավարելուն, ցանկություն ունեմ, որ դա կայանա մոտ ապագայում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031