Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնու ջուրը հասավ Մասիս

Հոկտեմբեր 23,2017 12:30

Վեոլիա Ջուրը կտնտեսի 80-90 հազար կՎտժ էներգիա ամսական

Հազիվ էր գարունը բացվել, երբ Վեոլիա Ջուր ընկերությունն այլ առաջնահերթությունների թվում ձեռնամուխ եղավ նախորդ Օպերատորից «ժառանգած» եւ «անլուծելի» համարվող` Արարատի մարզի Մասիս քաղաքի ու Այնթապ, Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերի բնակիչներին բարձրորակ ջրով ապահովելու խնդրի լուծմանը:

Բանն այն է, որ այս բնակավայրերը տասնամյակներ շարունակ ջուր են ստացել տեղի արտեզյան հորերից: Ջուրն, իհարկե, խմելու պիտանի է, սակայն հասկանալի է, որ որակական ցուցանիշներով այն զիջում է լեռնային աղբյուրների ջրին: Մինչդեռ հարեւանությամբ ձգվում է «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարը, որ միշտ էլ դիտարկվել է, թեկուզեւ տեսականորեն, տվյալ ջրատարից մասիսցիների ջրամատակարարման հնարավորություն: Բայց միայն ընթացիկ տարում, երբ գործն իր ձեռքն առավ Վեոլիա Ջուրը, աշխատանքն այդ ուղղությամբ տեսականից անցավ գործնական փուլ, նախագիծը, ինչպես ասում են, միս ու արյուն ստացավ:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այստեղ պահանջվում է հետեւողական աշխատանք, անելիքը շատ է ու բազմաբնույթ: Բաղձալի ջրի «ճամփի քարը» հեշտ չի լինի հանել: Սկզբի համար որոշվեց վերագործարկել «Գառնի-Երեւան» խողովակաշարին ամենամոտ Նոր Խարբերդ գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի Մասիսի ՕԿՋ գոյություն ունեցող, բայց չշահագործվող ջրագիծը: Վերացվեցին դրա վրա առկա վթարները, փոխարինվեցին փականային հանգույցները ու այլն:

Սա խնդրի տեխնիկական կողմի մասին: Ինչ վերաբերում է ջրի քանակին, ապա այն վերցվեց Երեւանից, որտեղ վերջին տարիներին Վեոլիա Ջրի նման ֆրանսիական Վեոլիա Գրուպի մաս կազմող «Երեւան Ջուր» ՓԲԸ կատարած աշխատանքների շնորհիվ հնարավոր էր եղել տնտեսել զգալի կենարար հեղուկ: Մայրաքաղաքի բաշխիչ ցանցում տարբեր աղբյուրներից ստացվող ջրի վերաբաշխման արդյունքում հնարավոր եղավ Գառնու աղբյուրի ջրի մի մասն ուղղել դեպի Մասիս:

Այդ անլուծելի համարվող խնդրի լուծմանն ուղղված առաջին իսկ քայլը տվեց դրական արդյունք: Նշված համայնքներին մատակարարվող ջրի 70 տոկոսը կազմեց Գառնու քաղցրահամ ջուրը, ինչն իսկույն նկատվեց սպառողների կողմից: Միեւնույն ժամանակ պարզ էր, որ դա միայն առաջին քայլն էր, որին պետք է հետեւեն նորերը: Քանի որ կա քաղաքամայր Երեւանի խնդիր, որը Գառնու ջրի հիմնական սպառողն է, կա ջրի կորստի խնդիր ամենուր, կա աղբյուրում արտադրվող ջրի քանակի ավելացման խնդիր… Այս ամենի համար պահանջվում է ժամանակ եւ միջոցներ: Այս պայմաններում բնական պետք է համարել, որ ամռան արտակարգ շոգերն արագորեն «կլանեցին» Գառնու ջրի այն ռեզերվը, որը տնտեսվել էր Երեւանում, եւ Մասիսը նորից անցավ արտեզյան ջրերի:

Եվ այստեղ տեղի ունեցավ մի բան, որն անընդունելի է ու վիրավորական ջրմուղագործների համար: Տեղական նշանակության որոշ պաշտոնատար անձինք, խնդրի մեջ խորանալու ու պատճառ-հետեւանքային կապին հասու լինելու փոխարեն, անցան ամբոխահաճ հայտարարությունների ու ի տես ամենքի (իմա` ընտրողների)՝ ամենայն լրջությամբ սկսեցին պահանջել Օպերատորից «անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` նշված բնակավայրերին խմելու համար պիտանի ջուր մատակարարելուն», այլապես… Ասես տեղյակ չէին, որ խոսքն ընդամենը այն ջրի մասին էր, որ տարածաշրջանը ստանում էր տասնամյակներ շարունակ: Ու որ Վեոլիա Ջուրը նոր-նոր է ձեռնամուխ եղել գործին: Զարմանալ պետք չէ, որ այս մթնոլորտում բանից անտեղյակ համաքաղաքացիների շրջանում սկսեցին շրջանառվել տարաբնույթ լուրեր, մասնավորապես այն մասին, որ Գառնու ջուրը տվել էին միայն Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ եւ այլն: Ինչեւիցե:

Բայց ահա եկավ աշունը եւ այս ընթացքում Վեոլիա Ջրի կատարած աշխատանքը տվեց նոր պտուղներ. Գառնու ջուրը վայրկյանում մոտ 75 լիտր քանակությամբ նորից հոսեց դեպի Մասիսի տարածաշրջան: Համոզված կարող ենք ասել, որ մինչեւ հաջորդ մայիս ամիսը տեղի սպառողները կստանան այս բարձրորակ ջուրը: Դե իսկ հետո… Հետոն կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում եղանակային պայմաններից ու ջրի սպառման ծավալների ավելացումից: Այդ գործոնների ազդեցությունը նվազեցնելու համար Վեոլիա Ջրի կողմից շարունակվում է Գառնու ջրաղբյուրից օգտվող բնակավայրերի բաշխիչ ցանցի վերակառուցումը, վերանայվում է դրանց ջրամատակարարման սխեման, ընկերության համակարգում նվազեցվում է ջրի կորուստը, իսկ սպառողների շրջանում` տարվում է պայքար ապօրինությունների, այդ թվում խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու, դեմ… Անկասկած, այս ամենը դրականորեն կանդրադառնա Գառնու ջրի մատակարարման ժամանակահատվածի երկարաձգման վրա: Կա եւս մեկ կարեւոր հանգամանք. դրանում սպառողներից ոչ պակաս շահագրգիռ է ինքը` Օպերատորը: Որովհետեւ Գառնու ջուրը Մասիս հասցնելու վրա մոտ 2,5 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսվում, քան Արարատյան դաշտի խորքային հորերի շահագործման դեպքում: Տնտեսումը կազմում է 80-90 հազար կՎտժ ամսական: Գումար է:

Այնպես որ` բացե՛ք ձեր ծորակները, հարգելի մասիսցիներ, վայելե՛ք լեռների քաղցրահամ ջուրը, բայցեւ իմացեք դրա գինը: Ու արդյունավետ օգտագործեք այն, որպես սեփական ներդրում Վեոլիա Ջրի հետ համատեղ ձեր իսկ «անլուծելի խնդրի» վերջնական լուծման գործում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

 

«Առավոտ»

21.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031