Լրահոս
Օրվա լրահոսը

Դդմիկով անուշաբույր տոլմա

Հոկտեմբեր 22,2017 21:51

Լցոնի մեջ առատ թարխունի առկայությունը այս տոլմային յուրահատուկ համ եւ բույր է տալիս: Իսկ դդմիկի եւ սխտոր- մածունի համադրությունը վաղուց հայտնի «զիլ» ընկերություն է:

 Անհրաժեշտ մթերքները

Դդմիկ-10-12 հատ

Աղացած միս- 800-1000 գրամ

Սոխ- 1 մեծ կամ 2 փոքրիկ գլուխ

Սխտոր-2-3 պճեղ

Տոմատի մածուկ- 3 ճաշի գդալ

Թարխուն- 1 կապ

Աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ` ըստ ճաշակի

Դարչին- կես թեյի գդալ

Բրինձ- կես բաժակ

Կարագ-100 գրամ

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստեք լցոնը: Եթե միսը ինքներդ եք աղալու, ապա նկատի ունեցեք, որ միայն տավարի միսը բավականաչափ յուղոտ չէ, եւ լցոնի մեջ հավելյալ կարագ է պետք ավելացնել` մոտ 50-60 գրամ: Լցոնի յուղայնությունն ավելացնելու համար կարող եք տավարի մսի հետ մի քիչ խոզի յուղոտ միս աղալ կամ, եթե սիրում եք գառան համը` մի քիչ գառան դմակ: Եթե խանութից եք առնում աղացած միսը, հավելյալ կարագի կարագ չկա, քանի որ մսավաճառները միսն աղալիս ավելացնում են բավականաչափ ճարպ:

Սոխն ու սխտորը մաքրեք, լվացեք: Լվացեք նաեւ թարխունը: Շատ մանր կտրատեք եւ ավելացրեք աղացած մսին: Ավելացրեք նաեւ տոմատի մածուկը, համեմունքները, լվացած բրինձը: Լավ խառնեք:

Լցոնը կարող եք մեկ օր առաջ պատրաստել եւ պահել սառնարանում:

Դդմիկները լավ լվացեք: Մեջտեղից կիսեք եւ թեյի գդալով զգուշորեն հանեք միջուկը: Միջուկը կարող եք չնետել, այլ շատ քիչ ջրով շոգեխաշել` ավելացնելով 1-2 պճեղ սխտոր եւ կես գլուխ սոխ, աղ, սեւ ու կարմիր պղպեղ: Վերջում էլ վրան մեկ ճաշի գդալ կարագ դրեք եւ պատառաքաղով տրորեք: Շատ համեղ խավարտ կլինի` ցանկացած մսեղենի հետ:

Դդմիկները լցոնեք: Եթե դդմիկները չբավականացնեն, կարող եք նաեւ թարմ կանաչ պղպեղ եւ խաղողի թուփ լցոնել: Թարխունի համը դրանց հետ եւս շատ տեղին կլինի: Կաթսայի հատակին կամ դդմիկի բարակ շերտեր դրեք, կամ խաղողի տերեւներ: Դդմիկները շարեք կաթսայի մեջ: Վրան դրեք կարագի կտորը, կես բաժակ ջուր: Ծածկեք որեւէ ափսեով, ապա` կափարիչով: Դրեք մարմանդ կրակին` մոտ մեկ ժամ:

Մատուցեք մածունով, որի մեջ ձեր ճաշակով սխտոր եք ճզմել: Կարող եք մածունին էլ մանրած թարխուն ավելացնել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031