Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկան տղաների հավաքականը Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ հինգ մարզիկով, բայց ընդհանուր առմամբ բոլորից շատ ոսկե մեդալ նվաճեց:
Երկամարտի արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեցին գերծանր քաշային Գոռ Մինասյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը: Մինասյանն ու Ղուկասյանը մեկական փոքր ոսկի նվաճեցին նաեւ պոկում եւ հրում վարժություններում, Կարապետյանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում, իսկ հրումում արժանացավ արծաթի: Մեր թիմին հրում վարժության մեկ բրոնզե մեդալ էլ բերեց 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը:
Այսպիսով, Հայաստանի մինչեւ 23 տարեկան տղաների հինգ ծանրորդով ներկայացած հավաքականն Ալբանիայում ընդհանուր առմամբ նվաճեց ութ ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ ու ոսկիների քանակով դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ