Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը (#EUSportsFest):
Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը նպատակաուղղված են առողջ և ակտիվ կենսակերպի խթանմանը: Մրցաշարերը նպատակ ունեն նպաստելու սպորտի ու ֆիզիկական կուլտուրայի խթանմանը բոլոր տարիքի մարդկանց շրջանում, խրախուսելու բոլորի ավելի ակտիվ մասնակցությունը սպորտային միջոցառումներին, մարզումներին և առաջնություններին:
#EUSportsFest2017-ը միտված է նաև բարձրացնելու Հայաստանի գրավչությունը զբոսաշրջիկների համար և աջակցելու Հայաստանում սպորտային զբոսաշրջության զարգացմանը:
#EUSportsFest մրցաշարերից երկուսը՝ ընտանեկան գոլֆի փառատոնն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարը, մեկնարկել են հոկտեմբերի 7-ին ու անցկացվել մինչև հոկտեմբերի 22-ը, իսկ 2017-ի հոկտեմբերի 8-ին անցկացվել է լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների և մեծահասակների համար:
Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի պաշտոնական եզրափակիչ խաղերն ու փակման արարողությունը տեղի ունեցան 2017-ի հոկտեմբերի 22-ին Արարատ Վալի Քանթրի Քլաբ – ում :
Մրցաշարին մասնակցեցին գոլֆի շուրջ 60 սիրահարներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում մարզվել են մրցաշարերի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ:
Մրցաշարում հաղթող ճանաչվեցին Համբարձումյան Համբարձումը, Լիլիթ Հովհաննիսյանը և և 7-ամյա Մարիա Բոյաջյանը, ովքեր ստացան իրենց գավաթներն ու պատվոգրերը Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիից:
Իր ամփոփիչ ելույթում ԵՄ դեսպանը նշեց, որ չափազանց ողջունելի է, որ ԵՄ սպորտային այս նախաձեռնությանն այսքան մարդ է միացել, և հրավիրեց բոլորին միանալու նաև ԵՄ սպորտային առաջիկա նախաձեռնություններին:
Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի « Գոլֆ բոլորի համար» գրքի շնորհանդեսը, որը տպագրվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ:
Միջոցառումները կազմակերպվել էին Հայաստանի ազգային գոլֆի ասոցացիայի, ՀԱԳԱ գոլֆի ակադեմիայի, Արարատ վալլի քաղաքամերձ ակումբի համագործակցությամբ և ամենամյա դառնալու միտում ունեն:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի հաղորդագրություն