Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Զղջում (պատմվածք)

Հոկտեմբեր 22,2017 17:12

Հրարփին երեկ հուսահատված անջատելով համակարգիչը, առավոտյան անտրամադիր միացրեց այն և բացեց իր էլեկտրոնային փոստը:

Այնտեղ տեսնելով Փայլակի նամակը, շփոթված բացեց այն ու սկսեց արագորեն կարդալ: Նամակը ընթերցելուց հետո, նա ակտիվացրեց իր էլեկտրենային փոստի Compose արկղը և սկսեց շտապ-շտապ տկտկացնել ստեղնաշարի ստեղները՝ գրելով պատասխան նամակը:

Երևի նա այդ մասին երեկվանից արդեն մտածել էր և պատասխանը անգիր գիտեր: Նամակը շարադրելու ընթացքում նա մեկ-մեկ կտրվում էր ընթացքից, նայում էր առաստաղին, հավաքում մտքերը, նորից շարունակում գրել: Գրելը վերջացնելուց հետո, նա մեկ անգամ էլ ընթերցեց այն, որոշ փոփոխություններ կատարեց, ապա սեղմեց Send կոճակի վրա և սպասեց այնքան, մինչև հայտնվեց հաղորդագրությունը այն մասին, որ նամակը ուղարկված է:

«Փայլակ, սիրելի՛ս!! Ների՛ր ինձ, եթե կարող ես: Ես մեղավոր եմ: Ես չպետք է թույլ տայի` այդ աստիճանին հասնելու: Ա~խ, ինչքան հիմարն եմ ես. Մի՞թե հնարավոր չէր հասկանալ, որ այդպես վարվել չի կարելի: Բայց ես դա արեցի…

Ես հիմա էլ գիտեմ, որ եթե ես դառնայի քո կինը, ապա կարող էի ամենաերջանիկը լինել բոլոր երջանիկներից: Ես նախանձում եմ նրան, ով քո կինն է լինելու: Դու ինքդ նույնիսկ չգիտես, թե ինչքան լավն ես: Ես, ուզում եմ գոռալ, ճչալ աշխարհին այն բանի համար, որ ճակատագիրը ինձ այսպիսի բաժին է հանել: Այո, ճշմարիտ է, ես պետք է սպասեմ նրան, ով կհայտնվի իմ կողքին` նույնիսկ իմանալով, որ նրա հետ ես երջանիկ չեմ լինելու: Բայց չեմ կարող նաև ձեռքս պարզել երջանկությանը, որի իրավունքը չունեմ: Բոլորը, ինչպես և դու մտածում են, որ ես լավն եմ, ցանկալի եմ, բայց ոչ ոք դեռ չգիտի, թե ես իրականում ինչպիսին եմ: Եթե դու իմանայիր, թե ես ինչպիսի եսասեր եմ: Ինձ դուր էր գալիս, որ հատկապես ինձ և ոչ այլ մեկի հետ դու լավ հարաբերություններ ունենայիր: Ես չէի էլ ցանկանում մտածել, որ դու հանկարծ կարող էիր սիրահարվել ինձ նմանին: Ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ մեղքս քավել քո առջև: Ես այնքան մեղավոր եմ, այնքան մեղավոր, նույնիսկ ես հիմա ամոթ եմ զգում քեզ հետ հեռակա շփվել:

Փայլա՛կ, թանկագի՛նս, մոռացի՛ր ամեն ինչ, աղաչում եմ քեզ: Ես երջանիկ կլինեմ միայն այն ժամանակ, եթե դու ասես, որ ամեն ինչ մոռացել ես: Պատկերացրու, որ երազ էիր տեսել, իսկ երբ արթնացար, ամեն ինչ անհետ կորել էր: Հասկացի՛ր ինձ և եթե կարող ես, ների՛ր: Կրկին ասում եմ՝ ինչքան դու լավն ես:

Ես այստեղ ինձանից քսան տարով մեծ մի հայ տղամարդու հետ անօրինական ամուսնանալու գործընթաց եմ սկսել, որպեսզի ամերիկյան քաղաքացիություն ստանամ, իսկ հետո ինչ կլինի, չգիտեմ: Ցանկանում եմ ուսումս շարունակել, որ քո արժանի աշակերտը մնամ, հիմա պարապմունքների եմ գնում, որոշ ժամանակ հետո որպես բժշկական քույր պիտի աշխատեմ, իսկ հետագայում արդեն բարձրագույնի մասին պիտի մտածեմ: Առայժմ այսքանը, բարի լույս ու բարի առավոտ»:

Հաջորդ օրը, երբ Փայլակը միացրեց համակարգիչը և բացեց իր էլեկտրոնային փոստը, հաճելիորեն զարմացավ, որ Հրարփին այդքան արագ արձագանքել է իր նամակին: Փայլակը ընթերցեց նամակը մեկ անգամ, ևս մեկ անգամ էլ վերընթերցեց և ոչինչ չէր ցանկանում պատասխանել ու երկար ժամանակ լուռ մտորում էր, ամեն ինչ կարծես ասված էր, ամեն ինչ պարզ էր: Սպանել սերը մեկ հարվածով, մի անգամից, մոռանալ ամեն ինչ, անհնար է, այն ժամանակ է պահանջում, իսկ Հրարփին առավելագույնն էր պահանջում իրենից:

Ու Փայլակը հիշեց իրենց պարապմունքները: Այն ժամանակ նա համոզված էր, որ Հրարփին միայնակ չի կարող հաղթահարել դժվարությունները, հաջորդ օրն իսկ վերջ կդնի պարապելուն: Նա այդ կամքի ուժը չուներ: Նա կգերադասեր փողոցներում աննպատակ թափառել, կինո գնալ, երեկոներում պարել, զվարճանալ, իսկ ինչ-որ մեկը իր փոխարեն նստեր ու պատրաստվեր գալիք քննություններին: Փայլակը կաշվից դուրս էր գալիս` Հրարփիին բացատրելու, որ իրենց պարապմունքները չպետք է դադարեցվեն ինչ-ինչ պատճառներով, որ նա պատրաստ է ժամերով նստել նրա կողքին, բացատրել ընտրված թեման, որ հաճախ նույնիսկ իր հոգնածությունը թաքցնելով` նրան ստիպել նստել սեղանի շուրջ` պարապելու:

Բայց ցավոք սրտի, Հրարփիի համար այդ բոլորը հարաբերական էր, նա համբերություն և համառություն այնքան էլ չուներ: Նրան մի փոքրիկ առիթ էր պետք` պարապմունքը ընդհատելու, այն տապալելու, նեղանալու, խռովելու, կամակորություն անելու համար: Թքած ուներ ամեն ինչի վրա, եթե տրամադրված չէր այդ պահին պարապելու: Իսկ Փայլակը համբերատար կերպով տանում էր ամեն մի խարդավանք՝ հասկանալով, որ Հրարփին միայնակ չի կարող հաղթահարել դժվարությունները: Իհարկե, շտապողականությունը Փայլակի սրտովը չէր, բայց ցանկանում էր գոնե մեկ անգամ ավարտել դասընթացի ծրագիրը, ի հայտ բերել Հրարփիի ունակությունները, իսկ երկրորդ անգամ նյութը միայնակ կրկնելը նրա համար արդեն երևի հեշտ կլիներ:

Հոգու խորքում տագնապելով, որ Հրարփիին անվերադարձ կկորցնի, Փայլակը որոշակի զիջումների էր գնում:

Ինչ փույթ, թե Հրարփին ասում էր Փայլակին, որ չի սիրում նրան, այլ հարգում և համակրում է, բայց այդ ամենը կարող է մի օր փոխարինվել բուռն սիրո: Գուցե Հրարփին խորամանկորեն Փայլակին պահում էր որոշակի հեռավորության վրա` պահուստային խաղացողի դերում, որպեսզի եթե հանկարծ նոր խաղացող ճարվի, նա «վնասվածք» ստացած Փայլակին փոխարինի նոր խաղացողով:

Ե՞րբ առաջին անգամ այցելեց Հրարփիենց տուն, Փայլակը հիմա ճշգրիտ չէր հիշում: Այդ օրը սափրված չէր, աշխատանքային հագուստով էր և հոգնած տեսք ուներ: Բայց Հրարփին, խորամանկորեն համոզեց նրան, որ իր անշուք տեսքը ոչ մեկին չի խանգարի և իր իշխանությունը բանեցնելով` համոզեց այցելել իրենց տուն: Գուցե և դա խորամանկ քայլ էր նրա կողմից, որ Փայլակը իր տանեցիներին ներկայանա ավելի հասարակ և անշուք տեսքով: Փայլակը հնազանդվեց հիպնոսացածի նման, ենթարկվեց` չցանականալով հերթական անգամ սրելու իրենց հարաբերությունները, որի համար Հրարփին միշտ էլ պատրաստ էր և առիթը բաց չէր թողնի:

Հենց դռնից ներս մտան՝ Հրարփին Փայլակին ներկայացրեց տանեցիներին շռայլելով գովասանքի խոսքեր նրա հասցեին:

Նրանցից մեկը Հրարփիի մեծ եղբայրն էր` նիհար, հանգիստ, բարի, մտածկոտ դեմքով, երևում էր մոտալուտ ճաղատության նախանշանները, մասնագիտությամբ ոսկերիչ էր: Մյուսը մայրիկն էր` կարճահասակ, շարժուն, խոսում էր արագ-արագ, բարձր ձայնով` չավարտելով սկսած նախադասությունը անցնում էր հաջորդին, իրեն պահում էր իսկական տանտիրուհու նման, հրամայող էր, աշխույժ: Հաջորդը հարսն էր` սև աչք-ունքով, խելացի դիմագծեւրով: Իսկ մյուսը հայրն էր` համեստ, հանգիստ, լռակյաց, դե զարմիկներն էլ առանձնապես աչքի չէին ընկնում իրենց աշխուժությամբ, երևի քաշվում էին անկոչ հյուրի ներկայությունից: Ճաշի սեղանի շուրջ Փայլակն իրեն ճնշված ու անսովոր էր զգում:

Առաջին անգամ էր նրանց տանը լինում և պետք է նաև ճաշեր: Ավարտելով ճաշը նրանք ներողություն խնդրեցին սեղանակիցներին և երկուսով առանձնացան սենյակներից մեկում, որտեղ Հրարփին առաջարկեց իր ֆոտոալբոմները թերթել:

Ալբոմում բազմաթիվ անծանոթ դեմքերով ֆոտոնկարներ էին, սակայն շատերի հետ երևեւմ էր Հրարփիի մասնակցությունը: Ահա նա, նոր շրջազգեստը հագին, նայում է հանգիստ ու նազանքով, կազմվածքը հաճելի է, մի քիչ գիրացած, տխրություն կա դեմքին: Զարմանալի է, մի՞թե նա այդպես գեր է եղել մի ժամանակ: Սա նույնպես ինքն է` մատին ոսկյա մատանի, հպարտ, իշխող հայացքով, կարծես աշխարհի կեսն իրենն է, մյուս կեսն էլ խոստացել են վաղը նվիրաբերել:

Քիչ անց Հրարփին նստեց Փայլակի կողքին և հարցրեց.

-Հը, ո՞նց են, որևէ բան կգրե՞ս հիշատակի համար, ա՛յ, այստեղ,-մատով ցույց տալով ալբոմի դատարկ տեղը:

Փայլակն էլ, առանց հապաղելու, գնդիկավոր գրիչը հանեց պիջակի ծոցագրպանից և անմիջապես գրեց ու ստորագրեց.

Աշնան ցուրտ օրին դու ինձ հյուր եկար

Ու արթնացրիր մտքերս տկար:

Դու՛, իմ բաղձալի, իմ մտքի նկար,

Խնդրում եմ` մնա, մնա դու երկար…

Հրարփին կարդաց ոտանավորը, զարմացած ժպտաց Փայլակին, որ այդքան արագ նա կատարեց իր պահանջածը և առանց խորանալու դրա իմաստի մեջ, շնորհակալություն հայտնեց ու սկսեց.

-Այս նկարը ինձ ուղարկել են Գերմանիայից, երիտասարդը գերմանացի է, կատակասերի մեկն է, հետաքրքիր նամակներ էր գրում, հիմա դադարեցրել ենք նամակագրական կապը, տրամադրություն և ժամանակ չկա գրելու:

-Իսկ այս մյուսը՝ Լեհաստանից են ուղարկել, իսկ սա… Հրարփին ամեն մի ֆոտոնկարին անդրադառնալիս, որևէ հետաքրքրական բան էր հիշում ու պատմում:

-Գիտե՞ս, Հրարփի, ես էլ, երբ դպրոցական տարիքի էի, սիրում էի նամակագրական կապ հաստատել տարբեր երկրների իմ հասակակիցների հետ` օգտագործելով մոսկովյան «Պիոներսկայա Պրավդա» թերթի հնարավորությունները, բայց այդ նամակները մի օր, չգիտես` ինչու, ոչնչացրի, որի համար հիմա շատ եմ զղջում: Իմ ծանոթները միայն աղջիկներ էին, քոնը, ընդհակառակը՝ տղաներ: Իմ կարծիքով` վատ բան չէ աշխարհի տարբեր մասերում ծանոթներ ունենալը,-եզրափակեց իր խոսքը Փայլակը:

Արդեն ուշ ժամին Փայլակը քաղաքավարի հրաժեշտ տվեց տանեցիներին և դուրս եկավ շքամուտք: Հրարփին նրան ուղեկցեց մինչև ավտոբուսի կանգառ: Քաղաքը փայլփլում էր լույսերի մեջ, մոտակայքում երևում էր հսկա հրապարակը` իր աշխատող շատրվաններով, իսկ հեռվում առանձին տեղերում երևում էին գովազդագրերը: Ահա և սպասվող ավտոբուսը: Նրանք բաժանվեցին առանց ձեռք սեղմելու և համբուրվելու: Իրենք ընկերներ էին, միայն ընկերներ, հասկանու՞մ եք: Բայց Փայլակը զգաց, որ արդեն մինչև ականջների ծայրը սիրահարված է Հրարփիին ու այս մտքերով էլ տարված՝ նա տուն հասավ:

Այս ամենը հիմա Փայլակը հիշեց ու ցավ զգաց, որ դաժան իրականությունը նրանց բաժանեց այն ժամանակ, երբ ինքը հավատում էր, որ Հրարփին իրենը կլինի, բայց հիմա նա հեռու ամերիկաներում ի՞նչ բախտի կարժանանա, հայտնի չէ:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031