ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում մեկնարկել է երկօրյա սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար: «2018 թվականի պետական բյուջե» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային կանոնների վերանայմանն ու արդիականացմանը, հաջորդ տարվա բյուջեի մակրոտնտեսական շրջանակին, այդ թվում` արտաքին աշխարհի զարգացումներին, ՀՀ մակրոտնտեսական զարգացուﬓերին և կանխատեսումներին, եկամուտների և ծախսերի շրջանակին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է մեկ տոկոսային կետով: «ՀՆԱ-ում շուրջ մեկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում:
Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին ըստ գնահատականների, որոնք հիմնված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա,մեկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,- պարզաբանել է նախարարը: Աշխարհի տնտեսությունները ճգնաժամին արձագանքել են խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում ճգնաժամից հետո աճել են կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլային, մինչդեռ նախքան 2009 թվականի ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող: Ընդ որում, ճգնաժամից հետո հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից պետական ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի մասով: Ոսկե կանոնը, ըստ Հայրապետյանի, սահմանում է, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն պետական բյուջեի պակասուրդից: Հայաստանի պետական ներդրումները գտնվում են հարաբերականորեն ցածր մակարդակում: Արդյունքում, պետական պարտքը 2016 թ. գերազանցել է 50 տոկոսը: Ըստ կանխատեսվող ցուցանիշների` նախատեսվում է 2022թ. մակարդակն իջեցնել` մոտեցնելով 40 տոկոսի: Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը:
Հիսուն տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Այս կանոնների պահանջների չհամապատասխանող` կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է: Այս կանոնները, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի մեծ դեր տնտեսության կայունացման հարցում: Բացի այդ չեն նախատեսում բացառություններ, օրինակ` ճգնաժամ, աղետ, պատերազմ: Այս առնչությամբ նշվել է, որ ցնցումների դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն կգնա օրենսդրական փոփոխություն:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին